Skip to main content

Թաթեր

    Դա ցեխը չէր լպրծուն ու թաց:

    Անձրևի չլմփոցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել քայլերը:

    Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր ոտքերը:

    -Պայմանավորվեցինք: Ով շուտ վերջացնի` կստանա կոշիկը:

    Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին:

Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր  ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:

    Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից:

Հինգ զույգ ոտքեր իրար չէին զիջում դողալու ու սրթսրթալու իրենց հմտությամբ:

Մի քանի կոշտացած ձեռքեր շարժվում էին մեծ բավականությամբ:

Իրենցից ավելի խորամանկները դիմում էին մտքի օգնությանը:

Չէ՞ որ արգելված չէր երևակայությամբ աշխատել:

Կարևորը ցանկալի արդյունքն էր` հնարավորինս շուտ ու արագ:

    Փողոցի կենտրոնում դրված էր ցեխից պլպլացող մի զույգ երանություն` սև ու մաշված:

Շուրջբոլորը հավաքվել էին հինգ սառածները:

    Հինգ անկուշտ ցանկություն` ինչքան հնարավոր է շուտ վերջացնել: Ոտքերը թմրել էին, կոշտուկները սպասել չունեին, համբերությունը վաղուց արդեն բաժակի մեջ սառույցի կտորի էր վերածվել: Շարժվել էր պետք, պետք էր աշխատեցնել ամբողջ միտքն ու երևակայությունը,  հասնել էր պետք կենտրոնում դրված ցանկալի պլպլանին:

    Ոչ մեկն էլ հստակ չէր հիշում, թե իրենցից ով առաջարկեց նման միտք: Կոշիկը չէին կարող կիսել հինգ մասի, բայց ոչ էլ կարելի էր թողնել աղբանոցում նետված: Կոշիկը պետք է պատկաներ մեկին: Հինգ զույգ ոտքից գոնե մի զույգը պետք է զգար տաքություն, գոնե մեկնումեկը նրանցից չպետք է սառեր վերջնական: Իսկ երկար մտածելու ժամանակ չունեին: Պետք է ընտրեին կոշիկը ստանալու ամենահարմար եղանակը: Ամենաարագն ու տղամարդկայինը:

    Ձգձգվում էր:

    Ինչ-որ մեկը անջատել էր նրանց` ժամանակին կուտակած բոլոր կեղտոտ ու արգելված պատկերներն ու տեսարանները: Բոլորի մտքում միայն մի շարժում էր երևում` ոտքեր, քայլող ոտքեր ու կոշիկ: Տաք կոշիկ: Չսառած ոտքեր:

    -Տղերք, հերիք է` այդ հինգից մեկի ուժասպառ ձայնն էր:

    Պատասխան չկար: Չէր կարելի բացել աչքերն ու կողքերը նայել: Չէ՞ որ պայմանավորվել էին: Պետք էր ավարտին հասցնել` ինչ գնով էլ որ լինի:

    Փողոցի անկյունում լսվեց կանացի անզուսպ ծիծաղ: Ծիծաղն անցավ հինգ զույգ սառցակալած ականջով ու լցվեց կենտրոնում դրված մուգ ու ցեխոտ կոշիկի մեջ:

    Կարելի էր օգտվել ծիծաղից, դա էլ արգելված չէր: Բայց տաք ու կոշիկով պատված ոտքերը ծիծաղն արձագանքում էին որպես մանկական խաղահրապարակից եկած ձայն: Ոչինչ չէր ստիպում նրանց ընկալել ծիծաղն այն վիճակով, որը պետք էր արդյունքի հասնելու համար:

    Այս մեկն էլ ձախողվեց: Պետք էր այլ տարբերակ գտնել:

    Հինգ զույգ լսողություն փորձ արեց որսալ շրջակայքի ձայները: Ոչ մի ցանկալի ձայն: Բոլոր ձայները լցվում էին կոշիկի մեջ ու հակառակ ազդեցությունը թողնում հինգ ձանձրացած ու հոգնած մրցակիցների վրա: Ձեռքերն արդեն թմրել էին: Շարժվել չէին կարողանում: Տղերք հերիք է գոռացողը պառկած էր տաք ավազին ու վայելում էր տաք ջրի մեջ դրված ոտքերը: Աչքերը փակ չէր էլ զգում, թե ոնց է սառը ցեխը մտնում մաշկի մեջ ու ներծծվում ամբողջ մարմնում:

    Փողոցում մի շուն էր ձայնը գլուխը գցել:

    Իսկ ո՞վ կհամարձակվեր օգտվել այդ անմեղ արարածի արձակած ձայնից:

    Բոլորն էլ համարձակվեցին: Բայց հաչոցը տաք գարնան ու մեղուների տեսք ընդունելով անցավ այդ հինգի կողքով` թեթևակի դիպչելով ուսերին ու նորից լցվելով ցեխոտ կոշիկի մեջ:

    Հիմա էլ ոչինչ չէր կարող ստիպել նրանց ստանալ ցանկալի իրը:

    Իսկ շան հաչոցն ավելի ու ավելի էր մոտենում` նմանվելով մի սատկած բզեզի` ծաղկից ծաղիկ թռչելուն:

    Քրտինքի տասնյակ կաթիլներ հոսում էին հինգ սառույց դարձած մարմիններով` ամեն մի կաթիլը յուղի պես ծանր: Կարծես ձյութով պատված լինեին: Շնչառությունն ավելի էր անկանոն դառնում: Լսվում էին ոտնաձայներ, կանացի ծիծաղն ավելի ու ավելի էր մանկական խաղահրապարակ հիշեցնում, իսկ շունը…..մի գլուխ բզզում էր ու կոշիկներ հագած ծաղիկներով վազվզում:

    Մի ուժասպառ  էլ պառկեց տաք ավազին ու ցեխի բաժին դարձավ:

    Մնացին երեքը:

    Կարող էին սառել հենց այդ դիրքում  քարացած` կենտրոնում թողնելով երբեք իրենց չպատկանող կոշիկը:

    Իսկ շունն արդեն հոտոտում էր մաշված իրը: Լեզվով փորում էր ներսում եղած մեղուներին: Թաց մռութով ներս էր խցկվում կոշիկի մեջ ու մանկական ծիծաղը սուր ատամներով դուրս հանում այնտեղից:

    Խաղահրապարակը վերացավ տեսադաշտից ու երեք զույգ աչքեր թրթռալով բացվեցին: Դադարեց ձեռքերի շարժումը: Կարողացան ընկալել միայն հեռվից երևացող շանը` բերանում այդքան սպասված տաքությունն ու երանությունը: Հենց այստեղ էր, որ ականջներին հասավ կանացի փռթկոցն ու տեսան գետնին փռված երկու սառածներին:

    Անձրևի չլմփոց:

    Շնչակտուր վազք ` հասնելու շանն ու խլելու նրանից իրենց միակ փրկությանը:

    Վազելու պահին էր, որ վերակենդանացան  բոլոր այն  պատկերներն ու մոռանալով իրենց տարերքի մասին` փռվեցին ցեխոտ փողոցի կենտրոնում` ականջները սրած կանացի փսփսոցներին ու թպրտալով ցանկությունից:

    Շունը փախչում էր` բերանում պահելով դատարկված կոշիկը:

    Կարծես թե նրա հետևից էին ընկել բոլոր մեղուներն ու սատկած բզեզները, որոնց ինքը լեզվով դուրս էր հանել այն տեղից, որտեղ պետք է լինեին այն հինգից մեկնումեկի սառած ու մերկ ոտքերը:

    Ու այդ ցեխը չէր լպրծուն ու թաց

    Անձրևի չլմփոցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել վազքը

    Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր թաթերը:

Comments

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...