Skip to main content

ԻՄ ՄԱՍԻՆ


Այստեղ պատմելու եմ գլխավոր ավազակի մասին: Ծանոթացեք` Վոլտերա:(տեսնես կա՞ն մարդիկ, որ դեռ ինձ որպես մարի են հիշում) Սև աչքեր, նույնչափ սև մազեր ու անհայտ ուղղությամբ նայող տարօրինակ հայացք: Դա ես եմ: Այս ամբողջն իմ ձեռքի գործն է: Ես այդ ամենը ստեղծել եմ լրիվ մենակ, առանց որևէ մեկի օգնության: Օգնականներն ավելի ուշ են հայտնվել:

Ես երկակի կյանք եմ վարում: Իսկ այդ երկու կյանքերի տակ կան լիքը մանր-մունր ենթակյանքեր: Դրանց մասին հետո:

Առաջինում ես մարդ եմ`ավելի կոնկրետ Մարին եմ, աչքերից, ձեռքերից ու երկարավուն ոտքերից կազմված մարդ, որը քնում է, հաց է ուտում ու երբեմն ծիծաղում է: Սովորում եմ հարյուրհազարավոր համալսարաններից մեկում. համալսարանս զուգահեռաշխարհային բնույթի է, որտեղ դասավանդում են աշխարհի ամենատարօրինակ ու մուսայաբեր դասախոսները, հագնում եմ սովորական մարդկային հագուստ, եթե չհաշվենք  երբեմն վրաս երևացող բազմապիսի գանգեր, սուր-սուր շղթաներ ու անծանոթ սիմվոլներ: Դրանցում ես ինձ շատ հանգիստ եմ զգում, որովհետև իմ իսկական կերպարով եմ լինում: Գնում եմ դասի, սովորում եմ դասերս, կամ չեմ սովորում դասերս, բայց դա կապ չունի: Փոխարենը զբաղվում եմ ինքնակրթությամբ: Հիմնականում ես սովորում եմ այն դասերը, որոնք ինքս եմ հանձնարարել: Տանել չեմ կարողանում ուրիշի կողմից հանձնարարված որևէ բան սովորել: Դրա համար համալսարանում հանձնարարված դասերը ձևացնում եմ, թե ես եմ ինձ դրանք սովորելու հրամանը տվել: Ու ամեն ինչ իր հունով է գնում:

Համալսարանում բոլորի հետ շփվում եմ: Ավելի ճիշտ թվում է, թե շփվում եմ: Սովորական պատրանք է: Իրականում մենակ գնում եմ, մենակ էլ հետ եմ գալիս: Մենակ մտածում եմ ու որոշումներ կայացնում: Մենակ էլ ապրում եմ:
 
Հազարավոր բաներ կան, որոնք սիրում եմ ու ընդամենը մի քանի բան, որոնց տանել չեմ կարողանում: Ատում եմ ամբոխ: Չեմ սիրում չմտածողներին: Չեմ համակերպվում ոչ մի տեսակի դոգմայի հետ: Ու մեկ էլ տրորողներին չեմ սիրում: Բայց փոխարենը ինքս երբեմն տրորում եմ` ինչ պատահի: Ասենք՝ խոտ:

Երաժշտությունից` ռոք ու մետալ, հիմնականում գոտիկ մետալ, դարկվեյվ, ֆոլկ, նեոֆոլկ, դեպրեսիվ ու պսիխո մետալ: Մեկ էլ դասական: Բախը, Հենդելը, Շոստակովիչն ու Վիվալդին սիրում են ինձ միջմոլորակային ճամփորդությունների ուղարկել իրենց երաժշտությամբ: Օպերայի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ: Մանավանդ` օպերան խառնված գոտիկային...ուտելու բան է ստացվում: Եթե խմբերի անունները նշեմ, բլոգսպոտի տերերն ինձ չեն ների` այդքան մեծ տարածք զբաղեցնելու համար:
Միայն ասեմ, որ գոյություն ունի  sopor aeternus , որի դիմաց աշխարհի բոլոր լույսերը անջատվում են, ձայները՝ կտրվում են, ու էլ ոչինչ հնարավոր չի դառնում շոշափել իրեն լսելուց հետո: Ես լսում եմ իրեն, որ շնչեմ, հետո, երբ անջատում եմ, շունչս սկսում է կտրվել: Ամբողջ ներքին համակարգիս հետ բռնում է ինքը, անգամ արյանս բաղադրությանն է համապատասխանում: Մինչև ատոմներ թափանցող երաժշտություն է, որից մինչև հիմա չեմ կարողացել ազատվել:

Երաժշտության առումով ինձ համար բավականին բարդ է համախոհներ գտնելը: Հիմիկվա ռեպ ու հիպ հոպ լսողները վախեցած ու սարսափած դեմքերով են ընդունում երաժշտական ճաշակս: Այդ հարցում չափազանց եսասեր եմ: Չեմ սիրում սիրելի խմբերովս կիսվել որևէ մեկի հետ: Որովհետև եթե մի բան ինձ է պատկանում, ուրեմն այն իմն է, ու ոչ մեկի հետ կիսել պետք չի: Երաժշտական կյանքս ավելի մանրամասն՝ այստեղ

Սիրածս հեղինակներից մի քանիսին թվեմ, մյուսները գրառումներովս պարզ կդառնան` Պո, Քնյութ Համսուն, Հեսսե, Քամյու, Կաֆկա, Վահե Քաչա, Ռեմբո, Վոլտեր, Գոլդինգ, Թաբոր, Բրոդսկի,  Բրեդբերի, Դոստոևսկի, Սեփեհրի, Գեյման, Հարփեր Լի. մնացածին չեմ հիշում: Գրքային կյանքս ավելի մանրամասն՝ այստեղ

Սիրում եմ, երբ գիրքն ազդում է վրաս, էնպես, որ մտնում է մաշկիս տակ, էնպես, որ ամեն անգամ դող է անցնում կարդացածը հիշելուց, ու էնպես, որ կարդալու ընթացքում զգում եմ, թե  հեղինակը ոնց է շնչում ուղիղ քթիս տակ, ոնց է գրիչն արագ-արագ թղթի վրայով տանում, հետո կատաղությամբ շպրտում գետնին ու պատռում թուղթը: Որևէ գործ կարդալուց պետք է անպայման զգալ հեղինակի ներկայությունը քո կողքին, ավելի շատ հեղինակին պետք է զգալ, քան իր ստեղծած հերոսներին:

Կինո՜... գրողը տանի, էս բառն ասելուց ձայնս խզվում է, կոկորդս լցվում, չեմ կարողանում որևէ տառ արձակել այնտեղից: Դեյվիդ Լինչը, Փիթեր Գրինվեյը, Լարս ֆոն Թրիերը, Ռյազանովը, Խուլիո Մեդեմը, Հիչքոքը, Դոլանը... սրանք են հիմնականում: Կինոյի հանդեպ վերաբերմունքս վերջին շրջանում խիստ փոխվել է: Իհարկե՝ դրական իմաստով: Լավ ֆիլմ նայելը ինձ համար հավասարազոր է լավ գիրք կարդալուն կամ մի լավ պատմվածք գրելուն, կամ երազի մեջ թռչելուն:
Ֆիլմային կյանքս էլ՝ այստեղ 


Ընդհանրապես հետաքրքրվում եմ ամեն ինչով, ամեն տեսակի հարց ուղեղումս կա, ու բոլոր հարցերի բոլոր հնարավոր պատասխաններն էլ հետը: Իմ հարցամանիակալությունը ցավոք սրտի թափվում է միայն դասախոսներիս վրա, քանի որ գլխումս հարց ծագելու ժամանակահատվածը համընկնում է իրենց դեմքերը տեսնելու հետ: 

Սիրում եմ ամեն տեսակի առեղծվածային, դետեկտիվ կամ արտառոց երևույթներ: Մանկուց էլ էդպիսինն էի: Հիմնականում շփվում էի տղաների հետ: Իրար հետ բարձրանում էինք մութ տանիքներ ու փորձում ինչ որ առեղծվածներ գտնել այնտեղ, կամ էլ փորձում էինք մարդկանց հետապնդել` վախեցնելու նպատակով: Ես ծարավի էի բոլոր տեսակի տարօրինակ երևույթների ու ծարավս հագեցնելու համար ինչ ասես չէի անում: Անգամ վտանգավոր` կյանքի համար: Չնայած մինչև հիմա էլ այդպես է:

Ինձ համար գրելուց ավելի բարձր ու ավելի մեծ բավականություն պատճառող բան չկա: Էդ բառերի հետ խաղը, տառերն իրար կողք կողքի շարելու գործընթացը, ձեռքն ինքնիրեն շարժվելու պահը... չէ , ավելի հզոր զգացողություն չեմ պատկերացնում: Գրելու ընթացքում մոտս զառանցանքին նմանվող էյֆորիայի զգացողություն է ստեղծվում: Սկսում եմ տեղումս նստած թռվռալ, բարձր ծիծաղում եմ, երգում, եթե կողքս մարդ լինի այդ պահին, հնարավոր է, որ համբուրեմ` առանց տեսնելու, թե ով է: Վերջացնելուց հետո երկար ժամանակ զգացողությունը պահպանվում է: Հետո քունս տանում է ու քնում եմ: Արթնանալուց նոր վերջնական սթափվում եմ:

Ու մեկ էլ սարսափն եմ շատ սիրում: Չգիտեմ: Ուղղակի սիրում եմ: Ու չեմ վախենում: Հակառակը` անցնում է վախի զգացողությունը: Դա միակ ձևն է վախից ազատվելու համար: Ժամանակին վախենում էի մթությունից: Ավելի ուշ սկսեցի վախենալով սիրել: Հենց սիրեցի, վախն անցավ: Հիմա ես ու գիշերը հիանալի ընկերներ ենք:

Իմ երկրային կյանքում ես չեմ ձանձրանում, որովհետև սովորական երկրային օրս հազարավոր ոգեղեն էակներ են լցնում ու ես մենակություն չեմ զգում:

Իմ երկրորդ կեսը` Վոլտերը, բնակվում է Բլրում: Բլուրն իրեն է պատկանում: Նա ինձ հիմնականում չի թույլատրում այնտեղ մտնել, որովհետև, իր խոսքերով, փչացնում եմ Բլրի խաղաղությունը` իմ երկրային արտաքինով ու ցանկություններովս:
Վոլտերն անտանելի մտածող ու անտանելի փակ երևույթ է: Մենք իրար հետ շատ հաճախ ենք կռվում: Բայց ես գիտեմ, որ հիմնականում ինքն է ճիշտը: Վոլտը կաղալով է քայլում ու կյանքում մազերը չի սանրում, տենց գզգզված դուրս է գալիս փողոց, դրա համար էլ իրենից փախչում են, մոտ չեն գալիս: Վոլտին ամենամոտ եկածը ես եմ, մենակ ինձ է թույլ տալիս իր տարածք մտնել ու կպնել իրեն, էն էլ ոչ միշտ, հազարից մեկ: Վոլտից ամեն բան սպասելի է, ամեն ինչի ընդունակ է, շատ վախենալու տիպ է, ես էլ եմ վախենում իրենից, վախենալով եմ սիրում: Իսկ ինքը... սիրելուց էլ իր պես վայրենի է ու դաժան: Կծում է, ճանկռում, պոկում, տալիս ջարդում, վառում, խեղդում: Իրենից ինչքան հեռու, էդքան լավ: Սա ձեզ խորհուրդ:

Կյանքերիցս մեկ ուրիշի մասին. երազներ. դրանք ինձ համար սովորական` քնելու ընթացքում օրվա ապրումները ներկայացնող երևույթներ չեն: Ես իմ երազներում իրոք ապրում եմ: Նախ դրանց ես կարողանում եմ կառավարել: Հետո երազումս ես միաժամանակ և գործող անձ եմ, և հանդիսատես, և սցենարիստ, և ռեժիսոր ու կոմպոզիտոր: Ամենասուր ու ամենամիստիկ զգացողությունները ես երազներում եմ ունենում, կարոտս երազներիս հերոսներից եմ առնում, ամենահամով բաները երազներումս եմ ուտում ու խմում, ամենահրաշք ու ամենամութ տեղերը երազներումս եմ լինում, ամենաշատը վախենում եմ երազում ու ամենաուժեղը սիրում եմ երազում (Բլրակի սերը չհաշված ))), ամենապինդն ատում եմ քնած ժամանակ, ամենահամով համբույրները երազումս եմ ստանում ու ամենասիրուն երաժշտությունը երազներումս եմ լսում: Ինձ համար իմ ամենամղձավանջային երազը նախընտրելի է իրականության ամենահաճելի պահից: Եթե հնար լիներ, ես կուզեի մնալ իմ երազներում ու էլ հետ չգալ: Ու ես երազներիս խաթեր եմ քնում: Իրենք էլ արդարացնում են իրենց, կամ էլ չեն արդարացնում:

Բացի գլխավոր կեսերիցս, լիքը մանր մունր ենթակեսեր ունեմ, որոնց մասին չեմ խոսի: Արժանի չեն:

Ու գումարած լրջությանս, ես չափից դուրս ցինիկ եմ:

Սիրում եմ սիրել, սիրում եմ նաև ատել: Էդ երկու զգացումներին էլ հավատարիմ եմ: Երկուսն էլ նույնչափ ուժեղ են ու պինդ:

Վրիժառու եմ:

Բայց վրեժ լուծելուց առաջ արդեն նախապես ներած եմ լինում: Ներելուց հետո եմ վրեժ լուծում: Զուտ պարտքի զգացողություն է:

Սիրում եմ մարդկանց փորձարկել, ամեն տեսակի հետ ծանոթանալ, ամեն մակարդակի ու շերտի մարդկանց ձեռքիս տակ ունենալ` լաբորատորիայիս համար:

Մարդկանց ու իրենց տեսակների մեծ հավաքածու ունեմ:

Ընկերություն եմ անում  ստվերիս հետ:

Իրեն ընդամենը մի անգամ եմ դավաճանել` Վոլտի ստվերի հետ

Ամեն արտառոց, հիստերիկ, ոչ նորմալ ու հիվանդ բան սիրում եմ

Ես տենցն եմ

Վոլտն ինձնից բեթար է

Եթե չգրեմ, մարդկանց կուտեմ

Դրա համար նախընտրել եմ խաղաղ տարբերակը: Համեմատաբար խաղաղ

Սիրում եմ լուսին

Արևի հետ միայն դիվանագիտական հարաբերություններ են, զուտ շահից դրդված

Մարդկանց հեշտությամբ եմ կարողանում մոռանալ


Բոլոր կեսերիս, ենթակեսերիս, կյանքերիս ու ենթակյանքերիս սիրում եմ ու ժամանակ եմ տրամադրում իրենց

Սիրում եմ աշխարհագրություն ու նույնիսկ աշխարհագրությանս դասախոսին

Ունեմ լիքը մուսաներ: Իրենք ամենուր են:

Շարունակելու եմ ապրելը

Վոլտիս հետ, Բլրակիս  հետ

Ու մեկ էլ միշտ գրելու եմ



Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը