Skip to main content

Posts

Showing posts from October, 2016

Պատյան

Երեկ գիշերվա կեսին զգացի, թե ոնց է փողոցի շարքային գողերից մեկը տուն ներխուժել: Ալարեցի տեղերիցս վեր կենալ ու միջամտել գործին: Սուսուփուս ինչ-որ պետքն է կատարել էր ու առանց հետք թողնելու հեռացել: Լուսադեմին արթնացա, մանրակրկիտ ստուգեցի ողջ սենյակը, առանց որևէ ծակուծուկ բաց թողնելու: Ուզում էի պարզել, թե ինչ է հետը տարել, թե սենյակիս որ մի հատվածին է ուշադրություն դարձրել գիշերային այցելուս: Ու այդպես էլ ոչինչ գողացված ու իր տեղից դուրս տարված չգտա: Ամեն ինչ իր սովորական տեղում էր՝ սեղանիս թղթերի վրա դրված կես բաժակ սոդայաջուրը, որ ամեն առավոտ ստամոքսիս համար էի խմում, կրծոտած խնձորը, դեղնած ու մահամերձ մուկը պատի անկյունից, ճռռացող աթոռակս. ողջն իրենց տեղում էին: Ուրախացա ու շարունակեցի նույն կյանքով ապրել՝ ինչպես նախկինում: Ստամոքսիս ցավն էր անգամ վերացել: Ու երբ մի անգամ բժշկին այցելեցի ու խնդրեցի մի լավ ստուգել՝ ոտքից գլուխ, ինձ պառկեցրեց, ստուգելու ընթացքում երկար-բարակ մտածեց, հետո ժպտաց, ծիծաղեց, լաց եղավ, անգամ՝ հեկեկաց. ամեն ինչ արեց՝ բացի ինձ բացատրություն տալուց: Հետո հարցրի՝

ու մի քիչ էլ՝ գրելու մասին

Երբեմն, բավականին հաճախ նույնիսկ, պիտի հարգել մեր մեջ ապրող անտաղանդ գրողին, իրեն գրողի տեղ դրած նվնվիկ մարդուն, գրել ձևացնողին, ժամերով սպիտակ էկրանին նայող ու դատարկության մեջ լող տվողին. եթե չլիներ ինքը, մեր ձեռքերի շարժումը ոչ մի վայրկյան դադար չէր տա ու մի օր սպառվելու աստիճան կթուլանար, մենք էլ շնչահեղձ կլինեինք գրողներին հատուկ գերլցված պարկի զգացողությունից: Կուտակվելուն պիտի ժամանակ տրամադրել, ներքին քաոսի պայմաններում չպիտի գրել, զոռով չպիտի գրել, ծննդաբերելուն  բնորոշ ցավերի մեջ չպիտի լինել գրելու ընթացքում, չգրելը որպես անեծք չպիտի դիտարկել, այլ շնորհված ժամանակ՝ մի քիչ ապրելու, ընթրելու, սիրելիների հետ զրուցելու: Որովհետև գիտենք, որ ամենավերջում, մեկ է՝ պիտի գրելուն հանգենք, անընդհատ շրջապտույտի մեջ գտնվող գնացքին, մեզ տանջամահ անողին, գիտենք, որ բոլոր քայլերի վերջը միշտ գրելն է, ու վերջից էլ հետո՝ ապրելու էն մյուս կողմում, շարունակությունն ու անվերջությունը էլի գրելն է:

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն է նա