Skip to main content

Մահ


Ես մահացա ինն անց երեսուն րոպեին, երբ Բարիդսկի փողոցի լույսերը դեռ չէին վառել։ Ես շտապում էի տուն և ճիշտն ասած տրամադրություն չունեի զբոսնելու Բարիդսկուն կից գտնվող այգում։ Այդ օրն իմ կյանքի ամենաանհաջող օրն էր։ Առավոտյան ես արթնացա շատ ուշ և այդ պատճառով ուշացա մի շատ կարևոր հանդիպումից։

Արթնանալուց հետո փորձեցի նախաճաշ պատրաստել, որը նույնպես անհաջող ստացվեց, և ես ստիպված եղա պատվիրել որևէ բան՝ սովամահ չլինելու համար։ Հետո սկսվեց զանգերի տեղատարափն այն անձանց կողմից, որոնց հետ պետք է հանդիպեի։

Ես անջատեցի հեռախոսն ու տանից դուրս եկա։ Դեռ ժամը երեքն էլ չէր, երբ ուժեղ գլխացավ սկսվեց և ստիպված եղա տուն վերադառնալ, քանի որ մոռացել էի խմել բժշկի նշանակած հաբերը։ Տուն հասնելուց հետո հասկացա, որ բանալին տանն եմ թողել։ Ինքս ինձ հայհոյելով ոտքով հարվածեցի դռանը, որով կատաղեցրի հարևանի շանը, և որն էլ սկսեց միալար հաչալ, ու ես ստիպված եղա փախչել այդտեղից։

  Եվ դրանից բացի գլխացավս ուժեղացավ և ես լուռ շտապեցի դեղատուն։ Լավ էր՝ գրպանումս գումար կար և ես դեղատանը պարտք մնացի այդ հաբերի գումարի ուղիղ կեսը։ Հետո հանկարծ հիշեցի, որ իմ տան բանալիներից մեկը ես տվել էի իմ մտերիմ ընկերոջը։ Այդ ժամանակ ես քաղաքից դուրս էի մեկնում, և նա խնդրել էր իմ բացակայության ընթացքում մնալ իմ բնակարանում, և ես նրան չէի մերժել։ Իսկ հետո լրիվ մոռացել էի բանալու մասին։ Ես կենտրոնացա և փորձեցի ծրագրել, թե ինչպես եմ հասնելու ընկերոջս մոտ, (Նա բնակվում էր Մալզիվի փողոցում) եթե մեքենան այնտեղ է հասնում մոտավորապես կես ժամում, իսկ ես ինձ մոտ ոչ մի գրոշ չունեի, և որոշեցի ոտքով գնալ, ու ըստ իմ հաշվարկների՝ ես Մալզիվի պետք է հասնեի մոտ տասն անց երեսուն րոպեին։ Բայց դա դրսում մնալուց ավելի լավ էր։ Նախ որոշեցի, թե որ ճանապարհով գնամ, որ ավելի շուտ հասնեմ, սակայն շուտով պարզեցի, որ Բարիդսկուց Մալզիվի հասնելու միայն մեկ ճանապարհ կա, որն ամենևին էլ կարճ չէ։ Ճանապարհին ոչ ոքի չհանդիպեցի։ Դա անգամ լավ էր, քանի որ կարող էի հանդիպել նրանց, ում հետ այդ օրը հանդիպման էի։ Բայց հետո այդ միտքն ինձ անհեթեթ թվաց, որովհետև նրանք հազիվ թե այդտեղով անցնեին։ Հաճելի էր քայլելը, եթե չհաշվեինք ուժեղ գլխացավս և արդեն շարքից դուրս եկած նյարդերս։ Արդեն մթնում էր, և ես լսում էի փողոցային շների հաչոցները։ Ես արագացրի քայլերս։ Ինձ հետաքրքիր էր, թե ժամը քանիսն է։ Նայեցի ժամացույցին. Յոթն անց էր երեսուն րոպե, իսկ ես արդեն հասնում էի։ Մի քանի րոպե անց վառվեցին փողոցի լույսերը և ես ավելի պարզ տեսա այն վայրը, որտեղով քայլում էի։ Դա մի փոշոտ վայր էր՝ կիսաքանդ շինություններով։ Կես ժամ անց հասա Մալզիվի՝ մի աղքատիկ փողոց իր մռայլ շենքերով։ Նորից նայեցի ժամացույցին։ Ժամը ութն էր։ Ես սխալվել էի իմ հաշվարկներում՝ ոնց որ միշտ։ Ինձնից ևս մի քանի րոպե պահանջվեց գտնելու ընկերոջս բնակարանը, որովհետև վաղուց նրան չէի այցելել։ Ես փորձեցի մտածել այն մասին, թե ինչ կլինի ինձ հետ, եթե ընկերս տանը չլինի։ Սակայն դա չպատահեց։ Նա տանն էր և սովորության համաձայն բարձր երաժշտություն էր լսում, որի պատճառով ուշ բացեց բնակարանի դուռը։ Սկզբում զարմացավ ինձ տեսնելով, բայց հետո համակերպվեց այդ մտքի հետ ու ինձ ներս հրավիրեց։ Մենք խոսելու ժամանակ չունեցանք, որովհետև, ինչպես հասկացա, նա մենակ չէր և ընկերների հետ զբաղված էր խմելով։ Մի քանի բառով նկարագրեցի գալուս պատճառը։ Նա անհետացավ սենյակից, և երբ վերադարձավ՝ ինձ հանձնեց իմ բնակարանի բանալին։ Դրանից հետո ինձ գումար տվեց տուն հասնելու համար, և ես հասկացա, որ իմ գնալու ժամանակն է։ Երբ արդեն դուրս էի եկել մուտքից, ինձ թեթևացած զգացի՝ ձեռքումս զգալով բանալին ու գումարը։ Փողոցում մի քանի րոպե սպասելուց հետո տաքսի նստեցի և ուղևորվեցի Բարիդսկի։ Տեղ հասնելով՝ իջա մեքենայից և քիչ էր մնում մոռանայի վճարել գումարը, և ավելորդ անախորժություններից զերծ մնալու համար գումարն արագ խցկեցի վարորդի ձեռքն ու քայլեցի տուն։ Բարիդսկու լույսերը դեռ չէին միացրել։ Տուն հասնելու համար պետք էր փողոցն անցնել։ Քանի որ մութ էր, ուշադիր նայեցի փողոցի երկու կողմերը և մեքենա չտեսնելով՝ քայլեցի առաջ։ Այդ պահին հանկարծ մեքենայի ձայն լսեցի և աչքերիս առաջ երևացին մեքենայի աղոտ լույսերը, որոնք աստիճանաբար վերացան։ Ինչ–որ գրողի տարած մեքենա էր դա, որը հավանաբար ինձ չնկատելով՝ անխղճաբար անցել էր վրայովս։ Իսկ հետո ավելորդ խնդիրներ չունենալու համար լուռ հեռացել էր՝ ասես ոչինչ չէր պատահել։ Իմ դիակը գտան առավոտյան և Բարիդսկուց անմիջապես տեղափոխեցին դիահերձարան։ Ես մահացել էի վզիս կոտրվածքից և գլխի ուժեղ ցնցումից։ Դիահերձարանում էլ հայտնաբերեցին ևս մի քանի կոտրվածք, որոնք արդեն ոչ մի նշանակություն չունեին։


Ես մահացա այդպես էլ չհասնելով տուն։


Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը