Skip to main content

Ռոբը


Վոլտերայի, ivy-ի ու LisBeth-ի համատեղ պատմվածքը


Ռոբն ընկերներիցս ամենահնամաշ հագուստ կրողն է ու առավոտյան ամենաուշը արթնացողը։ Ռոբի մազերն ամենաշատն են թափվում, իսկ ձայնն ամենախռպոտն է։ Մեր ընկերական շրջապատում Ռոբն էլի մի շարք գերադրական հատկանիշներով է առանձնանում (օրինակ` ամենաքչակերը, ամենահնչեղ ծիծաղն ունեցողը), բայց եթե անգամ բոլոր այդ ամենաները իրար գումարենք ու մի ամբողջական պատկեր ստանանք, միևնույն է, դա չի կարող համեմատվել Ռոբի ամենատարօրինակ սովորության հետ. Ռոբը վախեցնել է սիրում։ Եթե գիշեր է, Ռոբը հաստատ անկողնուց դուրս մի տեղ է ու զբաղված է բոլորիս սրտաճաք անող ձայներ արձակելով։ Եթե նույնիսկ անկողնու մեջ է, ուրեմն իր մութ գործն արդեն արել է ու գիշերը մեզ հաստատ անքնություն է սպասվում` ժամանակ առ ժամանակ շրխկոցով փակվող պատուհանի կամ վարագույրի վրա գլխիվայր կախված անթև տիկնիկների տեսքով։ Ռոբը միստիկան գիշերվան է բաժին հանում, որովհետև լավ գիտի` ցերեկվա լույսի տակ անթև տիկնիկն ուղղակի մանկական չարաճճիության արդյունք է, իսկ ուժգին փակվող պատուհանը` քամուն ենթարկվող հասարակ առարկա։ Բայց Ռոբը ցերեկային կյանքն էլ է կարողանում տակնուվրա անել։ Բազմաթիվ զանգեր` հարազատների ու ընկերների կեղծ մահերի մասին` սովորական ավտովթարից մինչև նախապես մտածված դաժան սպանություն։ Զանգերի բովանդակությունը ճշգրիտ հերթականությամբ փոխվում է` իբր թե կասկած չհարուցելու նպատակով, բայց Ռոբը երևի մոռացել էր, որ մեր միջից ամենաշատ հաշվարկներ անողն էլ ես եմ ու մի քանի զանգից հետո հասկացա, որ հարազատի մահվանը հաջորդում է մեկնումեկիս տանը հրդեհի հայտնաբերումը, այնուհետև ինձ կանչում են ոստիկանություն` սպանության կամ բռնաբարության մեղադրանքով, դրանից հետո ընկերներիցս մեկին հոշոտում է մոտակա անտառից քաղաք ժամանած մի որևէ գիշատիչ կենդանի, իսկ վերջում Ռոբը զանգով պարզապես գուշակություն է անում ապագայիս վերաբերյալ, ու վերջին դրամատիկ նոտայի վրա էլ փակվում է շղթան։ Ռոբը բազմաթիվ նմանատիպ շղթաներ ունի` նրա մոտ ստացվում է ամեն անգամ ձեռագրի մեջ մի փոքրիկ բաղադրիչ փոխելը ու դա է պատճառը, որ միշտ էլ ցնցում ստանալուց հետո ենք գլխի ընկնում, որ Ռոբի հերթական խաղն է։

Մեր տարօրինակ ընկերոջը շատ անգամներ ենք բացատրել իր խաղերից ստացված վնասների մասին, օր է եղել, որ ուղղակի խնդրել ենք իրեն դադարեցնել մեզ վախեցնելու փորձերը։ Փոխարենը Ռոբը քմծիծաղ է տվել ու հերթական անգամ արդարացել է, իբրև ինքը...

- Ստոպ,- ընթերցանությունս ընդհատեց Ռոբը,- էս իսկականից իմ մասի՞ն էր, շատ ես չափազանցրել:

- Սպասիր, մինչև վերջ կարդամ,- փորձեցի համոզել:

- Չէ, չեմ ուզում: Էդ գրածդ էլ պատռիր, մի կողմ գցիր կամ էլ կերպարիդ անունը փոխիր. սա իմ մասին չէր:

- Նեղացա՞ր:

- Զահլա չունեմ:

Ու Ռոբը կտրուկ մոտեցավ պատուհանին, փեղկը թափով բացեց և թռավ գոգին՝ ոտքերը դուրս կախելով:

- Ի՞նչ ես անում, - ճչացի ես՝ նստած տեղից վեր ցատկելով, - հետ շրջվիր, չընկնե՜ս:

- Ժպտա, հիմա ծիտիկ կթռչի:

Դեռ խոսքը չավարտած՝ Ռոբը դուրս ցատկեց:

Սարսափից գամվեցի տեղում. հինգերորդ հարկում էինք: Հետո փորձեցի ինքս ինձ հանգստացնել, որ Ռոբի հերթական տրյուկներն են, բայց միևնույն է վախենում էի մոտենալ պատուհանին ու ցած նայել:

Երևի էդպես էլ անշարժ կանգնած մնայի, եթե հեռախոսս չզնգար.

- Ի՞նչ ես քարացել, մնացել,- լսեցի Ռոբի ձայնը, - իջիր ներքև, սուրճ խմենք:

- Որտե՞ղ ես, գժի մեկը:

- Ներքևում, շատ ներքևում: Իջնում ես Հադեսի թաղամաս՝ Գեհենի փողոց, հարցնում ես Ռոբին, տեղս ցույց կտան: Մեկ էլ ժակետդ կհանես գալուց առաջ, էստեղ լավ շոգեր են:

- Ատո՜ւմ եմ քեզ,- գոռացի հեռախոսի մեջ՝ ծիծաղս զսպել չկարողանալով:

- Բա ես քեզ ոնց եմ ատում, իմ հաշվին էլ որոշել ես գրող դառնալ, հա՞: Ի՜նքը, իր գրածնե՜րը, էլ ով դիմանար: Կարդացողն էլ կմտածի՝ էս ինչ անկապ տիպ էր էդ Ռոբը: Բա ես տե՞նցն եմ, սիրտս կոտրում ես:

Կարգին ուրախացած մեր խոսակցությունից՝ գրած-մրած թղթերս վերցրեցի ու իջա ներքև, իհարկե էնքան ներքև չէ, ինչքան Ռոբն էր ասել, բայց դե հույս ունեի, որ իրեն գետնի երեսին կգտնեմ՝ չհասնելով Հադեսի թաղերը:

Փողոցում շուրջս նայեցի, ընկերս չկար: Զանգն արդեն անջատել էր ու հիմա էլ անհասանելի էր հեռախոսով:

Մեկը ձեռքը դրեց ուսիս: Շրջվեցի, Ռոբը չէր:

- Մակարոն ոտքերով ու միամիտ տեսքով աղջիկը դու ես, հա՞, ոնց որ թե,- հարցրեց դեղին շլյապայով կինը՝ ինձ ոտքից գլուխ չափելով, ու առանց պատասխանի սպասելու՝ ավելացրեց,- ինձ խնդրել են քեզ ուղեկցել:

- Ո՞ւր ուղեկցել, իսկ խնդրողն ո՞վ էր:

Նորից խուճապի մատնվեցի, ու քիչ առաջվա բարձր տրամադրությունս հօդս ցնդեց:

- Լավ, էլ մի քեզ կորցրու, չտարան քեզ խոշտանգելու: Հետս արի, լավ տեղ ենք գնում,- աչքով արեց շլյապայով կինը ու կամաց քաշեց թևքիցս:  

- Իսկ ես Ռոբին դեռ կտեսնե՞մ, - որոշեցի կասկածներս փարատեմ։

- Ամեն ինչ քեզնից է կախված։ Դու այդ ասա, աղջիկ, ինչո՞ւ ես ուսերդ բացել, - Միաձակիի նկարած պառավի նման խորամանկ ժպտաց։

- Ռոբը ասեց․․․

- Ախ, Ռոբը ասե՞ց, ինչպես մինչ այդ երբեք չէր խաբել։ Երևում է այստեղից ներքև ոտք դրած չկաս, - շլյապան ծերից սկսեց մոխրանալ, - ուզո՞ւմ ես քեզ մի պատմություն պատմեմ, որ ճամփադ հեշտ անցնի, դեռ երկար ենք քայլելու։

Նայեց կեդերիս ու գլուխը տարուբերեց։

- Հա, - ասեցի խանդավառ, - բայց մի պայմանով, եթե հավանեմ, թույլ կտաք ինձ գրի առնել։

Ասես անդունդի խորքից կամաց լսելի դառավ ջրի ձայնը։ Հորիզոնում նշմարվեց լեռնաշղթայի գագաթները։

- Այստեղ գետ է հեսո՞ւմ, ի՞նչ է, - նայեցի կնոջ դեմքին, որի դեպի ինձ արված մասը ասես երիտասարդանում էր։

Երբ գլուխը ամբողջովին դեպի ինձ դարձրեց, սարսռեցի։ Աջ մասում խորը կնճիռներ էին հայտնվել։ Ձեռքի վրա էլ, շագանակագույն պուտեր, այն ձեռքի որ ուսիս էր դրել։

- Հուսով եմ սիրտդ պինդ է, և բարձրությունից այդպես չես սարսափում, ինչպես իմ դեմքից։

Սկսեցի դողացնել, օդը սառն էր և թանձր գոլորշին դեմս էր հավաքվում։

- Գետից այնկողմ, մի տեղ կա, որտեղից դեռ ոչ ոք հետ չի դարձել։ Բոլոր անփառունակների վերջը այնտեղ է։ Ինչպես և քո Ռոբինն էր։ Մինչև, որ այդ ճարպի անճոռնին, չգիտես որտեղից ձեռք գցեց աշխարհի նման հին ու հզոր իրերից մեկը։ Դրաուպնիրը։ Մտածում եմ, որ Ռոբն էլ այդքան հին է, թե չէ որտեղից նրան պետք է հայտնի լիներ դրա մասին։

Կեդերիս տակը սկսում են մաշվել, համարյա մաշկով զգում եմ քարուքռոտ ճամփի սառնությունը, բայց ձայն չեմ հանում։ Կնոջ շլյապայից մենակ մի ծայրն էր մնացել, այն էլ օդում կախված, կամաց թափվում էր։ Ձեռքն էի տեսնում միայն, որի լայն ծակոտիների տակից ջլերն էին երևում։

- Դու պետք է անցնես կամուրջը ու գտնես Ռոբին, - ձայնը սկսեց արձագանքել, - Նա այստեղ քո իմացած Ռոբը չի, չզարմանաս երբ տեսնես։ Ոչ մի դեպքում չհայտնես նրան քո իսկական անունը։

- Բայց, ես ինչո՞ւ պետք է համաձայնեմ, - ատամներս իրար խփելով հազիվ բառերը իրար են կպցնում, - և հետո, ո՞վ եք դուք, ու ինչո՞ւ ես պետք է գնամ այնտեղ, որտեղից վերադաչձ չկա։

- Դու պետք է գտնես Դրաուպնիրը, ու այն հանձնես ում որ պատկանում է, - աջ կողմի մաշկը սկսում է թափվել, մեկացնելով կարմիր մկաններ։ Ոտքերը գետնից կտրվում են, - և հիշիր, ընկերությունը մենակ թղթի վրա է հաղթում։

Արյունոտ ձեռքով շոյում է սփրտնած ուսս։

- Դե՛, գնա։

Գետի ձայնը նման էր միլիոնավոր շշուկների։ Կամուրջը անվերջ թվաց։ Ոտքերս տախտակներից փշեր էին չքնում, ցավից ու ցրտից գրեթե գոռալով, հասա քարե դարպասին։ Երբ բացվեց, այն ցուրտը որում ես մինչ այդ էի, գեհենի կրակի նման այրող թվաց։ Կիսամութի մեջ բարձրացող հսկայական ծառերի ճյուղերը մխրճվում էին միմյանց մեջ, երկաթյա տերևները կտրում էին մարմինս, երբ փորձում էի ճեղքել դրանք, ու արյունը դեռ դուրս չհոսած սառում էր։ Լռության մեջ լսվում էր հանդարտ մռնչյուն ու մինչ ես շունչս պահած սպասում էի, որ ինձ կհաշոտեն, ու անզգայացած մանտերիցս բաց էի թողում թղթերս, թարմ մսի հոտը քիթս առավ։ Ծանր մարմինը վազելով ու հևալով մոտեցավ հսկա ստվերին ու ձեռքերից սկսեց լափել փափուկ կտորները։

Անտառից դուրս եկա, ուժասպառ, մոտակա քարանձավից սողացող նվազ լույսին հետևելով, մի կերպ հասա մուտքի մոտ։

- Ռո՞բ, - զոռով կողերս սեղմելով օդը դուրս մղեցի ու ընկա ժայռ հիշեցնող ձեռքերին։

- Հա, ես եմ, - այլանդակ դեմքին ժպիտի նման մի բան սողաց։

- Ատում եմ քեզ, գիտե՞ս։

- Բա ես քեզ, ճիշտ ասա եկե՞լ ես իմ մասին էլի բաներ հայթայթես, որ իմ հաշվին կայացած ռոմանիստ դառնաս։

- Ինձ ուղարկել են սրա հետևից, - ձեռքս դնում եմ պաղ մետաղին, քաշում է, - մենք ընկերներ ենք, չէ՞։

Ինձ հենում է քարից սարքած անկողին հիշեցնող բարձրությանը։ Ձեռքը մեկնում է կրակին բլթբլթացող գարշահոտ մասսային, քարաձավի մամռոտ պատերին։

- Մենք ընկերնե՞ր ենք, - հարցնում է։

- Գիժ, գժի մեկը։ Ոտքերիս նայե՞լ ես։ Կարո՞ղ է գիտես հանուն Հելի եմ եկել այստեղ հասել։

- Անունդ կասե՞ս։

- Ուոլ․․․

- Իսկական։

- Մարի։

Թելով վզից կախած Դրաուպնիրը հանում է․

- Ժպտա, հիմա ծիտիկ կթռչի․․․


Աչքերս բացում եմ, սենյակում ոչ ոք չկա։ Պատուհանը բաց է ու գոգին իմ թղթեն են քարի տակ դրված։

"Ես գիտեմ, ոչ ոք երբեք չի վերադառնում հենց այպես, ու դու միշտ դողալու ես դեղին շլյապա տեսնելուց, բայց դու չես ապրել սառը քարանձավում, դու չգիտես ինչ է իսկական մենությունը։"


Վերցնում եմ թղթերս ու վերջին էջին գրում.

"Զարթնեցի, ու թմրած ձեռքս կրծքիս տանելով շոշափեցի Դրաուպնիրը։ Պատուհանին Ռոբի թողած գրությունն էր

Կահնդիպենք դժոխքում, Հադեսի թաղամաս՝ Գեհենի փողոց։ Պողպատյա կոշիկներ կպատվիրես, քաշը տաս կիլոյից պակաս չլինի։

Ինչպես միշտ հավատացի։"  

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը