Skip to main content

Թալիսմանը


Իրեն արգելված է եղել ումպ անել դեղին բաժակից՝ դրված սեղանի ուղիղ

կենտրոնում, մեջն էլ սպիտակ փոշի, որ վայրկյաններ առաջ ունեցել է իր հստակ կլորավուն ձևը:

Իրականում բաժակն այնքան դեղին չի եղել, որքան դեղնած։ Ժամեր առաջ

սպիտակ ու ոսկեգույն համադրությամբ ատամներ ունեցող բժշկուհին ասել է իրեն,

որ արգելում է հենց այդ բաժակից օգտվելը.

- Քոնը չէ, Էլիզա, հազար անգամ ասացի, այն մյուս հիվանդին է պատկանում:

«Հենց առաջին պահից, երբ տեսա այդ անհասկանալի գույն ունեցող սեղանը,

միանգամից ներսս մթնեց»,- այսպես է պատմել Էլիզան, երբ բժշկուհին հարցրել է,

թե ինչու է ապշած նայում այդ կենցաղային հասարակ առարկային:

Էլիզան, երբ տեսել է հիվանդանոցում իրեն հատկացված տեղը, միանգամից

բացականչել է, որ իրեն դուր է գալիս ու պալատի փոխարեն անընդհատ դղյակ

բառն է օգտագործել, երևի սխալմամբ, իսկ հետո Էլիզայի պալատի անունը հենց

դղյակ էլ մնացել է` նույնիսկ բժիշկների շշուկներում:

Երբ բժշկուհին այդ օրն իրեն զգուշացրել է ոչ մի դեպքում չօգտվել սեղանին դրված

բաժակից, Էլիզան խելոք գլխով է արել բժշկուհուն ու այդ պահին աչքը

պատահաբար ընկել է նրա ատամներին ու զարմանքով նկատել է, որ բժշկուհու`

բնությունից նվեր ատամները անհուսորեն հանդուրժում են ոսկեգույն

անհամներին` կախված խեղճ կնոջ բերանի խոռոչում, ասես ինչ-որ աղետի

հետևանքով առաջացած:

Հետո Էլիզայի միտքը կտրել է իր մոր երևակայական ներկայությունը ու պարզ լսել

է, թե ինչպես է իր նրբանկատ մայրն իրեն նախատում.

«Էլիզա, գեղեցիկ չէ մի քանի վայրկյանից ավելի նայել դիմացի մարդու բերանին»,-

հնչել է մոր ձայնը, ով ամենայն ճշգտրությամբ միշտ էլ իմացել է, թե մարդկանց

հատկապես ինչն է ամենից շատ նյարդայինացնում ու նաև այն, թե միջինում քանի

վայրկյան է հարկավոր, որպեսզի աշխարհի ամենախաղաղված մարդն անգամ

հունից դուրս գա:

Էլիզան հետո ամաչել է մոր խոսքերից, անգամ եթե դրանք իր գլխում են հնչել ու

ծիծաղով հիշել է, թե ինչպես է մայրն իրեն տարատեսակ խորհուրդներ տվել.

«Այ եթե ուղիղ չորս րոպե նայես դիմացդ կանգնած մարդու քթի ծայրին, ամենայն

հավանականությամբ առաջին րոպեում նա կսկսի շոշափել իր քիթը՝ գտնելու այն

ավելորդ տարրը, որն, ըստ իրեն, ուշադրություն է գրավել, երկրորդ րոպեում նա

անպայման կփնտրի հայելի, երրորդ րոպեն կանցնի ջղաձգումների մեջ, իսկ ահա

չորրորդ րոպեին արդեն գտնված հայելին հավանաբար կհայտնվի քո դեմքին՝

ուղիղ անտակտ հայացքիդ կենտրոնում, ու հենց այդտեղ էլ կփշրվի՝ քեզնից

խլելով արյանդ մի քանի կաթիլ»,- ասել է իրեն մայրն ու շարունակել իր սիրելի

հաղորդումը դիտելը` արու առյուծների ընկերության, գիշերային խնջույքների ու

անտառային կենդանիների սկզբունքների մասին այդ տարօրինակ հաղորդումը,

որ մայրը երբեք ոչ մի անգամ բաց չի թողել։

Այդ ամենը նա հիշել է իր` հիվանդանոցում գտնվելու հինգերորդ օրը, որտեղ, ըստ

իր խոսքերի, իր հիվանդ բնակությունն է հաստատել լրիվ անմիտ պատահարի

արդյունքում: Ուղիղ վեց օր առաջ Էլիզան փորձել է դաստակի վրա գտնել իր

ամենաշքեղ երակը, որովհետև իր մանկության տարիներից հիշում է, որ ինչ-որ

մեկն իրեն պատմել է դաստակի խորքերում գտնվող գաղտնի թալիսմանի մասին

ու ինքն իրեն ենթադրել է, որ դա հավանաբար մի երակ է: Հետո որոշել է ամենայն

մոտ կերպով ծանոթանալ իր թալիսման երակի հետ ու.. կտրել է դաստակը:

Էլիզայի մտքով անցել է, որ ծանոթները հավանաբար կմտածեն, թե ինքը փորձել է

վերջ տալ իր կյանքին ու այդպես էլ չի կարողացել բացատրել տեղի ունեցածի

իրական պատճառը:

«Հիմա կմտածեն, թե ես այնքան խեղճուկրակ եմ, որ ինքնասպանությամբ եմ

ցանկացել վերջ դնել կյանքիս, երևի կմտածեն, որ հորս բացակայությունն է

պատճառը, կամ մեղքը կբարդեն մի ամիս առաջ սիրելի կատվիս կորցնելու վրա

կամ էլ կասեն` Էլիզան անսիրտ է, ինքն իրեն կյանքից զրկելն ինչ է, որ չանի: Դե

արի ու այդ տխմարներին հերթով բացատրի շքեղ երակիս փնտրտուքների ու

դաստակի ներսում պահված թալիսմանի մասին: Չեն էլ հասկանա»,- ինքն իրեն

խորհել է Էլիզան ու լռել:

Ու երբ գտել են երջանիկ դեմքով ու արյան մեջ շաղախված Էլիզայի կիսամեռ

մարմինը, այդ օրը Էլիզայի մայրը չի հասցրել դիտել իր սիրած հաղորդումն ու այդ

պատճառով տխրությունը կրկնապատկվել է, երբ տեսել է իր միակ դստեր հիմար

արարքի հետևանքները: Հետո բարկացել է, ու Էլիզան մինչև հիմա վստահ չէ` մոր

բարկության պատճառը կատարվածն է եղել, թե իր սենյակի թափթփված վիճակը:

- Դղյակիցս դուրս գամ` կհարցնեմ իրեն,- որոշել է Էլիզան:

Բժշկուհին պատմել է, որ երբ Էլիզան ուշքի է եկել, սկսել է հիմարություններ դուրս

տալ մարմնի մեջ պահված թալիսմանների ու երակի մասին, իր զառանցանքներին

նա ոչինչ չի պատասխանել, միայն, երբ Էլիզայի մայրն է այցելության եկել, իրեն

ասել է.

- Էլիզային ասեք, որ եթե ինքը կարծում է, թե իր մարմնի մեջ թալիսման կա,

պարտադիր չէ այն այնտեղից դուրս հանելը:

Մայրը մի քանի րոպեով մտել է դստեր մոտ, ասել է, որ ինքն անշնորհակալ

մակաբույծ է ու ոչնչով չի տարբերվում ծառերի հաշվին ապրող սնկերից, որոնք

այդքան հաճախ ցույց են տալիս իր սիրած հաղորդման ժամանակ: Հետո Էլիզան

համբուրել է մորը ու խնդրել իրեն, որ այդ կենդանական հաղորդումը սրտին

այդքան մոտ չընդունի:

Հինգերորդ օրը սեղանին դրված դեղնած բաժակն ի վերջո հայտնվել է գետնին ու

կոտրվել, Էլիզան խնդրել է բժշկուհուն, որ նա իրեն մենակ չթողնի բաժակի

կտորտանքների հետ: Հետո բժշկուհին ասել է իրեն, որ մի քանի ժամով նոր

հարևան է ունենալու իր դղյակում:

Քույրը եկել է ու բաժակի փշրանքները հավաքելուց չի նկատել կտորների

քչությունը, որովհետև այդ օրը մտազբաղ է եղել նախորդ օրը հիվանդի

հարազատներից մեկի հայացքը հիշելով, երբ իրեն հայտնել է մահվան լուրը:

Քրոջ դուրս գալուց հետո Էլիզայի դղյակն իրոք նոր հյուր է ունեցել` տասնյոթամյա

արտաքինով մի երիտասարդ, ում անունն Էլիզան այդպես էլ չի հարցրել, սկզբում

ծուլացել է, իսկ հետո ուղղակի զվարճանալու համար չի հարցրել:

Երիտասարդը եկել ու նստել է հարևան անկողնու վրա, սկսել է իր վերնաշապիկի

թելերն ատամներով պոկել, հետո մի քանի դեղահաբ է կուլ տվել, մի քանի անգամ

զանգ է կատարել ու այդ ընթացքում ոչ մի անգամ ուշադրություն չի դարձրել

Էլիզային: Վերջինիս մեջ այդ պահին արթնացել է պոզավոր ու ցինիկ արարածը,

որն, ըստ Էլիզայի, մանկությունից ի վեր բնակվում է իր վզի փոսիկում ու իրեն

հաճելի չարաճճիություններ հուշում: Էլիզան ականջ է դրել պոզավորի խոսքերին ու

որոշել, որ անպայման պիտի մտնի վերմակի տակ: Երբ դա արել է, որոշել է նաև,

որ գլուխը դուրս հանի վերմակից ու բարձրաձայն հազա: Այդ պահին

երիտասարդը նայել է իր կողմն ու վերջապես տեսել Էլիզային:

- Հազդ հո վարակիչ չէ՞,- հարցրել է:

Էլիզան գլխով բացասական շարժում է արել ու սկսել է զննել երիտասարդի

ձեռքերը, քերծվածքներ չի նկատել` ուրեմն ինքն իր հանդեպ հոգատար է, անցել է

Էլիզայի մտքով: Հետո ավելացրել է. «Ուրեմն իմ պես սեփական երակների հետ

զրույցի չի բռնվում»: Հետո նկատել է, որ երիտասարդի մազերին սպիտակ

բմբուլներ կան, նրան նմանեցրել է մոր դիտած հաղորդումների հերոսներին ու

երևակայել է, թե ինչպես է նա թռչունների հետ կռվի մեջ մտել ու հետո մոռացել է

գլուխը թափ տալ: Էլիզան նկատել է նաև, որ տղայի աչքերը սև են, իսկ աչքերի

կենտրոնում ոսկեգույն փայլ կա, ասես շողք է ընկել վրան:

Հետո երիտասարդը կոշիկների կապերը անփույթ խցկել է ներս, իբր թե

քողարկելու համար ու նայել Էլիզային:

- Եթե հանկարծ մտքովդ անցնի հարցնել անունս, Էլիզա է,- սկսել է իր

չարաճճիությունն ու հանկարծակի լռել:

Պոզավորը շարունակել է թփրտալ Էլիզայի վզի փոսիկում ու նոր չարություններ

հուշել: Էլիզան պատմել է երիտասարդին, որ վերմակի տակ մտնելու պատճառն իր

տարօրինակ անհամաչափ մարմինն է, ասել է, որ ինքը շատ գեր է, իսկ գլուխը

փոքր է, այդ պատճառով ամոթից չի կարողանում դուրս գալ վերմակի տակից:

Երիտասարդը շփոթվել է Էլիզայի խոսքերից ու փորձել վերմակի ուրվագծով

տեսնել իր նկարագրած տգեղ ու գեր մարմինը:

- Կիսամթի մեջ չի երևում, բայց հենց վերմակս քաշեմ` կվախենաս

ահասարսուռ տեսարանից,- էլ ավելի է ոգևորվել Էլիզան:

Դրանից հետո տղան հիշել է իր ընկերուհու մասին, ով սիրտ չի ունեցել ու իրեն

մենակ է թողել իր ծննդյան օրը, հետո զանգերին չի պատասխանել: Պատմել է

Էլիզային, թե որքան գեղեցիկ մարմին է ունեցել իր ընկերուհին.

- Ուղիղ 45 կիլոգրամ է եղել, պատկերացնու՞մ ես,- գլուխ է գովել տղան

Էլիզան որոշել է մի քիչ էլ կատակել.

- Հանած 280 գրամ

- Ինչու՞

- Դու քիչ առաջ ասացիր, որ ընկերուհիդ սիրտ չի ունեցել

Հյուրը ծիծաղել է Էլիզայի վրա, հետո կարեկցությամբ նայել է ու Էլիզային ասել, որ

նա հանկարծ չնեղվի իր քաշի համար:

Էլիզայի խրախճանքը փչացրել է բժշկուհին, ով այդ պահին ներս է մտել ու ստիպել

Էլիզային դուրս գալ վերմակի տակից ու մի քիչ քայլել սենյակում: Հետո, երբ

երիտասարդը տեսել է, թե ինչպես է Էլիզան իր 48 կիլոգրամանոց նիհար մարմինը

դուրս հանում այնտեղից, պտտվել է պատի կողմն ու երկար ժամանակ ոչինչ չի

խոսել:

Չորս ժամ անց նրան դուրս են տարել, գնալուց Էլիզայի կողմն է նայել ու ասել է, որ

իր կատակն ընդհանրապես ծիծաղելի չի եղել ու որ դա ավելի է ստիպել իրեն

մտածել իր ընկերհու սլացիկ կազմվածքի մասին:

Էլիզան հոգոց է հանել, որոշել է, որ իր քնելու ժամանակն է ու բժշկուհուն խնդրել է,

որ իրեն մենակ թողնի:

Էլիզայի մայրն այդ օրը հանդիպել է իր նախկին ամուսնուն ու որոշել, որ այդ

օրվանից դադարելու է կենդանիների վարքի մասին հաղորդումներ դիտելը, քանի

որ դա իրեն հեռացնում է մարդկանցից, հետո տուն հասնելուց մտել է Էլիզայի

սենյակն ու կարգի բերել:

Իսկ մյուս առավոտ Էլիզայի դղյակի պատուհանները բացել են, որովհետև քույրը

հատակի անկյունում գտել է կոտրված բաժակի վերջին տձև կտորը,

սպիտակեղենը փոխել է ու սպիրտի հոտ տարածել սենյակում, որովհետև այդ

առավոտ Էլիզային գտել են ընկած կողքի վրա, ձեռքի մեջ եղել է դեղնած բաժակի

մարմնից մի կտոր ու դաստակի մաշկը բացված է եղել: Հետո պատմում են, որ

քույրը, երբ զննել է Էլիզայի դաստակը, պարզ տեսել է ներսում թաքնված կապույտ լույս արձակող թալիսմանը:

Comments

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...