Skip to main content

Հանուն ամբոխի

նկարի հեղինակ՝ Ե․ Թադևոսյան

Պատրա՞ստ ես մոռանալ ինքդ քեզ ու տրվել մարդկանց։

Պատրաստ եմ։

Պատրա՞ստ ես հանուն մարդկային ժպիտի մոռանալ էությունդ։

Պատրաստ եմ։

Պատրա՞ստ ես ջնջել հետքերդ ու շարժվել միայն մարդկանց հետքերով։

Պատրաստ եմ։

Պատրա՞ստ ես հանուն մարդկային ճշմարտության, հանուն մարդկային գեղեցկության ուրանալ քո ճշմարտությունը։

Պատրաստ եմ։

Պատրա՞ստ ես հանուն ամբոխի քեզ դեմ գնալ ու դառնալ մարդկանց բարեկամը։

Պատրաստ եմ։

Դե ուրեմն ընտրիր դիմակդ


Դիմակդ ընտրելուց հետո մարդիկ կսկսեն ժպտալ քեզ։ Դու պիտի հրճվես այդ ժպիտներից։ Եթե ուզում ես դառնալ մարդկանց բարեկամը, պիտի շողոքորթես նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սկսել քեզ շողոքորթել։ Այդ ժամանակ արդեն դուք կհռչակվեք իսկական բարեկամներ։

Պիտի սիրես մարդկանց օրենքները, պիտի ընդունես իրենց ճշմարտությունը, պիտի համարես գեղեցիկ այն ամենը, ինչը մարդիկ են գեղեցիկ համարում։ Ու երբեք, լսու՞մ ես, երբեք ժպիտդ իրականության հետ չփոխես, թե չէ հենց նույն րոպեին ձեր բարեկամությունը կավարտվի։ Կգնաս ուղիղ մարդկանց հետքերով, աջ կամ ձախ չթեքվես։ Կքայլես ուղիղ, հպարտ ու գլուխդ բարձր։

Կհագնես միայն մարդկային ոտնահետքեր, որ ձյան կամ ցեխի վրա միայն դրանք երևան։ Կմոռանաս իսկական ոտնահետքերիդ մասին, դեն կնետես այն, քանի դեռ չես բռնվել։ Մարդիկ կնայեն արևին ու կասեն, որ այն տաք է ու պայծառ. սուսուփուս կհամաձայնվես նրանց հետ։ Կխոսես միայն այն ժամանակ, երբ քեզ կխոսեցնեն։ Խոսեցնելուց էլ կասես միայն այն, ինչը մարդիկ կցանկանան լսել։ Մարդկանց հետ կխոսես շատ նուրբ, կօգտագործես փաղաքշական բառեր, ժպիտդ էլ ավելի կլայնացնես, կխոսես մարդկանց հետ միայն իրենց սիրելի թեմաներից։

Ձեռք կբերես մարդկանց վստահությունը։ Կսիրես մարդկանց։ Կգոռաս, կասես, որ պաշտում ես իրենց, կասես, որ նրանք ճիշտ են, որ նրանք գեղեցիկ են, որ իրենց նմանը չկա։ Ամեն քայլափոխի նրանց կհետևես, կշարժվես ճիշտ իրենց պես, կուտես այն ամենն ինչը մարդիկ համեղ կանվանեն, կհագնես այն հագուստը, որը մարդիկ կհաստատեն, որ սազում է, կլսես այն երաժշտությունը, որը մարդիկ կլսեն, կքնես տաք անկողնում, փափուկ բարձով ու վերմակով, որովհետև դա է ճիշտը, որովհետև մարդիկ դա ճիշտ են համարում։

Կդառնաս մարդկանց սիրելին, կունենաս լիքը փող։ Պիտի պաշտես փողը, պիտի գրկես ու համբուրես, պիտի մարդկանց հետ միասին փառաբանես այն։ Փողով կգնես մարդկանց ու կվաճառես։ Փողով կգնես մարդկանց ժպիտները, մարդկանց վստահությունը, մարդկային բարեկամությունը։ Գնելուց հետո էլ կվաճառես դրանք, որ նորից ունենաս լիքը փող։ Հետո կծախսես այն, ինչքան որ սիրտդ տա։

Հանկարծ չհագենաս փողից, դա քո վերջը կլինի։ Փող ունենալուց հետո մեծ մարդկանց հետ գործ կունենաս։ Նորից լայն ժպիտով կասես իրենց համար ամենացանկալի խոսքերը։ Մարդկանց մոտ կփառաբանես փողը, որ մարդիկ հավատան քեզ։ Այնքան ժամանակ կշողոքորթես, մինչև որ դու էլ դառնաս այդ մեծ մարդկանցից մեկը։ Դրանից հետո քեզ կտան աթոռ։ Դու պիտի պաշտես այդ աթոռը։ Պիտի փողի նման փառաբանես ու պաշտես աթոռը։ Հետո մարդիկ կգան քեզ մոտ։

Նույն ժպիտներով քեզ կշողոքորթեն, կասեն, որ քո ասած ամեն մի բառը ճիշտ է, որ դու այնքան գեղեցիկ ես, որ այնքան խելոք ես։ Մարդկանց նույն ժպիտով կպատասխանես, նույն խոսքերով կփակես բերանները։ Կսիրեք իրար, կժպտաք, կպաշտեք միմյանց, կգուրգուրեք ձեր ճշմարտությունները, կփաթաթվեք իրար, կհամբուրվեք, փողը կպահեք ամենավերևում, կհամբուրեք աթոռը, կհամբուրեք ձեր դիմակները...

Զգույշ կլինես։ Հանկարծ դիմակդ չընկնի դեմքիցդ։ Պինդ կփակցնես այն դեմքիդ, թե չէ գիտե՞ս՝ ինչ կլինի։ Եթե հանկարծ դիմակդ ընկնի, կհայտնվես մարդկանց ոտքերի տակ։ Կվերանան մարդկանց ժպիտները։ Ժպիտների փոխարեն միայն նողկալի դեմքեր կտեսնես։

Քո իրական դեմքը կսարսափեցնի մարդկանց։ Կխառնվեն իրար, կատեն քեզ, ամբոխով դեպի քեզ կշարժվեն, կգցեն քեզ իրենց ոտքերի տակ ու կանցնեն վրայովդ։ Դու կլինես, դու կապրես. առանց փողի, առանց աթոռի, առանց մարդկային ժպիտների ու շողոքորթության։ Կանտեսեն քեզ, քեզ կատեն, կլռեցնեն ձայնդ, քեզ խելագարի տեղ կդնեն, բայց դու կլինես քո դեմքով, կլինես քո ճշմարտությամբ, քո գեղեցկությամբ։ Ամբողջ մարդկությունը քո դեմ դուրս կգա, բայց դու կթքես բոլորի վրա, կթքես բոլոր դիմակների վրա։

Կգոռաս, կասես, որ արևն ամենևին էլ պայծառ չէ, կասես, որ զզվում ես տաք ու փափուկ անկողնում քնելուց, կասես, որ ատում ես փողը։ Կլսեն քեզ, կծիծաղեն վրադ, բայց դիմակները չեն դիմանա, կցնցվեն, կընկնեն ու փշուր–փշուր կլինեն։ Կփորձեն նորից փակցնել իրենց դեմքին. չի ստացվի։ Լաց կլինեն, կխնդրեն, որ հանգիստ թողնես իրենց, որ հետ տաս իրենց դիմակները։

Ձեռքով կփակեն իրենց դեմքը, որ չերևա իրականը։ Կասեն, որ դու խիղճ չունես, որ անսիրտ ես։ Չխղճաս նրանց։ Կայրես բոլորի ձեռքերը, կայրես իրենց ու դիմակներին։ Այրվելուց կլսես ողբեր։ Կփակես աչքերդ, որ նորից չխաբվես։ Հետո մոխիրը կվերացնես։ 


Դու ճիշտ ես։

Դու գեղեցիկ ես։

Դու իրական ես:


Comments

Popular posts from this blog

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

Թալիսմանը

Իրեն արգելված է եղել ումպ անել դեղին բաժակից՝ դրված սեղանի ուղիղ կենտրոնում, մեջն էլ սպիտակ փոշի, որ վայրկյաններ առաջ ունեցել է իր հստակ կլորավուն ձևը: Իրականում բաժակն այնքան դեղին չի եղել, որքան դեղնած։ Ժամեր առաջ սպիտակ ու ոսկեգույն համադրությամբ ատամներ ունեցող բժշկուհին ասել է իրեն, որ արգելում է հենց այդ բաժակից օգտվելը. - Քոնը չէ, Էլիզա, հազար անգամ ասացի, այն մյուս հիվանդին է պատկանում: «Հենց առաջին պահից, երբ տեսա այդ անհասկանալի գույն ունեցող սեղանը, միանգամից ներսս մթնեց»,- այսպես է պատմել Էլիզան, երբ բժշկուհին հարցրել է, թե ինչու է ապշած նայում այդ կենցաղային հասարակ առարկային: Էլիզան, երբ տեսել է հիվանդանոցում իրեն հատկացված տեղը, միանգամից բացականչել է, որ իրեն դուր է գալիս ու պալատի փոխարեն անընդհատ դղյակ բառն է օգտագործել, երևի սխալմամբ, իսկ հետո Էլիզայի պալատի անունը հենց դղյակ էլ մնացել է` նույնիսկ բժիշկների շշուկներում: Երբ բժշկուհին այդ օրն իրեն զգուշացրել է ոչ մի դեպքում չօգտվել սեղանին դրված բաժակից, Էլիզան խելոք գլխով է արել բժշկուհուն ու այդ պահին աչքը պատահաբար...