Edvard Munch, Love and Pain |
Շներից փրկվելու օրն էր:
երախը բաց ու լեզվի վրա՝ կարմիր պուտեր
հարցնում էր մեզ՝ չե՞ք ուզի խոզի թարմ միս
պապանձվել էիր, որովհետև մինչև վերջ էլ չհասկացար
խոզ՝ եղբորդ հետ էր, թե ցեխի մեջ պար եկողների
եթե եղբորդ, ապա արյանդ կաթիլներն իր ներսում ունեցողի՞
թե քեզ բակում պաշտպան կանգնածի
իսկ եթե պար եկողների, ապա շարժումները՝
կոկիկ ու պատրաստվա՞ծ,
թե՞ ցեխից ոգեշնչված ու ցեխի արդյունք հանդիսացող:
Սոված չեմ՝ պատասխանդ էր
Edvard Munch- Vampyr |
Շներից վախենալու օրն էր:
հաչոցը՝ տանիքում ու մայրական տանդ
հաչոցը՝ լուսամուտիցդ ու դեպի քո լուսամուտ նայող
հաչոցը՝ դրսից ու ներսումդ լսվողն էլ՝ իր հերթին
քաղցած է շունը՝ ասում էիր
մահ է լինելու՝ ասում էինք
սովից մեռնում է՝ հույս էիր տալիս քեզ
մահվան ձեռագիրն է՝ հուսախաբ էինք անում
Edvard Munch- Vampire in the Forest |
Շների ձեռքն ընկնելու օրն էր:
ձեռքիդ մի բաժակ գինի կար ու թմրություն աչքերումդ
հիացած էիր ու ներսդ եռում էր
հայացքդ անցավ սեղանին դրված ուրախությունների վրայով
ու միջից ընտրեց ամենակեղծն ու տևողությամբ տկարը
վերցրիր այն ու ներս տարար
հետ տեղը դիր՝ գոռում էինք
սսկվեք՝ պատասխանում էիր
չիմացար, թե ինչ արեցիր՝ լացում էի ու ներսից պայթում
մի քիչ զգայուն ես, ուրիշ ոչինչ՝ արդարանում էիր:
Շների ուրախության օրն էր:
Comments
Post a Comment