Skip to main content

Ոլորտ գույնի


կարմիր երազ

Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին,

երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին,

որ կարմիր իրերն է կտցահարում,

կարմիր որդեր անկյունում, 

հողից կարմիր թել են ստանում ու հյուսում

ողնաշարին իրենց բոսորագույն,

կարմիր երաժշտության ձայներ՝

գույնից բորբոքված օդում,

կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը,

կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․

կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․

կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․

երազ կարմիր վիհի մասին։


կանաչ արկղ

Ներսում լիքը սուլիչներ,

կանաչ դե մինոր,

հատակին փշրած կեղևներ,

կանաչ էգ թռչուն․

թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում,

կանաչ մարգարեություն՝ հենված արկղին,

ճտքակոշիկներով կանաչ հրեշ․

բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը,

բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում

ու արկղից դուրս գալիս՝

կանաչ ծավալով լցված արկղից։


դեղին հեքիաթ

Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր

դեղնած ձայնալարերով,

դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող,

ներսում՝ արքայի փտած ոսկորներ

միմյանց հետ կռվող ,

դեղին պատերազմ ներսում,

պատից կախված դեղնավուն փերի՝

լեզուն դուրս է հանել,

նախկին անեծքներից վանկերն իրար միացրել,

չորացած փայտիկն էլ առաջ է բերել․

կախարդում է։


կապույտ համոզմունք

Մանկության մետաղյա ձող,

հյուսիսային քամուց օրորվում է,

ձողի ներսում՝ ջրի կապույտ մարմին,

երազների հոսքն անցնում է ջրի մարմնի միջով

դեպի գլխավոր երակը քնի,

ջրային երազ

թաց երազ,

մանկության կապույտ ննջարան,

կապույտ փեշերով մաման 

օրորոցն է կարգի բերում,

օրորոցի ներսինը՝

գիտակցության մյուս կողմում

խորտակվում է ջրի մարմնի մեջ



սպիտակ խորան

Բևեռում՝ խորքից տատանվող խրճիթ,

ներհայեցողություն,

խրճիթը՝ շրջապատված սպիտակ բնությամբ

մառախուղ՝ լցված խրճիթի փայտե երախում,

եղյամ՝ աչքերի շուրջը,

սպիտակ հոգոց՝ խրճիթից լսվող,

սառցե կտորներով պատրաստված դամբարան,

ձյան խրթխրթոցի ձայն,

սպիտակ մորթի ունեցող բևեռախույզը

մոտեցավ խրճիթին,

տեսավ ձյան աղբյուրը․

երկնքին խառնված սպիտակ խորան։

Comments

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...