Skip to main content

հարցազրույց


[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ]


Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :)))


Մարին սկսում ա  տակից դուրս գալը` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]  

Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հետո կապվեցի անվանս հետ ու էդպես մնաց: Նախ ասեմ, որ Վոլտերան սկզբից իմ ալտեր էգոի անունն էր, հետո ինքը որոշեց, որ հոգնել ա անընդհատ ինձ հետ լինելուց ու առանձնացավ ինձնից, դարձավ բացարձակ առանձին ու անհատական գոյություն, բլրակս ձեռքիցս խլեց , ինձ բրախեց երկիր ու հիմա հազարից մեկ էլ չեմ կարողանում երեսը տեսնել :Դ  [Մարին առիթը չի կորցնում Բլրակի անունը տալ ]



Սյուն` Մար, դու կամ միակն ես, կամ էլ քչերից մեկն ես, ով գրում ա միստիկայի ժանրում: Ինչպե՞ս ես ընտրել ժանը, հասկացել, որ ՛՛քոնն ա՛՛ : 


Մար` Ասեմ, որ ես չեմ գրում միստիկայի ժանրում...ես զառանցում եմ միստիկայի ժանրում: [խինդ մը, ծիծաղ մը ], իսկ եթե ավելի լուրջ իմ ու միստիկայի կապը շատ վաղուց էր սկսվել, պարզապես ես դրա մասին տեղյակ չէի: Մանկուց էլ հետաքրքրվում էի առեղծվածներով, ուրվականներով, գերբնական ուժերով, մութ բաներով, պատի անկյունում ապրող ու չերևացող արարածներով: Հենց փոքր տարիքից էլ միշտ զգացել եմ թիկունքումս անտեսանելի , բայց շնչող ուժ, ես իր հետ շատ էի կապված, չնայած որ ավելի շատ բացասական ուժ էր, ինձ քամում էր...հետո, երբ որ մի քանի տարի առաջ ծանոթացա իմ երկրորդ թթվածնի հետ , ամեն ինչ իր տեղն ընկավ: Հասկացա, որ ինքն իմն է, դժվար թե երբևէ մոռանամ էդ վեցտառանոց բառը ` գոտիկա. Ու ինքն ինձ ծանոթացրեց Վոլտերիս հետ, իմ իսկական կերպարի: Միստիկան ուղղակի իմն ա, որովհետև ես դրանով եմ ապրում, իմ գլխի մեջ էլ ա միստիկա, քայլերիս մեջ, իմ վրայից միստիկայի հոտ ա գալիս, ես իրան շնչում եմ, խորը քաշում եմ թոքերս ու հետո արտաշնչում նորից իրեն..էդքանից հետո պարզ ա, որ ես նաև իրեն գրում եմ, ինչ էլ որ գրեմ, գրածս թաթախում եմ միստիկայի կորիզներով պատրաստված մուրաբայի մեջ, նոր գրում եմ: Բացատրեմ, թե ինչ ա ինձ համար միստիկան... չերևացողը, որը չի երևում, բայց ես հոտը զգում եմ, համը զգում եմ, լսում եմ իրեն..ամեն տերևի , կոճղի վրա ինքը կա, որովհետև ինքը չի երևում, ինքը մարդկային կյանքին շատ կիպ, բայց զուգահեռ շերտ ա, էն որ քեզ քսվում ա, այ էդքան մոտ ա ինքը մարդկանց աշխարհին, բայց էնքան նուրբ շերտ ա, որ քչերն են զգում , թե ոնց ա քթիդ տակով անցնում, քչերն են լսում, ոնց ա հետևումդ փռշտում, քեզ մատով կպնում......բայց ես զգում եմ իրեն, դրա համար էլ ինքն իմն ա:


Սյունե` Ի՞նչն ա ոգեշնչում հանդիսանում միստիկ գրվածքների համար: Ունե՞ս քո ստեղծած սիրած կերպարներ, որոնք բոլորից առանձնահատուկ ես սիրում:


Մարի` Տարօրինակ ա, բայց ինձ ոգեշնչում են մարդկանց մարմինները, իրենց աչքերը, ուրվագծերը, պարանոցը, ձեռքերը, կոնքերը: Ես մարդուն շատ եմ սիրում առանձնացնել ինքն իրենից, մոզայկա եմ սարքում, այ էդ մոզայկայի առանձին կտորներն են ոգեշնչում, առանձին դետալները, երբեք ամբողջական լիարժեք բանից չեմ ոգեշնչվում: Բայց հիմնական ոգեշնչման աղբյուրը, էդ գրունտային ջրերը ներսումս են: Վերջերս շատ եմ ոգեշնչվում իմ մասնագիտական առարկայից` աշխարհագրությունից: Շատ գեղարվեստական գիտություն է ինքը, որովհետև իր մոտ դետալները չափից դուրս շատ են, ամեն մի դետալ մի պատմվածքի թեմա է: Աշխարհագրությունն իմ գեղարվեստական պատկերացումների նյութականացված տեսակն է, ոնց որ ինքը մատերիա է սարքում էն, ինչ որ կա իմ ներսում` անձև գծերի ու պատկերների տեսքով: Աշխարհագրություն, եթե դու հիմա ինձ կարդում ես, ուրեմն ..արի պաչեմ քեզ:

Ես չունեմ ստեղծած կերպարներ, ես ունեմ մեկ հատ կերպար, ընդամենը մեկը: Իմ բոլոր գրառումներում ինքը կա, քիթն ամեն տեղ խցկում է: Եթե իրեն կերպարավորեմ, ապա գզգզված մազերով, անդրոգեն կերպար է, որ երբեք էլ չես հասկանա տղա է, թե աղջիկ: Ինքը շատ տռագիկոմեդիկ կերպար է ու վտանգավոր է դիմացինների համար: Լացելու, նվնվալու հետ սեր ունի, կատվի եղունգներ ունի ու մինչև հիմա չի կողմնորոշվել` իրեն տղաներն են դուր գալիս, թե աղջիկները,. Երևի ավելի շատ իգական սեռը, որովհետև իմ բոլոր ռոմանտիկ գրառումներում էն կերպարը, որին սիրահարված եմ, զուրկ է առնականությունից, նրբիկ է, սպիտակ ու անմազ մարմին ունի:

Կան երկու հոգի, որից ես ոգեշնչվել եմ ու շարունակում եմ ոգեշնչվել: Առաջինը Դրաուն է, օտտօ դիկս խմբի անդրոգեն սոլիստը, ինքը հիմնականում ոգեշնչում է մարմնական, կիսաէրոտիկ գրառումներիս, չնայած դրանք շատ չեն [էս աչքիս Սյունեն չդնի կայք, վերջապես Հայաստանն է սա :D], երկրորդը Աննա Վարնի Կանտոդեան է ` Sopor Aeternus խմբի սոլիստը, իմ ստեղծագործական սերերից ամենան.... ինքն էլ ոգեշնչում է իմ զառանցանքները, հիվանդ նոտաներով ու մինորական գրառումներս, որոնք ինձ համար ամենաթանկն են: Եթե հնարավորություն ունենայի, իրեն կառևանգեի ու էլ բաց չէի թողնի: Իրականում Աննան շատ դրամատիկ ու խոցելի կերպար է, շատերի համար այլանդակի մեկն է, հոգեկան շեղումներ ունեցող մեկը, բայց ինձ համար շատ հարազատ ու թանկ մեկն է, որին երբեք չէի ուզի կորցնել:


Սյունեն բա` Ինչքանո՞վ են ընթերցվում քո գրվածքները Հայաստանում, միստիկան մեզ մոտ մարդացվու՞մ ա: Ի՞նչ արձագանքներ կան


Մարին էլ թե` Սյուն, եկանք ինձ համար խոցելի կետի...ես չգիտեմ կարդում են ինձ , թե չէ, բլոգիս հաճախումների թիվն էդքան էլ շատ չի, գրառումներիս հազվադեպ են արձագանքում: Կարծում եմ միստիկան էն ժանրերից է, որ հա, ինչքան էլ սահմանափակում է ընթերցողների քանակը, բայց մեծացնում է  այլընտրանքային գրականությունը` որակային առումով ու հնարավորություն է տալիս մյուսներին ոգեշնչվելու: Բայց թե ինչ է կատարվում ինձ մոտ` ես չգիտեմ: Իհարկե կուզեի ունենալ ընթերցողների բավականին մեծ քանակ, որոնք ոչ մի գրառում բաց չէին թողնի, կարձագանքեին, հետս ընկերություն կանեին, բայց դա ինձ համար երկրորդ պլանում է: Չնայած եթե վերջում պարզվի, որ այսքան ժամանակ ինքս ինձ եմ միայն զառանցել ու ոչ ոք հավես չի արել դրանք կարդալ, երևի ամենաքիչը հիստերիա սկսվի մոտս:


Սյուն` Ըստ քեզ, ի՞նչ ա պետք լավ միստիկա գրելու համար, ու ինչի՞ օգնությամբ ես դու լավացնում քո ձեռագիրը:


Մար` Լավ միստիկա գրելու համար պետք ա երևակայությունը զարգացնել, աշխատել զգայական համակարգի վրա, աշխարհին նայել ոչ աշխարհիկ շերտերից, տեսնել չերևացողը...ոչ միայն տեսնել, նաև զգալ գոյություն չունեցող բաներ, էնքան ուժեղ զգալ, որ դրանք ստիպված, քո զգալու խաթեր, սկսեն գոյություն ունենալ: Դե երևի մեկ էլ շատ կարդալ, շատ ֆիլմեր նայել, բնության հետ շփումը մեծացնել...երևի սրանք ընդհանրապես գրելուն էլ էին վերաբերում, ոչ միայն միստիկա գրելուն: Ձեռագիրս լավացնում եմ ոգեշնչման աղբյուրներիս շնորհիվ, որոնք կարող են լինել ոչ միայն մարդիկ, այլև գրքեր, առարկաներ, համեր , հոտեր ու անգամ կենդանիներ: Բայց նաև պետք չի մոռանալ սովորական մարդկային պայմանների մասին` աշխատասիրություն, կամքի ուժ, վստահություն, համբերություն:


Սյունեն փորձում ա եզրափակել զրույցը`  Մար, եթե ավելացնելու բան ունես, դա էլ գրիր, ավարտենք


Մարին ավելացնելու բան ունի` եթե հնարավորություն լիներ, կուզեի դառնալ անոմալ երևույթներ բացահայտող կամ վատագույն դեպքում էքզորցիստ: Չնայած հասկանում եմ, որ հերթական զառանցական մտքերս են: Ու մեկ էլ շատ կապված եմ երազներիս հետ: Եթե հնարավորություն ունենայի, կքնեի ու էլ չէի զարթնի, կմնայի երազներումս, որովհետև իմ բոլոր սիրելի ու հարազատ մարդիկ, ընկերներս երազներից են: Էստեղ իրենք չկան ու երբեք իրավունք էլ չեն ստանա լինելու:


Ապրի Սյունեն

Ապրեմ ես

Comments

  1. Ապրեք երկուսդ էլ՝ բոլոր տարբերակներում։

    ReplyDelete
  2. Ափսոս վերջացավ...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը