Skip to main content

ԲԼՈԳԻ ՄԱՍԻՆ


Բարի գալուստ «Վոլտերական Մինոր»՝ արդեն անհաշվելի անգամ վերանորոգված բլոգը:
Հարկ եմ համարում ձեզ ծանոթացնել բլոգիս կառուցվածքի, բովանդակության և մնացած մանրամասների հետ:

ընդհանուր

1. Բլոգում հազվադեպ կպատահեք մաժոր բնույթի գրառումներ: Եթե նույնիսկ հանդիպեք էլ, ոչ ոքի ոչինչ մի ասեք, սուսուփուս անցեք հաջորդ գրառմանը: Բլոգը բլոգատիրոջ նման մինորի տակ մնացած է: Ավելի լավ արտահայտություն չգտա

2. Բլոգում մեռելային կապույտ գույնը սիմվոլիկ նշանակություն ունի

3. Աջ կողմի ներքևի հատվածում գտնվող Անխ նշանը ձեզ կտանի վերև՝ դեպի բլոգային ծանծաղուտը:

4. Զգուշացեք երկար ժամանակ նույն դիրքում մնալ բլոգում, հաճախակի փոխեք էջերը, թարմացրեք հղումները. բլոգի տարածքում չորս թե հինգ ուրվական է ապրում: Աշխատեք չգրավել նրանց ուշադրությունը: Տեսնելուց էլ՝ անմիջապես փակեք բլոգը:

5. Ետնանկարի վրա արված սպիտակ գծերը պատահականության արդյունք են: Շատ չխորանաք, թե ինչ կարող է դա նշանակել

6. Եթե ինչ-որ բան եք փնտրում, անկողնու տակ նայեք: Այստեղ բոլոր փնտրելիքները անկողնու տակ են: 

7. Սև արկղերը ծուղակ չեն

բաժիններ

1. Պատմվածքներ- ինձ մոտ ամենաբարդը ստացվում է պատմվածք գրելը: Քանի որ դժվարանում եմ մի կետի վրա կենտրոնանալ ու հստակ սյուժե կառուցել, այդ պատճառով պատմվածքներս հիմնականում պսիխոդելիկայի պես կրկնվում են ու նույն տեղն են վերադառնում կամ էլ ոչ մի տեղ չեն վերադառնում, մնում են դռան արանքում

2. Արվեստանոց-  արվեստի ստեղծագործություններ, վերլուծություններ ու էն ամենը, ինչ կարելի է արվեստանոցում գտնել

3. Կինո- ֆիլմերից հատվածներ, ռեվյուներ, կադրեր, ռեժիսորներ, ցուցակներ

4. Երաժշտություն- վտանգավոր բաժին է. երաժշտական խմբեր, տեքստերի թարգմանություններ, տեսահոլովակներ, դասականներ: 

5. Գրականություն- հեղինակներ, գրքերից հատվածներ, ռեվյուներ. փոշոտ բաժին է՝ գրքերի պես

6. Գրական առաջադրանքներ- գրելու տեխնիկան լավացնելու համար նախատեսված վարժություններ. սրանց կարող եք դուք էլ միանալ: Առաջադրանքներից որոշները 10-15 րոպեում կարելի է գրել, որոշները՝ մինչև մեկ ու կես ժամվա ընթացքում:

7. Բլոգինգ-  համեմատաբար կարճամետրաժ գրառումներ

8. Creative writing- գրառումներ գրելու մասին՝ ոգեշնչող, մոտիվացնող, բարդությունները հաղթահարող, էն մասին, թե ոնց գրել ամեն օր, թե ոնց գրել անընդհատ, թե ոնց մտածել մենակ գրելու մասին

9. 10 նկար + կպչուն մտքեր- շարքը պարունակում է 10 նկար՝ գումարած տարատեսակ մտքեր՝ հիմնականում կպչուն

10. Նոթատետր- Journal Prompts՝ ինչքան հնարավոր է դուրս շաբլոններից ու տափակ թեմաներից

11. Have you seen this ghost- մութ-մռայլ-խավարասեր տեքստերի կամ նկարների շարք

12. Նա չի գալու- Թամբլեռյան երեկոներ՝ թամբլեռյան բնորոշ ղզիկությամբ ու տրամադրությամբ, ու նորից՝ տեքստերի կամ նկարների շարք

13. Drinking formalin- շատ հաճախ անգլերենով զառանցական նախադասություններ գրելու ցանկություն է առաջանում:

14. Երազապատումներ- իմ երազներին ես մեծ նշանակություն եմ տալիս՝ հատուկ նոթատետրում գրում եմ իրենց, ամսվա վերջում հաղթող երազ մրցանակաբաշխությունն եմ կազմակերպում: Երևի թե արդար կլինի երազներին հատուկ բաժին նվիրելը

15. Ամենօրյա փոշի- բողոքական գրառումներ

16. Մարդիկ- կան մարդիկ, ում մասին պարտադիր է գրառումներ անելը, ավելի ճիշտ չի ստացվում իրենց մասին չխոսելը, չպատմելը: Հետո գրելը կարոտից ժամանակավոր ազատվելու լավագույն ձևերից է

17. Ցանկությունների անտառ- ավելի կոնկրետ՝ եղևնուտ

18. Թռչնակներ- իրենց ասում են նաև ծիտ: Ես ինքս շատ հաճախ եմ այդ բառն օգտագործում որոշ անձանց նկարագրելու ընթացքում

19. Սպիտակ չղջիկներ- կամ սպիտակ արձակ: Չէ, չղջիկներ ավելի լավ է

20. Գոթական- every living creature on this earth deals with gothic alone. Էդ անվան հետ կապված ու էդ անվանը վերաբերող ցանկացած մասնիկ իմ ուշադրության կենտրոնում է հայտնվում

21. Երևակայական հովիտ- ես սիրում եմ հորինել

22. Ուսանողի գերեզմանատուն- ուսանողական կյանքիս հետ կապված արտառոց, զավեշտալի, խոցելի ու քամող գրառումներ

23. Կյանքը Բլրակում- էլ ինչ բլրակցի, եթե ժամանակ առ ժամանակ այնտեղից գրառումներ չուղարկի

24. Պատումներ- սովորական, առօրյա կյանքում էլ են երբեմն հետաքրքրիր դեպքեր պատահում՝ գրառման արժանի

25. Կողմնակի տարածք- հիմնականում թարգմանություններ, մասնագիտական զրթուզիբիլներ: Իրոք որ կողմնակի տարածք: Մտնելը պարտադիր չէ

26. Sopor Aeternus- ինքն արժանի է առանձին բաժնի: Իր մասին պիտի առանձին խոսել

27. Ամփոփումներ- ես սիրում եմ շաբաթը, ամիսը կամ տարին ամփոփել ու գնահատական տալ իրենց արդյունավետությանը

28. Շնչավորներ- լուցկու տուփը, պատից կախ տված ժամացույցը կամ գետաքարերը. ամեն ինչին կարելի է շնչավորություն տալ՝ իրենց մասին գրելով

29. Ծովային կյանք- միայն լող տալ իմացողների ու իխտիոֆոբիայով չտառապողների համար

30. Զրույցներ- երկխոսություններ, հարցազրույցներ, նույնիսկ ինքնազրույցներ

31. Բնություն հզոր- գեղարվեստական տեսարաններ բնությունից

32. Ցուցակներ- 15 ամենախոշոր արցունքները կամ 30 գրքերը, որոնք դեռևս չեն գրվել ու որոնց հեղինակը կարող եք դուք լինել: Հիմարագույն ցուցակներ, բայց նաև բավականին հաջողները

33. Ֆանտաստիկ վայրեր- Իսլանդիան, Կանադայի հյուսիսը, Ամազոն գետը



հաճախականությունը. շաբաթական երեք գրառումից ոչ պակաս



արգելվում է. բլոգի հետևից խոսելը, դասախոսներիս բլոգի հասցեն ուղարկելը 


խրախուսվում է. բլոգի դիմաց կանգնելն ու ամեն ինչ երեսին ասելը, քոմենթելը՝ եթե իրոք ասելու բան ունեք

հարցերի դեպքում դիմեք Մարիին


Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը