Skip to main content

թե ոնց է ինքը կարողացել հաշտվել իր սենյակի հետ

Ինքն ասում էր, որ պատուհանները ամենասարսափելի անցումներն են դրսի ու ներսի աշխարհների միջև, որովհետև ամեն ինչ թափանցիկ է ու դրսի ծանրության մասին անմիջապես իմանում են ներսում, իսկ ներսի գաղտնիքները կարողանում են թափանցել դուրս: Այդ պատճառով նրա պատուհանին մշտապես ժապավենաձև նախշերով կիսաթափանցիկ վարագույր էր կախված: Երբ թափանցիկ է կիսով չափ՝ անցումն էլ կիսով չափ է սարսափելի. ու դա մխիթարում էր իրեն: Երբ ապակու վրա դրսից եկող լույսի շողք էր ընկնում, իր սենյակի ներսում արտացոլվում էր իրեն վախեցնող կերպարների տեսքով: Սենյակը չէր կարողանում իր վախերի հետ չխաղալ ու արտացոլանքը չէր ուզում թեթևացնել իրեն, այլ հակառակը՝ սիրում էր, երբ նա ապակուն էր նայում ու վախենում էր լույսից: Ժամանակին մթություն չէր սիրում, հետո հասկացավ, որ լույսի խաղերն ավելի մթին են իրենց էությամբ ու ավելի խորն են կարողանում բացահայտել իր ներսի վախերը:

Հետո, ասում էր, որ մի անգամ սենյակի պահարանը սկսել է հանկարծակի շարժվել, դղրդալ ու դեպի իր մարմինն է թեքվել՝ կարծես ընկնելիս է եղել իր վրա: Ու ներսից, պատմում է, ձայներ են լսվելիս եղել, ավելի ճիշտ մեկ ձայն՝ տարատեսակ դրսևորումներով: Կոկորդային ու ոչ մեղեդիկ ինչ-որ ձայնային ալիք, որ պահարանի մեջ է ծնունդ առել ու հասունացել: Ինքը չի էլ հիշում, թե հինգամյա պահարանը երբ է սկսել կենդանի ձայներ պահել իր ներսում, և դեռ դա էլ հերիք չէ՝ սնուցել այդ ձայներն ու մի օր էլ օգտագործել սենյակում գտնվողի դեմ: Պատմում էր, որ կոկորդային ձայնը պահարանից ուղիղ իր վրա էր ուղղվում, կարծես այդպես էին պայմանավորվել՝ պահարանի թույլտվությամբ: Վախեցել է, բայց անակնկալի չի եկել: Զգում էի, ասում էր, զգում էի, որ պահարանս շնչավոր է, որ ներսում դավադրություններ է նախապատրաստում, որ կոկորդային ձայնի աղբյուրը պահարանի սրտում է: Հետո, երբ նստած էինք իրենց բակում, անթարթ նայում էր ինձ ու կարծես ինձնից իր սենյակի բացատրությունը պահանջում, ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ես տեղյակ չեմ, թե ինչու իր սենյակի առարկաները այդքան հակված են իրեն վախեցնել:

- Ինչ եմ արել՝ սենյակիս, չգիտեմ: Երբեք չեմ փորձել վնասել կամ անխնամ թողնել: Երբեք սենյակիս էությունը չեմ ցանկացել փոխել՝ ոչ առաստաղի ու պատերի գույնը, ոչ առարկաների դասավորվածությունը:

- Գուցե սենյակումդ գտնվող առարկաներից միայն մեկն է քո դեմ ու վարակել է ողջ սենյակը,- փորձում էի բացատրություն տալ

Հետո իմացա, որ մի քանի օր շարունակ փորձել է իրեն ատող այդ մեն-միակ առարկան գտնել ու դուրս հանել սենյակից, բայց չի կարողացել, որովհետև, ասում է, բոլոր առարկաների կողմից հավասարաչափ վերաբերմունք է զգացել իր նկատմամբ ու իր մոտ չի ստացվել որևէ առանձնացում կատարել:

Երազում վաղուց մահացած տատիկն է երևացել: Ասում էր, որ նստել է սեղանի շուրջն ու ողջ սնունդը կերել՝ անմարդկային ախորժակով: Հետո բարձրացել է սեղանի վրա ու պահանջել նոր սնունդ: Երազից չի վախեցել, բայց նույն օրը մահացած տատիկի սիրելի սննդամթերքներից մի երկու բան է տարել գերեզման: Չեմ ուզում երազումս իրեն սոված տեսնել՝ ասում էր, որովհետև արթնանալուց ստամոքսիս մեջ խորը ցավ եմ զգում, կարծես տարիներով հաց կերած չլինեմ: Գերեզմանոցում սնունդը երկար չի մնացել: Ոչ ոք չի տեսել, թե ով է այն վերցրել: Բայց ինքը հույս ունի, որ տատիկին գոնե մի փոքր բաժին հասել է: Ու ծիծաղելով պատմում էր, թե ոնց է պատկերացրել իր մահացած տատիկին ու մի քանի կենդանի սովյալների միջև պայքարը՝ գերեզմաններում դրված սննդի համար:

Վերևի հարևանի կնոջ հիվանդ աղջիկը մահացել էր լիալուսնի օրը, պատմում էր: Ու հետո մի քանի գիշեր շարունակ իր առաստաղից երեխայի թռվռոցի ու ծիծաղի ձայներն է լսել: Մահացած աղջկա սենյակը մի քանի օր շարունակ կողպված էր՝ հավատացնում էր ինձ, մայրը տանը չէր: Ոչ ոք չէր կարող աղջկա սենյակում թռվռալ ու բարձրաձայն ծիծաղել բացի հենց այդ աղջկանից: Պիտի փորձել անտեսել այն փաստը, որ աղջիկը մահացած է՝ լուրջ տոնով պատմում էր ինձ: Որովհետև եթե երեխան ուզում է իր սենյակում խաղալ ու մի գլուխ թավալ տալ հատակով մեկ, ապա ոչ մի միջաշխարհային անցում կամ մահ չեն համարձակվի խանգարել նրան: Այս ամենը մի տեսակ արտառոց ոգևորվածությամբ էր պատմում, կարծես անձամբ զրուցել էր աղջկա հետ՝ մահից հետո բնականաբար: Օրեր անց աղջիկը դադարել է աղմկել իր սենյակում: Բոլոր երեխաներն այդպես են, մի քանի օր միևնույն գործողությունը կանեն, հետո կհոգնեն ու կփոխեն խաղավայրը, ասում էր:

Ես կորած եմ, կորած: Չեմ կարողանում սենյակիս դուռը մինչև վերջ փակել: Դա կործանման նման մի բան է, երբ սենյակդ ամբողջապես չես կարողանում կառավարել: Սա վերջին փուլն է՝ ասում էր, որովհետև երբ սենյակդ դավադրություն է կազմակերպում քո դեմ, հետո գալիս է այն պահը, երբ սենյակիդ առարկաները սկսում են չենթարկվել քեզ, իսկ հետո՝ ամբողջությամբ հենց սենյակը: Դիմադրություն է ցույց տալիս, պատերի վրա առանձին գծեր եմ արել. դրանք այն հատվածներն են, որոնց չեմ կարողանում դիպչել, ձեռքս սկսում է այրվել: Իսկ երեկոյան սենյակիս պատերը կարծես մոտենում են իրար: Օրեցօր սենյակս սկսում է նեղանալ, պատերի փոսերը կամաց-կամաց վերանում են, առարկաների քանակը՝ նվազում,- հուզված պատմում էր: Դա նրանից է, որ մինչև վերջ էլ չկարողացա հաշտվել սենյակիս հետ:

Ինքը միշտ էլ մղձավանջներ էր տեսնում. դա նորություն չէր: Հիմնականում իր հետևից վազում էին սարսափելի գլուխներ ունեցող մարդիկ: Նա հատկապես գլուխների մասին էր խոսում, բայց ոչ երբեք դեմքի կամ մարմնի: Հետո բռնում էին իրեն ու տանջամահ անում: Կարծես ամեն անգամ իր մարմինը մի քանի մասի էին բաժանում, հետո ինքը մի կերպ կարողանում էր վերականգնել մարմնի կտորները, բայց արարածները չէին հանձնվում ու մեկ անգամ էլ էին փորձում: Հիմնականում լոգարանի մեջ են թաքնված, պատմում էր, հատկապես գիշերային լոգարանի: Այսինքն երբ դրսում մութ է, բայց լոգարանում լույս կա: Բնական մթության մեջ արհեստական լույսի սիրահարներ էին իրեն տանջողները ու դա ամենաշատն էր վախեցնում իրեն:

Հետը վերջին անգամ տեսնվելուց սև գույնի երազբռնիչ եմ նվիրել: Սկզբում ուշադրություն չդարձրեց, բայց հետո նամակով ինձ հայտնեց, որ նվիրածս օգնում է իրեն. էլ երազում իրեն չեն տանջում, իսկ սարսափելի կերպարների գլուխները, պարզվում է, այդքան էլ ահատեսիլ չեն, որքան որ ինքն էր նկարագրում: Մղձավանջի վերջին փորձի ժամանակ, պատմում է, երազի մեջ սկսել են իրեն վախեցնող տեսարանների կադրեր հայտնվել, հետո փորձել են վերածվել ամբողջական մղձավանջի, բայց չեն կարողացել ու որպես աղոտ հիշողություն՝ ետ են շպրտվել: Համոզված ասում էր, որ նվիրածս երազբռնիչն է օգնել իրեն: Հետո պատմում էր, թե ոնց է այդ պահին արթնացել ու տեսել, որ անկողնու վերևը կախված երազբռնիչը շարժվում է ու փետուրներից ձայն է գալիս: Կարծես հենց այն պահին է արթնացել, երբ իրեն օգնող առարկան իր երազների հետ կապի մեջ է մտել ու սենյակից մղձավանջները դուրս հանել: Բայց փետուրների ձայնից վախեցել է ու դուրս եկել սենյակից:

Բայց հետո՝ մի քանի օր անց, սենյակի հետ հաշտվել է:


Պատմվածքը հրապարակվել է «Գրանիշում»

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը