Skip to main content

Posts

Showing posts from May, 2019

խոսիր ինձ հետ

Ինձ հետ խոսիր. անտառի կոները ոտքերիդ տակ են, լռությունը, արտաքսումն ու պարերը՝ կրակի շուրջ քոնն են: Գլուխդ հենիր ազդրերիս ու խոսիր ինձ հետ վերջացել են պատմությունները ու պարզվել է, որ սրի արյունն իսկական չէր ու կրծքավանդակիդ մեջ լող տվող ձկները սատկել են: Խոսիր ինձ հետ, որ մոռացումը չզգամ Որ երազներիս գույնով չներկվեն օրգանիզմիս պատերը: Վարտիքդ թաց է, կանայք մոռացել են քեզ Ու դուրս հանել մայրական խնամքը ներսիցդ: Խոսիր ինձ հետ մեր մտերմության մասին որի հատակագիծը փոխեցիր  ու մատիտի ծայրը՝ հոշոտված: Լսու՞մ ես, մեզնից մեկի երախը բաց է  ու ներսում սպանված կյանքեր կան աննշան կյանքեր, որ մոռացանք ջրել իրենց: Ես առնում եմ քո դատարկության համը սեղմվել ես կոկորդիս ձայնալարերիցս թաց վարտիքդ ես կախել ու ինձ խնդրում ես, որ քեզ խնամեմ: Խոսիր հետս, որ չմեռնեմ թափթփված անկողնումդ Ջրի մարմինը վերցրու քեզ Շողքերը, ստվերների անունները, աստվածների խնամքը վերցրու քեզ Մազերդ սանրիր, հոգնել եմ անշուք տեսքիցդ Գիտե՞ս, որ երազումդ հագուստդ էի լվանում Վրան սպիտակ փշրանքներ կային ու քո հոտը տհաճ էր, անչափ տհաճ: