Skip to main content

Posts

Showing posts from June, 2015

ինձ քո մառախուղները պետք չեն

ինձ պետք չեն փրփուրներ` բռնվելու համար, քեզ պահիր դրանք ես նախընտրում եմ հաստաբուն ծառից կախվել քեզ պահիր քո մառախուղները ինձ պետք են պարզ, հասկանալի, երևացող ճամփաներ տար ու վառիր քո պարանը, աթոռը, կոշիկներիդ կապերը ես նախընտրում եմ սովորական դռնից դուրս գալ ինձ պետք չեն քո սովորեցրած գաղտնի մուտքերն ու ելքերը ինձ նշաններ պետք չեն, ինձ բառեր են հարկավոր` պարզ, անշփոթ իմ վրայից վերցրու քո ճառագայթները, ուրիշի ուղղությամբ շողա ձեռքերդ հեռացրու աչքերիցս, ես մթության մեջ ինքս ինձ պետք չեմ ու մի հազա իմ ներկայությամբ, այն դեպքում, երբ իրականում փռշտալ ես ուզում փակ ու կոմպլեքսավորված արկղ, պարկդ գլխիցս հանիր թող շնչեմ իմ օդը ինձ քո մառախուղները պետք չեն ես պարզ, հասկանալի ու երևացող ճամփաներ եմ ուզում

հնարովի

- Ի՞նչը ստիպեց  Ձեզ այդքան ուժեղ գտնվել - ուղղակի ես մեռնել չէի ուզում - այդ պահին մտածու՞մ էիք Ձեր ընկերների մասին - չէ, միայն իմ - և թքա՞ծ ունեիք` կվառվեն, թե չէ - այո, ամբողջապես թքած ունեի - իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ Ձեր վերջին ուժերով արձակեցիք նրանց կապերը - իմաստ չէր ունենա, եթե իրենք մեռնեին - դա արդեն նշանակում է, որ թքած չունեիք - չէ, դա չի նշանակում - գիտակցու՞մ եք, որ երեսուներկու հոգու եք փրկել մահվանից, գումարած նաև ինքներդ ձեզ - այո - համարու՞մ եք Ձեզ մարդասպան - ոչ - ինչու՞ - սպանածս մարդ չի եղել - ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում - էլ չեմ վախենում մարդկանցից - իսկ ցավո՞տ է այդ ամենը հիշելը - երբ դանակով պատռեցին փորս ու վրան սպիրտ լցրին, հասկացա, որ երբեք ցավին ծանոթ չեմ եղել մինչև այդ - ի՞նչ զգացիք, երբ սպանեցիք նրան - հանգստություն - ի՞նչ կփոխեիք, եթե կարողանայիք ժամանակը հետ տալ - ոչինչ չէի փոխի, նույնությամբ կսպանեի նրան - պատրա՞ստ եք ևս մեկ անգամ սպանելուն - այո, միանշանակ պատրաստ եմ - իսկ որտեղի՞ց Ձեզ ֆիզիկական այդքան մեծ ուժ - տեղում ձեռք բերեցի - կրակել գիտեի՞ք - ոչ

Helium

նվիրվում է ակումբցիներին Նախաբանից առաջ: Նախապատրաստում Ակումբցիների համար այդ քարանձավը չափազանց ցուրտ էր ու քարքարոտ: Նրանք սովոր էին բազմել այգիների, փաբերի կամ պարզապես ասֆալտի հարթ մակերևույթներին: Իրականում նրանք մի հսկայական բազմություն էին կազմում` զինվոր մրջույնների պես, հայտնվել էին քարանձավում շատ պատահական: Չէին տրորում իրար, չնայած որ տարածքը շարժվելու համար նեղ էր, նստելու համար` թաց, միմյանց երեսին նայելու ու ժպտալու համար` մութ, բայց ոչ այնքան մութ, որ երկու ակումբցի կարողանային մյուսներից թաքուն շոյել իրար: Նրանք բոլորը կանգած էին, ձգել էին ոտքերը, իսկ ձեռքերը դրել էին գրպանները ( նույնիսկ նրանք, ովքեր գրպաններ չունեին): Եթե քարանձավի ամենավերևի անկյունից դիտեիք, կտեսնեիք միմյանց միախառնված մազերի տեսականի` կարճ ու կոկիկ, երկար ու ոլորուն, երկար ու արդուկած, խուճուճ ու բրդե: Բոլորի մազերն իրար էին սերտաճել, ու եթե հնարավոր լիներ ճեղքել նրանց արանքն ու բարձրանալ վեր, կարելի էր պառկել, հենվել կամ փռվել մազերի մեջ: Ու նրանք նույնիսկ չէին էլ զգա, որ իրենց գլխավերևում խռմփա