Կապույտը բարձրադիր լճերի, անամպ երկնքի, երեկ գիշեր տեսածս երազի ու մեկ էլ տատիս աչքերի գույնն է: Բայց կապույտն ամենից առատաձեռն գտնվել է հենց տատիս աչքերի հարցում ու այդ գույնի ողջ նրբությամբ ու երանգներով արդեն քանի տարի է բնակություն է հաստատել այնտեղ: Երբ ուզում եմ ինձ պատկերացնել կապույտ լճակում, նայում եմ տատիս աչքերի մեջ, երբ ուզում եմ դուրս գալ կապույտ լճակից ու կապույտ առաստաղով տնակում հանգիստ առնել, էլի նայում եմ տատիս աչքերի մեջ: Այնտեղ ամփոփված է ինձ անհրաժեշտ իրերով ու երևույթներով լցված մի ամբողջ կապույտ աշխարհ: — Տատ, Վերբերի գիրքը վերջացրի՞ր — Դեռ կարդում եմ, երկու պատմվածք է մնացել Երբ տանը կրակոցների ու շփոթված քննիչների ձայներ են լսվում, ուրեմն տատս ֆիլմ է նայում, երբ հեռախոսի զանգը նույնիսկ չորրորդ անգամից արհամարհվում է, ուրեմն տատս ֆիլմի մեջ է ու քննիչների հետ միասին փորձում է սպանությունը բացահայտել: Երբեմն իրենցից շուտ է գտնում մարդասպանին, երբեմն մինչև վերջ էլ չի կարողանում հավատալ, որ իր վստահելի հերոսը կարող էր սերիական մարդասպան դուրս գալ վերջում: Եթե նույն...
Մարի Մելիքյան