Skip to main content

Posts

Showing posts from 2014

տիեզերագործ

Նվիրեք ինձ Մեկին Ով դուրս է Ինքն իր գլխից, Իր հիշողություններից Ով չի ներառում ինքն իրեն իր մեջ Ով դուրս է իր դեմքից Ու չունի պարունակություն Չունի սեռ ու տարիք Չունի կենսագրություն Ով դեռ ոչ մի անգամ չի լսել և ոչ մեկին Ով երբեք ոչինչ չի սկսել ու մինչև վերջ չի հասցրել Ով չունի ընկալում, Ոչինչ չի տեսնում Ոչնչի ընդունակ չէ Ոչինչ չի սիրում Ոչ մեկին չի խղճում Ու երբեք, երբեք Ցավ չի զգացել Ասեք ինձ տեղը նրա, Ով տեղավորված չէ Ինչ-որ մի տեղ Ու դուրս է Մթնոլորտից Մոլորակներից ու արբանյակներից Տեղավորված չէ ոչ մի տեսակի Տիեզերքում Ով նույնիսկ տեղավորված չէ Ինքն իր ներսում Ով չունի պատեր կամ եզրագծեր Չունի բովանդակություն, Հստակություն Անտեսանելի է Անհոտ, անհամ, չներծծվող Անդեմ է Չունի տևողություն Չունի պայմանականություն Չի շարժվում Բայց ոչ էլ քարացած է Չի աճում ու չի շնչում դուրս է ժամանակից Տարածության մեջ տեղ չի զբաղեցնում Չունի զանգված, կշիռ, չափ Ոչմիբանի հետ փոխկապակցված չէ Ոչնչից կախված չէ Ու ոչ էլ ինչ- որ բան է իրենից կախված Միակ բանը, որն ունի Դատարկությունն է Անկշիռ,  անտեսանելի ու անս

Թաթեր

     Դա ցեխը չէր լպրծուն ու թաց:     Անձրևի չլմփոցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել քայլերը:     Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր ոտքերը:     -Պայմանավորվեցինք: Ով շուտ վերջացնի` կստանա կոշիկը:     Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին: Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր  ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:     Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից: Հինգ զույգ ոտքեր իրար չէին զիջում դողալու ու սրթսրթալու իրենց հմտությամբ: Մի քանի կոշտացած ձեռքեր շարժվում էին մեծ բավականությամբ: Իրենցից ավելի խ

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա