Skip to main content

ԲԱՆՏԻ ՄԱՍԻՆ

Նկարի հեղինակ՝ Stefan Zsaitsits

Մենք էստեղ չորսով ենք. Ես, Ալանը, Ակոբն ու Բենը. Ես գլխավոր բանտարկյալն եմ, Ալանը մոխրասև որձ ագռավիկ է, Ակոբը բանտապահն է: Նա հիմնականում քնած է ու չի տեսնում, թե ինչով ենք զբաղվում ողջ օրը, իսկ Բենը մեր ավագ եղբայրն է: Նրան նույնիսկ ծիծաղելի է եղբայր անվանելը, քանի որ շատ զառամյալ է` մոտ երեք հարյուր տարեկան ու իր տարիքի համեմատ բավականին ժանգոտ է: Նա մեր միակ չորսշարքանի ճաղն է, նա հատուկ այնպես է տեղավորված, որ երեկոյան ժամերին պատուհանից երևա լուսինը: Լուսինը մեզ չի սիրում, բայց մենք իրեն սիրում ենք, որովհետև ամեն երեկո իր ննջարանում շորերն է հանում ու ժամերով իրեն հայելու մեջ նայում: Դե մենք էլ` մի քանի տարվա բանտարկյալներս, դժվար թե անտարբեր անցնենք Լուսնային գեղեցիկ մարմնի կողքով: Երեկոյան տասնմեկից հետո Բենը բացում է իր ճաղերից երկուսը, և ես ու Ալանը թառում ենք պատուհանից դուրս` խողովակների վրա: Այնտեղից պարզ երևում են գիշերն ու իր բարեմասնությունները, դե մենք էլ մի քանի տարվա բանտարկյալներս... Ակոբին դժվար է համոզել մեզ միանալ: Նրա միակ տարերքը քնելն է ու մի գլուխ խռմփացնելը: Ես ու Ալանն իրար սիրում ենք, Բենին էլ ենք սիրում երբեմն, եթե իրեն խելոք է պահում, այ իսկ Ակոբին ամենաշատն ենք սիրում, որովհետև նա միակ շնչող ու քայլող արարածն է մեզ մոտ` դռան այն մյուս կողմում, և հետո նա մեզ չի բարկացնում ու Լուսնի պես քմահաճ չէ: Մենք իրար սիրում ենք, բանտն էլ մեզ է սիրում, բայց իրականում դա բանտ չէ, դա միայն կողքից  է այդպես թվում: Մենք թափանցիկ սարդի թելերով Բլրակից դեպի երկիր հսկայական շարան ենք գործել ու անցնող դարձողին թվում է, թե մենք բանտում ենք, իրականում դա մենք չենք, այլ մեր ստվերները: Բենը մեզ շատ է օգնել սեփական ստվերները ձևացնելու հարցում: Ու դա մեզ մոտ ստացվում է: Համենայն դեպս մինչև հիմա դեռ չենք բռնվել: Մեր թվացյալ բանտի պատերը թափանցիկ են, իսկ Բենն իրականում ոչ թե ճաղ է, այլ զառամյալ սարդ-ծերուկ: Ակոբն էլ ...չէ, նա իսկական մարդ է...երևի ..մենք դա երբեք չենք իմանա: Բայց մենք Ակոբին վստահում ենք, ախր ոնց կարելի է քնած մարդուց որևէ վնաս սպասել, այ իսկ արթուններից...
Ու բարի գալուստ բանտ...չէ...թվացյալ բանտ..ախր արդեն պատմեցի չէ:
Հիմա Ալանի ճաշի ժամն է, երկնքում կիսախավար է, մեզ մոտ սպիտակին խփող կիսամութ է, իսկ Ակոբը երազներ է տեսնում, չնայած դեռ պարզ չի, թե մեզնից ով է իրականում երազ տեսնողը:
Եթե պատահմամբ կամ անգիտակցորեն այցելել եք իմ բանտ ու շվարած նայում եք շուրջբոլորը` չիմանալով որտեղից սկսել, ես կարող եմ ձեզ օգնել: Այ այն աթոռին քնածը Ակոբն է, ուսիս թառածն Ալանն է, իսկ ձեզ դիմավորողը գլխավոր բանտարկյալն է,  ես եմ: Հա, հա, հենց դա ես եմ մի զարմացեք. Այո, չեք սխալվում, ես բավականին թափթփված տեսք ունեմ ու արտաքինից գրավիչ չեմ, բայց մի փոքր դիմացեք, ես ձեզ ցույց կտամ իմ բանտի ու բանտակիցներիս բարեմասնությունները, դրանք այդ ձեր լուսնից էլ ու գիշերվանից էլ գեղեցիկ են ու հաճելի:
Մեզ մոտ միայն եռաչափ ուրվագծային ու կիսամութ խուց չէ, մի քիչ որ երկար մնաք, կբացահայտեք լիքը բան: Անգամ ես մինչև հիմա բանտիս ներսն ամբողջությամբ չեմ ուսումնասիրել: Մենք միասին դա կանենք` ես, Ալանն ու Բենը, քնաթաթախ Ակոբն ու իմ սիրելի բարեկամ ուրվականները:
Այսուհետև բանտիս պատերն ամեն օր են լցվելու գրառումներով ու Ակոբի արված նկարներով: Ես դա խոստանում եմ: Ձեռքս դնում եմ բլրակիս դարպասների վրա ու երդվում: Այսուհետև բանտս աչքաթող չեմ անելու ու լցնելու եմ ինչով որ պատահի: Ալանը վկա: Հենց նոր տեսավ ու լսեց երդումս, ուրեմն իր ձեռքից էլ չեմ պրծնի, ու եթե խախտեմ երդումը թող վառվեն բլրակն ու ծերուկ զառամյալ Բենի գործած թափանցիկ սարդոստայնի թելերը, որոնցով հավասարակշռվում են մոլորակը, բլրակն ու բանտը ու որոնց միջոցով ամեն վայրկյան հայտնվում եմ իմ ուզած վայրում:
Ես սիրում եմ բոլորին: Բայց ամենաշատը սիրում եմ բանտումս անցկացրած օրերը... մի մոռացեք...թվացյալ բանտի:

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ