Skip to main content

Posts

Showing posts from November, 2012

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը