Skip to main content

***


Երեկ իմացա, որ Էլն է մահացել: Քույրն էր զանգահարել, էն բորբոսնած ձայնովը, որ տարիներ առաջ ինձ մեղադրում էր Էլի հիվանդության մեջ: Եթե գլխավոր պատճառն էլ չես, ուրեմն հաստատ մասնակցություն ես ունեցել՝ ասում էր: Էդ ժամանակ չէի հասկանում, թե ինչն է սարսափելի քրոջ ձայնում, քաղցր ու փտած ձայն էր, ասենք մի քանի ամսով ժամկետն անց քաղցրավենիքի պես: Բայց երեկ գտա ճիշտ բառը՝ բորբոս: Հեռախոսը հենց վերցրի, վրա տվեց անմիջապես՝ տխուր լուր է, թե չէ, համենայն դեպս հաստատ անբարենպաստ քեզ ու թվացյալ խղճիդ համար, Էլը մեռավ էսօր, շունչը փչեց աչքիս առաջ: Չգաս թաղմանը, երեսդ չտեսնեմ էնտեղ: Կասկածում էի, բայց հիմա վստահ եմ, որ անգիր արած տեքստ էր: Անբարենպաստ, թվացյալ խիղճ: Էդ քոլեջը կիսատ թողած, երկու անգամ աբորտ արած մսակտորին որտեղից նման բառապաշար: Տվել է մեկին, որ գրի: Էլը չկա, իսկ ես իր քրոջ մասին եմ մտածում, էն էլ ինչ նողկալի բաներ: Բայց հիմա էլ հո չե՞մ սգալու, սև հագնեմ, ռեքվիեմ միացնեմ լսելու: Էլը երբ կա՞ր որ, հիմա էլ մեռել է: Ե՞րբ մեռած չէր: Ուղղակի հիմա պաշտոնապես էլ չկա, տեսականորեն: Այսինքն հաշվից դուրս է, գնաց-միացավ ներքևներին: Վերջ, էլ իր մասին ներկա ժամանակով չեն խոսելու, կասեն՝ էր, արեց, անում էր, անելիս էր, երբ էսպես-էնպես: Ներկան կսահմանափակվի Էլը չկա-ով: Էլը մեռած է կամ Էլը հիմա ներքևում մի տեղ է, Էլը հողում է կամ Էլը հողն ինքն է արդեն:

Ինչի՞ չեմ կարողանում հարկ եղածի չափ տառապել, մազերս պոկել չեմ ուզում, գլուխս պատին հարվածել՝ առավել ևս: Չեմ ուզում եղունգներով ճանկռել ձեռքերս, չեմ ուզում, բայց պիտի ուզեի ախր, պարտավոր եմ ուզել: Մի քանի տարի առաջ Էլի մի քիչ կոպիտ խոսքից արդեն ուզում էի ճանկռել դեմքս, իսկ հիմա Էլը չկա, ու ես ինձ վնասել չեմ ուզում: Չեմ էլ վնասելու: Հիմա կիջնեմ զբոսնելու, Նևռոզին էլ հետս կիջեցնեմ: Էդ կասկածելի անվանումով արարածը հարևանիցս է մնացել: Ո՞նց եկավ էդ աշուն, խնդրեց մի քանի օր հետևեմ կենդանուն, ասեց՝ Նևռոզիկին, վատացա, որ լսեցի անունը: Գիտեի, որ տարօրինակն է, շատ էին խոսում իր մասին, բայց Նևռո՞զ, էն էլ էդ անմեղ փափկամազիկի՞ն: Մի խոսքով մի տարի է՝ հարևանս չկա: Իսկ Նևռոզը հետս է, դե կապվեցի, գիտեք էլի: Հիմա որ գա, կասեմ՝ սատկել է կամ էլ կասեմ՝ սա իր ձագն է, պատուհանը բաց էր, թռավ ծառի վրա մայրիկը ու կորավ:

Բայց ախր Էլն է մեռել, շունչը փչել՝ կասեր էն բորբոսաձայնը: Գոնե լաց լինեմ մի քիչ, թեկուզ ուրիշ պատրվակով, գոնե մի օր աչքերս պիտի թաց լինեն, ախր Էլը..



Հունվար, չորեքշաբթի առավոտյան


Սպանում է ինձ էդ դևը, փորը մի գրամ խիղճ չկա: Ինձ երեկ ասում էր՝ եթե ինձ շատ խնդրես, քեզ կօգնեմ ինքնասպանության մեջ, մի քիչ դժվար կլինի ինձ համար, բայց գոնե կիմանամ, որ հանգիստ ես, քո ափսեի մեջ:

Չի՞ հասկանում, որ եթե ասում եմ, թե կախվել եմ ուզում, դա չի նշանակում՝ Էլ, աթոռ ու պարան կճարե՞ս, դա նշանակում է՝ Էլ, իրականում ուզում եմ, որ ինձ հետ համոզես: Բայց նա ամեն ինչ էնքան բառացի է հասկանում, որ գժվելս գալիս է: Իսկ եթե իրո՞ք կախվեմ, ինչ կա որ: Եթե իրո՞ք աթոռ խնդրեմ իրենից, ասեմ՝ ոչնչով օգնել չկարողացար, գոնե աթոռը քո կողմից, լավություն արա:


Արդեն մի քանի ժամ է, մեռնում եմ ստամոքսի ցավից: Երեկվա շատակերության արդյունքն է, Էլը կապ չունի էստեղ: Ո՞ր օրվանից է մահը ստամոքսի ցավեր առաջացնում: Օրենքով պիտի սիրտս ցավար, հետո ցավից կծկվեի ու սկսեի բարձր ձայնով լացել, գոռալ: Ստամոքսի ցավը հեչ չի սազում մահվանը: Սա կյանքին բնորոշ ցավ է, կենցաղային, հասարակ:



Օգոստոս, կիրակի երեկոյան


Էլին եմ սպասում, ինչ-որ անակնկալ է պատրաստել: Մի քանի շաբաթ է սրան եմ սպասում, հիմա ժամը եկել է ու Էլը չկա: Էլ, եթե փչացրել ես օրս, քեզ չեմ ներելու: Եթե էնպիսի անակնկալ չեղավ, որ ամբողջ կյանքումս կհիշեմ, էլի չեմ ներելու:

Արդեն մի քանի ժամ է, ինչ էլը չկա: Եթե սա է անակնկալը, ուրեմն չստացված է. իր չգալը էնքան սովորական բան է: Ե՞րբ եկար, Էլ, որ հիմա գաս:


Արդեն մի քանի ժամ է անցել, ինչ իմացել եմ Էլի մահվան մասին: Չեմ ուզում իր անունը տալ, մահացածների հետ մի քիչ զգույշ է պետք վարվել, ամեն առիթով հո չե՞մ ասելու՝ Էլը: Սրանից հետո կասեմ հանգուցյալը, նախկին Էլը: Էլը, որ ժամանակին կար: Կար չկար մի Էլ կար: Չեմ շարունակելու, գոնե այսօր չցինիկանամ: Էլի մահվան օրը լաց չլինելը սարսափելի մեծ մեղք չէ, բայց ցինիկանալ իրոք չարժի: Պիտի զսպեմ ինձ: Ավելի լավ է հիշեմ միասին անցկացրած օրերը: Մի քիչ կտխրեմ, հետո կանցնի-կգնա: Բայց հիշելու բան էլ չկա առանձնապես: Լավ, ասենք մի ամսով հանգստանալու էինք գնացել Նորվեգիա, դա հեչ, ես ու ինքը գիշերել ենք անտառում, ինչ կա որ, դրանից հետո շատ անգամներ մենակ եմ գիշերել կամ ընկերներիս հետ, մեծ բան չէ: Բարձերով իրար ենք ծեծել, կոլան լցրել եմ վրան. հիմնականում սա էր, մյուս բաները շատ աննշան են: Սիրտս խառնում է անցյալը հիշելուց, կարծես թե եղածից շատ ջանք եմ թափում՝ առողջությանս հաշվին: Վաղվա օրվա մասին մտածեմ, իսկ Էլը չկա վաղվա մեջ ու դա արդեն լավ է: Ստամոքսս հանգստացավ:



Սեպտեմբեր, երկուշաբթի առավոտյան


Էլը սունկ հավաքելու է գնացել, չթողեց միանամ իրեն: Դու չես տարբերում թունավորները ուտելիներից, տեղդ նստիր՝ ասեց: Ուզում եմ ոտքերն ընկնել ու աղաչել, որ հետս մարդավարի վարվի, ուզում եմ բացատրել իրեն, որ, ինչքան էլ իրեն զարմանալի թվա, իմ երակներով էլ է արյուն հոսում, ես էլ եմ շնչավորների շարքը դասվում, իսկ էդպիսիններին ցավ պատճառել չարժե, այսինքն գոնե չափավոր, տանելի: Չգիտեմ՝ կհասկանա՞: Թե միայն թունավոր և ուտելի սնկերից է գլուխ հանում:


Նևռոզը գժվել է, տեղը չի գտնում: Խոհանոցը տակնուվրա է արել, հիմա էլ չեմ գտնում իրեն: Կարո՞ղ է իմ փոխարեն տառապում է, որ ես ինձ շատ վատ չզգամ: Ի՞նչ տարբերություն մեզնից որ մեկը տառապի, կարևորը մեր կողմը ինչ-որ մի բան արած լինի: Գոնե տրորեմ աչքերս, որ կարմրի: Տառապանքը Նևռոզի կողմից, անքուն գիշերն՝ իմ: Վաղն արդեն պարտականությունը կատարված կլինի, հանգիստ կկարողանամ ապրել:



Մարտ, երեքշաբթի


Արդեն մի շաբաթ է, ինչ Էլի մասին եմ մտածում: Հիմա էլ կասկածներ չունեմ՝ ինքն է, ամբողջ կյանքումս իր պես մեկին եմ փնտրել: Ուղեղիցս դուրս չի գալիս, ախր ընդամենը երկու անգամ եմ տեսել: Քիչ բան գիտեմ իր մասին, գիտեմ, որ բուսաբան է, որ սունկ ուտել չի սիրում, որովհետև չի համարձակվում բերանը տանել մի բան, որն ուսումնասիրելով է զբաղված: Ընկերներն էլ են հետաքրքիր տպեր, մեկը մյուսից փախած: Ինձ լավ եմ զգում իր կողքին: Հա, քույր էլ ունի, հաճելի աղջիկ է, ոնց որ թարմ քաղցրավենիք լինի: Բայց ինձ Էլն է գրավում: Եթե պիտի ինչ-որ մեկի հետ ամբողջ կյանքումս մնամ, ուրեմն Էլը:



Մարտ, անձրևոտ օր


Էլ, Էլ, Էլ, Էլ, էլ.... լցվել է մեջս անունը, ամբողջ օրը դա եմ կրկնում՝ Էլ, Էլ, Էլ, Էլ, Էլ....ե՞րբ եմ էսքան երջանիկ եղել



Ե՞րբ եմ էսքան դատարկ եղել: Էլը չկա, Էլը մեռած է ու ոչ մի տեղս չի ցավում: Ե՞րբ սովորեցի առանց Էլի ապրել: Աշխարհի ամենաբարդ բանն էր թվում ինձ, իսկ ես յուրացրի էդ հնարքը՝ առանց գիտակցելու դրա մասին: Էլը չկա ու ամեն բան իր տեղում է, իր մշտական տեղում: Գնամ, Նևռոզին կերակրեմ, մլավում է:

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը