Skip to main content

Պեդրո Ալմոդովար

Անցած շաբաթը Պեդրո Ալմոդովարի տրամադրության տակ էր: Իսպանացի ռեժիսորի սեռական կողմնորոշման մասին ամենավերջում եմ իմացել՝ իր մասին մանրամասն կարդալուց հետո, բայց ֆիլմերը դիտելու ընթացքում ենթադրում էի:

Ալմոդովարը (ով ասել ա՝ ոնց ուզում եք ազգանունս կարդացեք) կանանց սիրահար է (չնայած իր սեռական կողմնորոշմանը): Կինն իր համար ոգեշնչման աղբյուր է, գլխավոր ու հիմնական թեմա, իր ֆիլմերը կանանցով են լցված, տղամարդիկ իր ֆիլմերում ֆոնային դեր են կատարում, մեկ-մեկ լրացնում են կանանց կամ ուղղակի հերթական դետալ են: Ալմոդովարը լավ վերջաբանների սիրահար է, նույնիսկ գլխավոր հերոսների մահվան պարագայում ֆիլմը հեփի էնդ է նշում: Ալմոդովարի հերոսները, ովքեր դժվար կացության մեջ են, ում հետ դժբախտություններ են պատահել, չափազանց շուտ են վերականգնվում ու հաղթահարում դժվարությունը, ու էդ ամենը գիտե՞ք ինչի շնորհիվ՝ Կոմֆորտ զոնայի. հանգամանքների բերումով դժբախտ կանայք այլ կանանց հետ միասին (ծանոթ-անծանոթ՝ կապ չունի) կոմֆորտ զոնա են ստեղծում, որտեղ տղամարդիկ տեղ չունեն, իրենք իրենց մխիթարում են, միասին ուտում են, ծիծաղում են ու իրար երջանկացնում:

Ալմոդովարի ֆիլմերում ամեն ինչը կանացի էությանն է ձգտում, նույնիսկ տղամարդիկ ձգտում են կանանց նմանվել, էլ չասեմ իր ֆիլմերում տրանսվեստիտների խտության չափը:

Ալմոդովարի ֆիլմերում սիրուն երաժշտությունը, վառ գույները անպակաս են, սիրում է նաև այլ ֆիլմերից բառացի մեջբերումներ անել, մեկ էլ գիտեք ինչն եմ սիրում՝ իր ֆիլմերի բացումն ու փակումը. էսպես գունավոր, տրամադրող երաժշտությամբ, թիթիզ ձևերով: 


¿Qué he hecho yo para merecer esto!!կամ Ո՞ր մեղքիս համար

Կենցաղային աբսուրդ է լրիվ էս ֆիլմը, ընտանիքի անդամներից ամեն մեկը մի ինչ-որ վտանգավոր ու տարօրինակ գործի մեջ է մինչև ուղնուծուծը խրված, ֆիլմի կերպարները մեկը մյուսից խփնված են: Վերջում էլ մոգական ռեալիզմ է ավելանում՝ հարևանուհիներից մեկի աղջիկը, պարզվում է, կախարդ է ու կարողանում է գլխի շարժումով իրեր տեղաշարժել:


Mujeres al borde de un ataque de nervios կամ Կանայք նյարդային պոռթկման եզրին

Սա նայածներիս մեջ առաջիններից է: Էլի կանանցով լցված, կանանց վրա կենտրոնացած ու միասնական կոմֆորտ զոնայի առկայությամբ ֆիլմ է: Հիշում եմ գլխավոր հերսուհու էն խոսքերը, թե մենք՝ երիտասարդներս, սիրում ենք խնդիրը ինքնասպանությամբ լուծել ու չենք սիրում պայքարել: Այսինքն բառացի չեմ հիշում, բայց իմաստը էդ էր: Էլի աբսուրդային ֆիլմ է: Ալմոդովարը կարողանում է կենցաղային/ մարդկային հարաբերություններին բնորոշ ու իրականության մեջ հանդիպող աբսուրդի թատրոն ստեղծել: Ֆիլմն ավարտվում է տղամարդու դերի ավելորդության շեշտմամբ ու երկու կանանց ցինիկ խոսակցությամբ: 


Átame! կամ Կապիր ինձ

Իսկ էս մեկում տղամարդը բռնի ուժով հասնում է նրան, որ հերոսուհին իրեն է սիրահարվում: Հակասական զգացողություններ առաջացնող ֆիլմ է, ես որ չհավատացի գլխավոր հերոսի նուրբ հոգու ու բռնությամբ իր ուզածը ստանալու համադրությանը: Մի քիչ արհեստական էր, չնայած հասկանում եմ, որ Ալմոդովարը կոնկրետ հերոսուհի է ստեղծել, ոչ թե նկատի է ունեցել, որ բոլոր կանայք իր փոխարեն էդպես կվարվեին:


Tacones lejanos կամ Բարձր կրունկներ

Էգոիստ, հաջողակ մայրիկի ու իր մայրիկին ամբողջ կյանքում հասնել փորձող դստեր բարդ հարաբերությունների մասին է: <<Տրանսվեստիտը կնոջ է սիրահարվում>> մշտական թեման, մեջբերումներ Բերգմանից (Ավելի  կոնկրետ՝ Աշնանային Սոնատից), մռութիկ Վիկտորիա Աբրիլը, բանտում աղջկերքը ֆլեշմոբ են անում և այլն: 


Carne trémula կամ Կենդանի մարմին

Ֆիլմում իմ սիրելի Բարդեմն է խաղում, բայց իր կերպարը համակրանք չառաջացրեց ինձ մոտ: Էս ֆիլմում էլ արհեստական պահ կար՝ գլխավոր հերոսուհու՝ թմրանյութեր օգտագործող, պատահական մարդկանց հետ քնող, հիստերիկ Ելենայի միանգամից կերպարանափոխումը լավ, պուպուշ <<տան աղջկա>>: Վիկտորի գործողությունները Ելենային հասնելուն են ուղղված, Բարդեմի կերպարը աստիճանաբար է զարգանում, հեփի էնդ ու էդպես:


Todo sobre mi madre կամ Ամեն ինչ մորս մասին

Էս ֆիլմն ամենասիրածս է: Շատ սիրուն անցումներով, սահուն, բնական ու խորը ընթացքով ֆիլմ է: Դժբախտությանը գումարվում է էն ծանոթ կոմֆորտ զոնան, մի քանի անծանոթ մարդիկ, Ուրախություն անունով տրանսվեստիտը, ով ֆիլմի դրական ու համով կողմն է ապահովում, ու ստացվում է տրագիկոմեդիկ ինչ-որ խառնուրդ: Ֆիլմի պոստեռն էլ եմ շատ սիրում: Ալմոդովարը ցավից ազատվելու հետաքրքիր տարբերակ է ներկայացնում ֆիլմում:


Hable con ella կամ Խոսիր նրա հետ

Սրա մեջ մի տեսարան կա, որի համար մենակ կարելի է սա նայել՝ համր ֆիլմի հատվածն է, որը փոքրացող սիրեկանի մասին է ու թե ուր է մտնում սիրեկանը որպես մշտական բնակավայր:


La mala educación կամ Վատ դաստիարակություն

Կաթոլիկ պեդոֆիլիան ու դրա հետևանքները:


Volver կամ Վերադարձ

Հարավային գոթիկա ժանրում է ֆիլմը, էնքան հետաքրքիր կոլորիտ ունի՝ հավատալիքները, ուրվականների մասին շշուկները, երկու՝ իրարից տարբեր քույրերը՝ մեկը միամիտ, մյուսը՝ ճարպիկ, իրավիճակին շուտ հարմարվող ու ելքեր փնտրող: 

Ալմոդովարի ֆիլմերից հետո սկսել եմ Պենելոպե Կրուզին սիրել, ժամանակին տանել չէի կարողանում:


La piel que habito կամ Մաշկը, որի մեջ ապրում եմ

Սա շատ է տարբերվում ռեժիսորի մյուս ֆիլմերից՝ համ թեմատիկայով, համ ժանրով: Կուզեի, որ Ալմոդովարը իրեն էլի փորձեր էս ժանրում, կարծում եմ՝ վատ չի ստացվել, հատկապես թեթև դրամաներից հետո: Բայց դե մեկ է՝ սառը, անկյանք, սասպենս չառաջացնող ֆիլմ էր: Մենակ մի բան էր մտքումս՝ մեղկ էր Վիսենտեն:


Los amantes pasajeros կամ Ես շատ գրգռված եմ

Չստացված կոմեդիա է: Ռեժիսորը ասում է, որ Իսպանիայի ժամանակակից տնտեսական ճգնաժամի մասին է ամբողջ ֆիլմը: Ինչ-որ ավելորդ բան կար ֆիլմում, արհեստական ու ավելորդ, կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչը, բայց զգացողությունս էդպիսին էր:


Մյուս ֆիլմերի մասին եկեք չգրեմ, շատ կլինի: Սրանք բավական են: Չեմ ասի, թե Ալմոդովարը իմ սիրելի ռեժիսորների ցանկը մտավ, բայց հետարքիր էր իր հետ շաբաթ անցկացնելը, թեթև, հեփի էնդով ու նաև շատ համարձակ դրամաներ վաղուց չէի նայել, մեկ-մեկ արժի նման ճոխություն թույլ տալ:



Comments

  1. Էս վերջերս Վոլվերն էի նայում ու քննարկման ժամանակ տենց էլ չկողմնորոշվեցի՝ հավանե՞լ եմ, թե՞ չէ, Ալմադովարի պահով էլ չկողմնորոշվեցի․ կստածի ես մինչև նայելս սիրում էի Կրուզին, սկսեցի չսիրել ։ԴԴ

    ReplyDelete
  2. Վոլվերը ուժեղներից չի հաստատ, բայց հետաքրքիր մթնոլորտ ա ստեղծում: Հիշում եմ, որ սիրում էիր Կրուզին :ԴԴ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը