Skip to main content

***


-Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը: Մինչ փորձում էի թույլ չտալ, որ մեր սենյակ ներխուժած ծառի տերևները լցվեն ներս, մայրս հանկարծակի գոռաց.

- Ասեղների տուփը էլի կու՞լ ես տվել

- Մա՞մ

Շրջվեցի իր կողմ՝ տեսնեմ մայրս կարի մեքենայի է վերածվել ու աղմուկով երեք օր առաջ ծակված վերնաշապիկս է կարում:

- Նորի՞ց, մամ, ասեցի՝ կկարեմ

Բա որ իմանա գուլպաներս էլ են ծակ՝ մտածեցի, հագա կոշիկներս ու դուրս եկա բակ: Մեզ ծանոթ ծառի կողքով վախեցա անցնել, բա որ սկսի անցած անգամվա պես խեժ թքել վրաս: Մի քանի մետր հեռավորությունը պահելով՝ քայլեցի դեպի դիմացի խանութը: Այնտեղ պիտի հանդիպեի կուրսեցուս հորը՝ Արամին, ում ընկերներn իրեն Մեծահոգի Արամ էին ասում՝ մի քիչ ծաղրելով: Արամը մեր շենքի հայտնի դեմքերից էր, ում դիմում էին մեծ ու փոքր գործերի համար: 

Մտա խանութ, դռան վրա գրված էր՝ ռադ եղեք, փակ է:

- Արամ, ես եմ,- ասացի

- Անի՞, ներս արի:

Փակվեցինք խանութում: Բախտս բերել է, որ մեզ ոչ ոք երբեք չի բռնացրել, թե չէ՝ կվռնդեին տանից: Մինչ Արամը կհանի տուփը ու պարունակությունը կլցնի թղթի մեջ՝ մի քիչ պատմեմ իր մասին: Արամին երբեմն կարող եք տեսնել մանկական հրապարակներում՝ ձեռքին փուչիկներ ու փայլուն զարդեր: Նա դրանք չի վաճառում, ոչ էլ նվիրում է երեխաներին: Պարզապես սիրում է դրանք ձեռքին զբոսնել ու գրավել փոքրերի ուշադրությունը: Արամը նաև համեղ աղցաններ է պատրաստում՝ տարօրինակ համերով բույսերից, ուտելուց հետո երկար ժամանակ չեմ կարողանում ուշքի գալ, բայց Արամի խաթեր՝ լռում եմ: Արամը ժամանակին լիքը մարդ է սպանել՝ երբ զինվոր էր, այդ մասին հաճախ է խոսում: Բայց չի հպարտանում իր արարքներով՝ բան է, արել եմ, չարժի խորանալ:

Արամի խանութում մութն ավելի շուտ է ընկնում, քան դրսում: Խանութի հատակին գրեթե միշտ լոբու հատիկներ են թափված, ամեն անգամ մոռանում եմ հարցնել, թե ով է դրանք թափել: 

Արամը պատրաստ է. կարող ենք վառել թղթի կտորները և վայելել վառվող թղթի հոտը. դա մեր ամենասիրած զբաղմունքն է, նույնիսկ հալված ծամոնից մարդուկներ պատրաստելուց էլ ավելի շատ:

Դուրս եմ գալիս Արամի խանութից ու քայլում անհայտ ուղղությամբ: Երբ ասում եմ անհայտ ուղղություն՝ նկատի ունեմ մեր տան ճանապարհի խճուղին, որի անունը, չգիտենք էլ թե ով, անհայտ ուղղություն է դրել: Անհայտ ուղղության ճանապարհին մեծ կատվանոց կա՝ տարբեր գույների ու չափսերի կատուներ: Իրենց հետ կռված եմ. վերջին անգամ տարածս ուտելիքը ոչ մեկի սրտով չի եղել ու հիմա ինձ տեսնելիս՝ արհամարհում են, որոշներն անգամ ատելությամբ նայում:

Հասնում եմ տուն: Դեռ ներս չմտած՝ մեկն ուժեղ ապտակում է: Մտածում եմ՝ մայրս կլինի, պարզվում է մեր տան կողքի ծառն է: Ներողություն եմ խնդրում նրանից ու սենյակ մտնում: Մայրս շարունակում է կարի մեքենայի տեսքով ծակ շորերս կարել ու աղմկել.

- Ասեղների տուփը, վերադարձրու

- Սոված եմ, մամ

Նա ինձ ուշադրություն չի դարձնում: Հանում եմ կոշիկներս, տեսնեմ՝ ոտնաթաթերիս սնկեր են աճել, պոկում եմ իրենցից ամենահասուն տեսքովին ու առանց մտածելու՝ կուլ տալիս:

- Էդ զիբիլը հերիք է փորդ լցնես,- բղավում է մայրս:

Մոտենում եմ սեղանին ու անջատում կարի մեքենան: Հետո ձեռքս տանում եմ դեպի կոկորդս, ներս եմ մտցնում, մատներովս մի կերպ հանում եմ մետաղյա տուփն ու դնում սեղանին:

- Ասեղներդ, մամ:

Պառկում եմ քնելու: Վաղն առավոտյան կմիացնեմ մորս՝ մտածում եմ ու հորանջում:


վաղն առավոտյան- վաղուց հնացած արտահայտություն, որն օգտագործվում է գործը հետաձգելու պատրվակով, մեր քաղաքում առավոտը սկսվում է անմիջապես կեսօրից

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը