Skip to main content

Posts

Showing posts from 2019

խոսիր ինձ հետ

Ինձ հետ խոսիր. անտառի կոները ոտքերիդ տակ են, լռությունը, արտաքսումն ու պարերը՝ կրակի շուրջ քոնն են: Գլուխդ հենիր ազդրերիս ու խոսիր ինձ հետ վերջացել են պատմությունները ու պարզվել է, որ սրի արյունն իսկական չէր ու կրծքավանդակիդ մեջ լող տվող ձկները սատկել են: Խոսիր ինձ հետ, որ մոռացումը չզգամ Որ երազներիս գույնով չներկվեն օրգանիզմիս պատերը: Վարտիքդ թաց է, կանայք մոռացել են քեզ Ու դուրս հանել մայրական խնամքը ներսիցդ: Խոսիր ինձ հետ մեր մտերմության մասին որի հատակագիծը փոխեցիր  ու մատիտի ծայրը՝ հոշոտված: Լսու՞մ ես, մեզնից մեկի երախը բաց է  ու ներսում սպանված կյանքեր կան աննշան կյանքեր, որ մոռացանք ջրել իրենց: Ես առնում եմ քո դատարկության համը սեղմվել ես կոկորդիս ձայնալարերիցս թաց վարտիքդ ես կախել ու ինձ խնդրում ես, որ քեզ խնամեմ: Խոսիր հետս, որ չմեռնեմ թափթփված անկողնումդ Ջրի մարմինը վերցրու քեզ Շողքերը, ստվերների անունները, աստվածների խնամքը վերցրու քեզ Մազերդ սանրիր, հոգնել եմ անշուք տեսքիցդ Գիտե՞ս, որ երազումդ հագուստդ էի լվանում Վրան սպիտակ փշրանքներ կային ու քո հոտը տհաճ էր, անչափ տհաճ:

Ու կղզումս սենյակներ կային

Մարմինդ ասեղնագործված է մարմնիս երակներդ՝ շղթայված երակներիս ու երազդ՝ սիրահարված ենթագիտակցությանս: (շղթաներով ամրացված ենք նույն տարածությանը) Մատներս փաթաթված մատներիդ ու ձեռքդ՝ ծնկներիս վրա վախերդ հավաքած պայուսակումս ու կասկածներդ՝ կախ տված պարանիցս։  մարմինդ արծաթագույն լույսի մեջ ու արցունքներումդ՝ արյանս բաղադրությունը։  շուրթերիդ գույնը՝ արտացոլված ոտնաթաթերիս ամրացված հայելուն. Ծովի մեջ՝ մեռած մարդիկ  ու քո մարմինը հասկանում է կղզուս բնակիչների լեզուն  ու նրանց հետ խարույկի մոտ երգեր է հյուսում ու քո մարմինը սիրում է կղզուս բնակիչներին, բայց նաև գիտի, որ լքելու ժամանակը գալու է։ Գնացքը սև խոռոչների միջով ընթանում է դեպի քո ծառացած մարմինը  ու քեզ անտեսելով՝ ներսումդ հյուսված նուրբ լարերը հավաքում իր մեջ  ու սարդոստայն հյուսում դրանցով ու քո սպիերը նոր են ու թարմության հետքեր են կրում իրենց վրա Դեղին, կարմիր ու վարդագույն թելերով հյուսված ես ներքին օրգաններիս ու սնուցումը՝ միայն քեզնով Մարմինդ ասեղնագորված մարմնիս ձայնդ՝ հոդերիս ներսում պահված Ու մեղրի պես քաղցր հայացք

Հունվարյան հարցեր

Տարվա բառը քեզ համար ֊ մշտնջենական. չէ կատակ եմ անում, երևի՝ վարժանք Ինչ լավ սովորություն ես ուզում ձեռք բերել այս տարի ֊երևի թե առավոտյան շուտ զարթնելն ու համեմատաբար մինիմալիստական կյանք վարելը Մանկությունիցդ անմոռանալի հիշողություն ֊ գյուղի ծիրանանոցից ցոգոլներ գողանալը ու էդ ցոգոլների երկնային համը (մեր սերնդի արգելված պտուղը, ի դեպ) մեկ էլ half-life֊ը խաղալը պապայի հետ ու հետո երազներում խաղի միջավայրում հայտնվելն ու վախից կուչ գալը Անցյալի մարդկանցից ու՞մ կուզեիր հանդիպել ֊ Պոյին, որ թուշը պաչեի ու Անդերսենին, որ քնելուց ինձ համար հեքիաթ կարդար Գիրք, որը ցանկացած պարագայում խորհուրդ տալիս ես ֊ Հարփեր Լիի "To kill a Mockingbird"-ը, որովհետև անտանելի լավն է ու անտանելի հումանիզմ կա մեջը Առանց ո՞ր սովորության չես կարող ապրել֊ առանց մտքումս տարբեր սցենարներով տեսարաններ բեմադրելու ծանոթ մարդկանց մասնակցությամբ. դրա անունը իլյուզացում եմ դրել Որտե՞ղ կուզեիր ապրել ամենաշատը֊ Հայաստանում՝ անխոս։ Դե մեկ էլ կուզեի հաճախ Բլրակ գնալ. վաղուց չեմ եղել Ամենամեծ դժվարությունը, որ հ

Գրելը կամ գոնե Գրելը սկսելը

Եթե փորձեմ կյանքս բաժանել իրար հաջորդող ժամանակահատվածների, էսպիսի պատկեր կստանամ՝ - ժամանակաշրջան, երբ գրում եմ օրվա/շաբաթվա/ամսվա և ի վերջո տարվա պլանները - ժամանակաշրջան, երբ ես ապրում եմ գրված պլաններին համապատասխան - միջանկյալ փոքրիկ ու դեպրեսիվ փուլեր, երբ ես խախտում եմ կայունության մասին գրողի տարած օրենքը (որն, ի դեպ, էլի ես եմ գրել): Երևի թե մենք յուրաքանչյուրս պիտի ունենանք սեփական արժեքների համակարգը, սեփական նորմերը ու կանոնները, մեկ էլ լիքը սկզբունքներ՝ ուղղակի նրա համար, որ իրենց ամեն օր մի քանի անգամ ոտնատակ անենք: ասում ա. - Կարող ես ստուգել իմ սենյակը դատարկ է, ես չունեմ սկզբունքներ պահելու դարակ (c) Ավելուկ ***************************************************************** Քանի որ աշխարհում ինձ համար ամենաբարդ բանը ուղղակի որևէ նախադասություն անմիջապես ասելն է՝ առանց տաղտուկ նախաբանների ու ծածկագրերի: Մեկ էլ՝ բութերն եմ չարաշահում: ***************************************************************** Որոշել եմ շարքեր սկսել: Ժամանակին ունեի 13 նկար ու կպչուն մտքեր շարքը, նա