Skip to main content

Հեղինակի մասին


Կարծում եմ, որ գրելու մեջ թաքնված են մանկությանս բոլոր արահետները, բոլոր գույներն ու ձևերը, որոնք ընկալելու համար դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու, բոլոր էակները երբևիցե ստեղծված ու մի քիչ էլ տարածություն՝ սպասասրահի պես մի բան, որտեղ ապրում եմ այն ընթացքում միայն, երբ չեմ գրում:

Մարի է անունս, ես համարյա թե վստահ եմ, որ գրելը միակ բանն է, որի համար իրոք արժի ամեն ինչ ուղարկել գրողի ծոցը, եթե կա դրա կարիքը: Ես ունեցել եմ զգայարաններով հարուստ մանկություն ու խիստ տարօրինակ պատանեկություն, որից հետո հայտնվել եմ մի այնպիսի շերտում, որտեղ ամեն ինչ պարզ է ու խորը, բայց ոչ անհատակ:

Ասում են, որ ես լավ գլուխ եմ հանում մարդկային հարաբերություններից, ինտուիցիաս անփոխարինելի է, բառերի հետ խաղալ եմ սիրում, սիրում եմ կապվել ենթագիտակցությանս ամենամոգական շերտերի հետ ու իրենցից տեղեկություններ կորզել իմ մասին: Մի քիչ ստացվում է:

Երազներիս հետ մտերիմ եմ, երազներս կարողանում եմ վերլուծել, երազներիս զգայարաններին հավատարիմ եմ, իրենց հետ խիստ զգույշ եմ ու հարգալից:

Ես սովորել եմ իմ սուբյեկտիվ իրականության համար ամենալավ դպրոցում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Հիմնական մասնագիտությունս ընտրել եմ զբոսաշրջությունը ու էլի իմ սուբյեկտիվ իրականության մեջ փայփայել եմ այն՝ մինչ այն պահը, երբ վերջնական թողել եմ ու գնացել:

Հիմա աշխատում եմ Թումոյում՝ ուսուցանող մարզիչ եմ, մտերիմ եմ իսկական հրաշամանուկների՝ պատանիների հետ, ովքեր երբեք չեն կորցնի իրենց կարևորությունն ու արժեքն իմ կյանքում:

Գրել սկսել եմ 2012 թվականից, թե ինչպես կամ ինչու՝ երբեք չեմ համարձակվել մտածել այդ մասին

Ամեն ինչ սկսել է գրելու մասին միտք ունենալուց, երբ հասկացել եմ, որ այդ միտքն անչափ հաճելի է քիմքիս:

Ծնվել եմ 1995 թ. դեկտեմբերի 26-ին:

Փոքր տարիքում սիրում էի լպստել մեր տան կահույքը, երբ մաման սպիրտով մաքրում էր, սիրում էի գրքերի փոշին շնչել, կապված էի մեր տան բոլոր սենյակների հետ՝ ամեն մեկին յուրովի:

Հետո մի օր պարզեցի, որ մանկությունս չափազանց լավ եմ հիշում, այնպիսի մանրամասնություններ, որ վախենում եմ անգամ բարձրաձայնել:

Գրելն ինձ համար խնամք է էգոյիս հանդեպ, կենսական անհրաժեշտության օրգան է՝ ֆիզիկապես գոյություն ունեցող ու այդ մասին անընդհատ հիշեցնող:

Եթե մի օր դադարեմ գրելը՝ մարդկանց կուտեմ: Սրանում գրեթե համոզված եմ:

Comments

  1. Իսկ եթե օրերից մի օր էդ հրաշամանուկներին դու մոռանաս` ուրեմն իմացիր որ էլ այն չես դու։
    Մարի՜
    Քո մասին գրածները ամենահաճուկքովն են կարդացվում։

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը