Skip to main content

Posts

Showing posts from March, 2015

Գլխի ծառ

Ձախ քթանցքից անգույն հեղուկն առանց դադարի հոսում է: Դրան էլ գումարած քրտինքի կաթիլները, որոնք մտնում են մարմնի մեջ ու տաքացնում: Միակ պատկերը, որը կարողանում է առանց ավելորդ ջանքերի ու ճշգրտությամբ ընկալել, սարդոստայնն է` դիմացի պատին տարիներով մեխված: Փակում է աչքերը` ցանցը ծալվում է ու գնդի վերածվում, բացում է թե չէ` ընդարձակվում է պատով մեկ: Պատի միակ փորված անցքից դուրս են թափվում սարդերը` տարբեր չափսերի, տարբեր տեսակների: Աչքերը ջրոտվել են, թարթիչներն իրար միացել,  դա դժվարեցնում է աչքն ամբողջությամբ բացելը: Երեք հարկանի տան բարձրության մտքեր են հավաքվել գլխում` առանձին բառերի, կոչականների ու նշանների տեսքով: Հազիվ է փորձում դրանցից նախադասություններ կազմել, երբ գլուխը շարժելուն պես կորցնում է դասավորությունն ու ստիպված նորից սկսում: Գլխի կենտրոնից հսկայական ծառ է աճել ու դեռ շարունակում է վեր բարձրանալը, արմատները կպել են մազերին ու աճելուն համընթաց քաշում են, բայց չեն կարողանում պոկել: Եթե կարողանա այդ պահին մտաբերել, թե ինչ տեսք ունի գլխին հենված ծառը, միգուցե ստացվի խանգարել

քո լույսի տակ

Քո լույսի տակ Ոնց որ արևի շողքը Ձմեռվա մաշկին հենված. Էդ ներքևներում Միջատներից էլ խորը Ծվծվոցի ու իր խլանալու միջև ընկած տարածքում Կսպասես ինձ, չէ՞ Մեկ էլ ցուրտ սիրող Գարնան ծաղկից կհարցնես Թե ինչ բան ա հույսը Ինչ վախենալու՜ Ոնց ասեմ քեզ զգացածս Եթե էդ քո ներքևներում Խլացնում ես ամեն տեսակ Թկթկոցներ ու կտկտոցներ Իսկ բառերդ արմատներ են գցում Իրար հակառակ Նվիրածդ ձմեռվա մաշկից վերցրի Առանց մուտք գործելու Քո էդ տեղը Ուր դու վեր ես ածվում ոտնահետքի` Մի քանի րոպե տևողության Ու չես հայտնվում մինչև իմ գալն Ու քեզ քաղելը Կանաչ լույսին անծանոթ Բառերս թարս արձագանքող Մամռոտած քո էդ ներքևներում Տենց էլ չսպասեցիր ինձ` Մինչև սառած ծաղիկ դառնալս Չհասցրի անգամ համն առնել Ձմեռվա մաշկից վերցրած Քո նվիրածի: