Երեկ իմացա, որ Էլն է մահացել: Քույրն էր զանգահարել, էն բորբոսնած ձայնովը, որ տարիներ առաջ ինձ մեղադրում էր Էլի հիվանդության մեջ: Եթե գլխավոր պատճառն էլ չես, ուրեմն հաստատ մասնակցություն ես ունեցել՝ ասում էր: Էդ ժամանակ չէի հասկանում, թե ինչն է սարսափելի քրոջ ձայնում, քաղցր ու փտած ձայն էր, ասենք մի քանի ամսով ժամկետն անց քաղցրավենիքի պես: Բայց երեկ գտա ճիշտ բառը՝ բորբոս: Հեռախոսը հենց վերցրի, վրա տվեց անմիջապես՝ տխուր լուր է, թե չէ, համենայն դեպս հաստատ անբարենպաստ քեզ ու թվացյալ խղճիդ համար, Էլը մեռավ էսօր, շունչը փչեց աչքիս առաջ: Չգաս թաղմանը, երեսդ չտեսնեմ էնտեղ: Կասկածում էի, բայց հիմա վստահ եմ, որ անգիր արած տեքստ էր: Անբարենպաստ, թվացյալ խիղճ: Էդ քոլեջը կիսատ թողած, երկու անգամ աբորտ արած մսակտորին որտեղից նման բառապաշար: Տվել է մեկին, որ գրի: Էլը չկա, իսկ ես իր քրոջ մասին եմ մտածում, էն էլ ինչ նողկալի բաներ: Բայց հիմա էլ հո չե՞մ սգալու, սև հագնեմ, ռեքվիեմ միացնեմ լսելու: Էլը երբ կա՞ր որ, հիմա էլ մեռել է: Ե՞րբ մեռած չէր: Ուղղակի հիմա պաշտոնապես էլ չկա, տեսականորեն: Այսինքն հաշվի
Մարի Մելիքյան