Skip to main content

Posts

Showing posts from 2018

մեռնելու ամենավատ օրը

Վաղ առավոտը ուշ գիշերից բաժանող միջակայքը, որ բարակ, աղոտ ու աննշմար գիծ է՝ շաղված ծեր մարդու շերտավոր աչքերում ու ագռավներն՝ իրենց չարագուշակ նոտաներով. ես վստահ էի, որ բարի է լույսը, բայց կասկածներ ունեի, որ գիշերը չարաշահել եմ նրա բարությունը ու բամբասել արևի մասին՝ առանց հասկանալու. ինձ լույս պետք չէ՝ բղավել եմ ու սարդերը վկա, ականջներիս խշշոցն այդ պահից դադարել է: Հետո փորձել եմ խտացված օրը պահել ձեռքերիս մեջ, բայց այն լպրծուն էր ու միանգամից դուրս է ցատկել ափիցս ու մեկ ուրիշի փորձված ափի մեջ հայտնվել: Ես սիրում եմ, երբ տարածությունը՝ ծնկի եկած լույսը՝ սառը ու անգույն եղանակը՝ ֆանտաստիկ չեզոք ու մոխրագույն ձյունը՝ համարյա կեղտոտ ականջիս ետևից խուտուտ են տալիս ու պատմում անդառնալի պատմություններ՝ անզգայության մասին, անտարբեր ձայնով ու երբեմն մաքրելով կոկորդը՝ միայն ու միայն քաղաքավարությունից: Բայց այդ օրը երկինքը ենթարկվում էր այլ տիրոջը Ճանապարհից շեղվել էի ու որոշել իմ սեփական արահետը գծել հարթավայրում էի ու ցանկանում էի լեռներ փորել՝ տարածությանս խորության հաշվին ու անվերջ կո

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի, դեռևս կային անկյուններ, որ թվում էր՝ բացահայտվելու են, երբ մի քիչ էլ մեծանամ: Ես չէի կարողանում տունն ընկալել ամբողջության մեջ ու սենյակներից յուրաքանչյուրն իր յուրահատուկ նշանակությունն ու իմաստը ուներ իմ մտքում: Ու հետո ես համոզված էի, որ ինձնից թաքցնում են սենյակների գլխավոր իմաստը ու խաբկանքի մեջ էի, երբ պարզվում էր, որ այս մեկը քնելու համար է նախատեսված, մյուսը՝ հյուրերի: Հնարավոր չէ՝ պնդում էի ու շարունակում յուրաքանչյուր սենյակի մեջ գտնել իր մոգականության աղբյուրը: Ննջարանի հետ կապն ամենաուժեղն էր. այն երևակայությանս մեջ կապույտ ու քնեցնող երանգով է տպավորվել, որ ամեն անգամ այդ գույնը հիշելիս մարմնովս հաճելի դող էր անցնում ու սենյակն ինձ ապահովության զգացոմ էր տալիս: Ննջարանում իմ բոլոր մանկական վախերը մեղմանում էին ու վերածվում հեքիաթների, որ հետո անպայման ինքս էի պատմում մայրիկին՝ քնելուց առաջ: Ննջարանում ժամանակը կանգ էր առնում, իսկ դա ցրում էր իմ

Սենդվիչներ

- Մեզ յոթ ու կես սենդվիչ, ու միայն մեկը՝ խոզի մսով,- լսվեց փայտե տանիքին նմանվող սեղանի մոտից, որտեղ թվում էր, թե հնարավոր չէ յոթ ու կես հոգի տեղավորել: Իրենց յոթ ու կես սենդվիչ, ու միայն մեկը՝ խոզի մսով՝ տարօրինակ արտահայտությունը սրճարանից մի կերպ հասավ խոհանոց առանց ակնառու փոփոխությունների: Խոհարարի օգնականը նորեկներից էր, անունը՝ Մարդուկ: Ոչ ոք չէր հասկանում այդ անվան նշանակությունը, Մարդուկն էլ փորձում էր պատշաճ աշխատանքով ծածկել իր տարօրինակությունները: Յոթ ու կես սենդվիչ պատրաստելը նորեկի գործ է՝ Մարդուկի վրա նետեց աշխատողներից ամենասուր լեզու ունեցողը, ում կատակով Մատուտակ էին ասում: Մարդուկը փորձեց չհանել իր վրայից առեղծվածային պարտականությունն ու անցավ գործի: Խոհանոցը այնքան նեղ տարածք էր զբաղեցնում, որ այնտեղ գտնվողներից յուրաքանչյուրի շնչառությունը լսվում էր ամենուր և խառնվում էր խոհանոցային այլ ձայների հետ, որոնք ընդհանուր քաոսի էին վերածվում: Յոթ ու կես սենդվիչ պատրաստելը այդ խառնաշփոթի մեջ միայն Մարդուկին կհանձնարարվեր: Ի վերջո, ընդունելով իր՝ նորեկի մշտական պարտություն

Ճոպանուղին, որի ծայրում էիր

Ներսումս երեկվանից դեղնավուն լամպ է վառվում, գիտեմ, որ վաղը քեզ տեսնելու միակ ու վերջին օրս է լինելու: Դրանից հետոյի անորոշությունն այնքան աղոտ է, որ անգամ չեմ մտածում այդ ուղղությամբ: Եթե տեսնեմ քեզ՝ ուրեմն կապրեմ այնքան տարի, որքան նախատեսված է: Դուրս եմ գալիս աշխատանքից, որ վազեմ տուն, որովհետև տանը գտնվելը իմ ու քո միջև եղած հեռավորությունը թեթևացնում է, համենայն դեպս ես այդպես եմ զգում: Տնից դեպի քո տարածք ճանապարհն անգիր գիտեմ. մեզ բաժանում է հինգ երկրային ժամ: Արդեն սովորել եմ կյանքս բաժանել հինգ ժամերի միջև, որ այդ ժամերի միջակայքում ընկած տարածությունը գոնե ինձ բաժին հասնի մարդավարի ապրելու համար: Բայց դեպի քո տուն ճանապարհը երազներումս միշտ ավելի երկար ու ձգձգված է եղել: Ամեն անգամ քեզ մոտ գալուց ես բացի այդ անիծյալ հինգ ժամից, հատել եմ նաև զուգահեռ աշխարհ ոտք դնելու բարդույթները, որովհետև ես ու դու երբեք, տիեզերքի ոչ մի կետում չենք եղել միաժամանակ նույն հողի վրա կանգնած, մեր միջև տարանցիկ գիծ է եղել, մենք միշտ ենք զուգահեռ աշխարհներով բաժանված եղել իրարից: Պայուսակս դասավոր

***

Հարվածը հարվածի ետևից. տես՝ որ դիմանալը չէ միայն: նոր ցավը վերցնելուց հնի մասին առժամանակ մոռանալն է: *** Ու՞ր ես փախչում, եթե ոտքերդ քեզ մոտ չեն ճանապարհդ՝ քանդված փախչելուդ նպատակը՝ գողացված: *** Զանգի ձայնը՝ ինչ-որ բանի սկիզբ, ինչ-որ բանի վերջ Ապրելը՝ այդ երկուսի արանքում: *** Սև հողի մեջ սև սիրտ ունեցողը իրեն լավ զգաց: Ապրելը դժվար է՝ պատմում էր, պիտի անընդհատ արևի լույսին նայես: *** Հեռվից ինձ՝ խնջույքի կանչողների աղաղակները լսեցի մոտեցա, որ պարզեմ, թե ինչ կար այդ օր սեղանին պարզվեց՝ նախատեսվածը անծանոթի թարմ միսն էր: *** Ու որտե՞ղ է հիմա ջրի մարմինը, այն որ երկինքը նվիրեց ջրին:

բնակելի

Բերանքսիվայր ընկած եմ հատակիդ: Փայտը տեղ-տեղ ամուր է, տեղ-տեղ՝ ոչ: Ոտքերդ դիպչում են գլխիս ու ոտնաթաթերդ փաթաթվում մազերիս: Մատներս չեն կարողանում ազատել մազերս, որովհետև հատակի հակառակ կողմում են: Գլուխս հատակի ներս ընկած հատվածում է: Քթիցս արյունը հոսում է դեպի քո սենյակի դուռը ու դռան արանքով անցնում անհայտ տարածություն: Արյունս զարմանալիորեն մուգ կարմիր է ու անհոտ: Իրարից շատ մեծ հեռավորության վրա ենք գտնվում. այնուամենայնիվ երկուսս էլ նույն սենյակում ենք, բայց տարբեր տարածաչափություններում: Ես հենվում եմ անտեսանելի ծնկներիդ ու քեզնից խնդրում, որ ավելորդ մարդկանց մասին պատմես: Սկսում ես ինձնից ու քեզնից խոսել. ես նեղվում եմ անսպասելի ճշմարտությունից ու մկրատը քո կողմ շպրտում: - Ո՞վ է քեզ թույլ տվել իրեր շպրտել վրաս,- հարցնում ես: Բայց ձայնդ ինձ հասնում է ժամեր անց միայն ու այնքան հեռվից, որ բառերը չեմ կարողանում տարբերակել: Սենյակիդ բոլոր մետաղյա իրերը ժանգոտված են: Ես դա նկատում եմ միայն այն ժամանակ, երբ հատակից գլուխս բարձրացնում եմ: Վզիցդ քրտինք է հոսում ու կրծքավանդակիդ կախա

պարզապես չուզեցին

Ես կարծում էի՝ նրանք չեկան, որովհետև, պարզապես չուզեցին: Ա.ն ասում էր. - Եթե ինձ եք հարցնում՝ էդ տղան է մեղավոր: Իր շուն-ընկերները կապ չունեն: Պատկերացրեք՝ ես վեր կենամ ու առանց հարցնելու մտնեմ կողքի գյուղ: Ոչ ոքի ոչինչ չասեմ ու գլուխս վեր տնկած քայլեմ գյուղի ճամփով: Չեն ասի՞՝ էս գրողը որտեղի՞ց հայտնվեց: Կասեն ու դեռ մի բան էլ՝ հետևիցս կընկնեն, որ մի վնաս տան: Էդ տղան քանի գլուխ ունի, որ իր շուն-ընկերներին առել է ու գնացել գյուղ՝ իբր թե լուրջ գործով: Հաստատ իր լուրջ գործը հիմա լուրջ ծեծի է վերածվել: Չգիտեմ ինքը շնչում է հիմա, թե չէ, բայց համոզված եմ՝ ատամներից մի քանիսը իրենց տեղում չեն, իսկ դեմքն արյունլվա է. աչքիս առաջ պարզ տեսնում եմ պատկերը: Շուն-ընկերների հարցերն էլ լուծած կլինեն: Էդ գյուղում ապրողները գիշատիչներից չեն տարբերվում՝ բոլորս էլ գիտենք: Չսպասեք, որ տղան տեղ կհասնի: Ճանապարհի կեսն էլ չի անցնի: Կտեսնեք: Լ.-ի կարծիքով - Ոչ ոք չգիտի, թե ինչ եղան իրենք: Բայց ես կռահում եմ: Այդ ամբողջը հին պատմություն ունի: Հիշու՞մ եք՝ տարիներ առաջ գյուղ էր ժամանել սևազգեստ մի կին: Ոչ մեկդ

Դեյվը

Դեյվ անունով մի շատ տարօրինակ աղջկա անկողնու տակ շատ վաղուց երեք հրեշ կա՝ Բոբը, Հերելը և Բասթիլը։ Բոբը վախենալու ձայներ է հանում, Հերելը վախենալու արտաքին ունի, իսկ Բասթիլը գտնում է, որ կյանքը, հատկապես անկողնու տակ, ոչ մի իմաստ չունի և դրանով էլ վախեցնում Դեյվին։ Դե, իրականում այնպես չի, որ Դեյվը հրեշներից պակաս վախենալու է, հետո ինչ, որ փոքրիկ աղջիկ է։ Դեյվը վախեցնում է իր հետ շփվող մարդկանց, որովհետև իրեն շատ հաճախ պահում է Բոբի պես ու անդրշիրիմյան ձայներ հանում կամ պահում է Հերելի նման ու այնպիսի հայացքներ է ընդունում, որ իր հետ նույն վայրում գտնվող մարդիկ սրտաճաք են լինում։ Բայց ամենից հաճախ Դեյվն իրեն Բասթիլի պես է պահում։ Օրինակ երբեմն այս ձևով է սկսում իր զրույցը մոր հետ. - մարդուս կյանքն իմաստ չունի, եթե տեսիլները չեն այցելում նրան։ Առանց տեսիլների մարդը նույնն է, թե առանց ողնաշարի։ Կամ՝ - Ունայնությունն է, որ ներս է լցվում իմ կյանք, անհոգության փոխարեն դառը օրեր են սպասվում բոլորիս, որովհետև մեծ իմաստունը այդպես էլ չգտավ կյանքի իմաստը ու մեռավ լեռան վրա։ Մարդիկ կարծում են,

տանս եղած իրերը

տանս եղած բոլոր կարմիր իրերը՝ նրան, ով առանց ինձ հարցնելու սխալ որոշումներ էր կայացնում ու հետո ինձնից պահանջում իր խնդիրների լուծումը. քանի որ գտնում եմ, որ նրան պակասում էր ներքին եռանդը ու մի փոքր ամոթխածության զգացումը տանս եղած բոլոր կապույտ իրերը՝ նրան, ով ինձնից առաջ էր երեք քայլով միայն ու իմ ողջ կյանքում երեսով էր տալիս այդ քայլերը՝ դրանք վերածելով հսկայական արահետների. քանի որ գտնում եմ, որ նա կարիք ունի մի լավ ու կուշտ քնի՝ կապույտ երազներով հագեցած տանս եղած բոլոր դեղին իրերը՝ նրան, ով այնքան լավ կարողացավ կրկնօրինակել իմ կյանքն ու իրենով անել, որ ստիպված էր մինչև կյանքի վերջը իմ բեռներն ինքը կրել. քանի որ գտնում եմ, որ նա պիտի լույսով սնվի այսուհետև տանս եղած բոլոր կանաչ իրերը՝ նրան, ում սիրում եմ բոլորից առավել. թե ով է նա՝ պիտի որ հենց ինքն իմանա, հակառակ դեպքում նա այլևս նա չէ տանս եղած բոլոր սպիտակ իրերը՝ նրան, ով  լքեց ինձ ամենաառաջինը ու երբեք փորձ չարեց ետ վերադառնալ. քանի որ գտնում եմ, որ նա արժանի է մառախուղի մեջ լինել իր ողջ մնացյալ կյանքում տանս եղած բոլոր մո

թե ոնց է ինքը կարողացել հաշտվել իր սենյակի հետ

Ինքն ասում էր, որ պատուհանները ամենասարսափելի անցումներն են դրսի ու ներսի աշխարհների միջև, որովհետև ամեն ինչ թափանցիկ է ու դրսի ծանրության մասին անմիջապես իմանում են ներսում, իսկ ներսի գաղտնիքները կարողանում են թափանցել դուրս: Այդ պատճառով նրա պատուհանին մշտապես ժապավենաձև նախշերով կիսաթափանցիկ վարագույր էր կախված: Երբ թափանցիկ է կիսով չափ՝ անցումն էլ կիսով չափ է սարսափելի. ու դա մխիթարում էր իրեն: Երբ ապակու վրա դրսից եկող լույսի շողք էր ընկնում, իր սենյակի ներսում արտացոլվում էր իրեն վախեցնող կերպարների տեսքով: Սենյակը չէր կարողանում իր վախերի հետ չխաղալ ու արտացոլանքը չէր ուզում թեթևացնել իրեն, այլ հակառակը՝ սիրում էր, երբ նա ապակուն էր նայում ու վախենում էր լույսից: Ժամանակին մթություն չէր սիրում, հետո հասկացավ, որ լույսի խաղերն ավելի մթին են իրենց էությամբ ու ավելի խորն են կարողանում բացահայտել իր ներսի վախերը: Հետո, ասում էր, որ մի անգամ սենյակի պահարանը սկսել է հանկարծակի շարժվել, դղրդալ ու դեպի իր մարմինն է թեքվել՝ կարծես ընկնելիս է եղել իր վրա: Ու ներսից, պատմում է, ձայնե

տղան, որ

Տղան, որ գիտեր ու չէր ուզում օգնել տղան, որ մոտավոր պատկերացնում էր, թե որտեղ է ելքը բայց չէր ասում, որ չծաղրեինք իրեն տղան, որ չէր հասկանում ու լռում էր տղան, որ տեղից խոսեց ու մատնեց իրեն տղան, ում ձեռք չէր տալիս իրերին իրենց անունով կոչելը տղան, որ զգում էր վտանգը, բայց մոռացավ մեզ զգուշացնել տղան, որ հիմար ձևանալով ստացավ իրեն հասանելիքն ու խաղը լքեց տղան, ով խաղի մեջ չէր հենց սկզբից տղան, որ ձևացավ, թե ծաղրածու է ու պարտությունը թեթև տարավ տղան, ում չներեցին բայց ափսոսանք հայտնեցին վերջում տղան, որ գիտեր ու մինչև վերջ լռեց տղան, որ չգիտեր ճանապարհը որովհետև երբեք ռիսկ չէր արել հարցնել տղան, որ պարտավոր չէր բայց արեց տղան, ով պիտի աներ այդպես ու տղան, որ չարեց տղան, որ թաքնվում էր խավարում տղան, որ մահվան ընկերն էր ու տղան, որ հենց խավարն ինքն էր։ Նրանք բոլորը Այդ գիշեր հավաքվել էին տանիքումս ու ինձ փրկելու գծագիրն էին կազմում մինչ ես մեռնում էի առաջին հարկում։

Կապույտ հրաշալիքը՝ Տատս

Կապույտը բարձրադիր լճերի, անամպ երկնքի, երեկ գիշեր տեսածս երազի ու մեկ էլ տատիս աչքերի գույնն է: Բայց կապույտն ամենից առատաձեռն գտնվել է հենց տատիս աչքերի հարցում ու այդ գույնի ողջ նրբությամբ ու երանգներով արդեն քանի տարի է բնակություն է հաստատել այնտեղ: Երբ ուզում եմ ինձ պատկերացնել կապույտ լճակում, նայում եմ տատիս աչքերի մեջ, երբ ուզում եմ դուրս գալ կապույտ լճակից ու կապույտ առաստաղով տնակում հանգիստ առնել, էլի նայում եմ տատիս աչքերի մեջ: Այնտեղ ամփոփված է ինձ անհրաժեշտ իրերով ու երևույթներով լցված մի ամբողջ կապույտ աշխարհ: — Տատ, Վերբերի գիրքը վերջացրի՞ր — Դեռ կարդում եմ, երկու պատմվածք է մնացել Երբ տանը կրակոցների ու շփոթված քննիչների ձայներ են լսվում, ուրեմն տատս ֆիլմ է նայում, երբ հեռախոսի զանգը նույնիսկ չորրորդ անգամից արհամարհվում է, ուրեմն տատս ֆիլմի մեջ է ու քննիչների հետ միասին փորձում է սպանությունը բացահայտել: Երբեմն իրենցից շուտ է գտնում մարդասպանին, երբեմն մինչև վերջ էլ չի կարողանում հավատալ, որ իր վստահելի հերոսը կարող էր սերիական մարդասպան դուրս գալ վերջում: Եթե նույն