Skip to main content

իմ մեջ


Ոնց եմ կարողանում առաջ քայլել,

երբ ցեխով լցված տակառը,

կեղտի կաթիլները, որ անձրև են ձևանում,

արյունարբու փոքրիկ գնդերը, որ միայն մարմնովս չսահմանափակվեցին,

թարթիչներիս մեջ ապրող կույր հրեշները,

հառաչել ձևացող գնացքը,

խոռոչները՝ տերևների մեջ ու լույսի բացակայությամբ սնվող,

բահը, որ մասնատված մարմնի համար էին պահել,

ու նույն մասնատված մարմինը՝ առանց արյան,

իսկ ցողունի միջինը արնագույն էր

քաղցած ձայները, քաղցելու մասին երգերը, քաղցի հիմնը

կողքիս են

իմ մեջ: իմ մեջ


ու ոնց է ստացվում ետ չնայելը, երբ

ծծումբը՝ երկնքից

անձրևորդերի բազմությունը հողի տակից

մեկ էլ ծովը, որ ջրվեժի չափ կատաղի է

շրջանաձև հերթերը, որ ուղղությունը փոխել չկարողացան

ճանապարհը, որ հասավ մինչև երկրի միջուկն ու կանգ առավ

որովհետև վախեցավ այրվելուց

հիշողություն ունեցող փոշեհատիկները

երազներում փախչողը, ում հետապնդեցին մինչև իրականության փողոցներին հասնելը

հարձակումները մյուս մայրցամաքներից

ու հազարավոր վայրի թռչուններ, որոնք այնքան հեշտությամբ կոտրվեցին

ճանճերի կողմից հոշոտված սարդոստայնը

ու սարդերը, որ հույսը երկնքի վրա դրեցին

թիկունքումս են

իմ մեջ: իմ մեջ

Comments

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...