Skip to main content

Դուք` նշանակում է բացարձակ բարձրություն


Դուք դասախոս եք, իսկ ես ուսանող եմ

Դուք` նշանակում է բացարձակ բարձրություն

Ես` նշանակում է հարաբերական գոյություն: 

Առաջին անգա՞մ եք լսում: Դա էլ իմ հնարած տերմինն է: Ես էլ ունեմ իմ սեփական պայմանական նշանների ամբողջությունը, ու դա բնավ լեգենդա չի կոչվում:

Ոչ մի ընկերություն: Ո՞նց կարող է ընկերություն լինել բացարձակ բարձրության ու հարաբերական գոյության միջև: Ոնց որ և չի կարող լինել ընկերություն բորենու ու իր սննդի միջև, ոնց որ ասենք չեն կարող ընկերներ լինել մեռածն ու ողջը, իրար հետ երբեք չեն կարող զրուցել հասարակածն ու արևադարձը, որովհետև իրենց մեջ սահման կա, գիծ, ուղիղ ու երկար գիծ` մերձհասարակածը: Ստիպված կլինեն երկուսն էլ գոռալ` իրար լսելու համար: Պատկերացնու ՞ մ եք` ոնց կվախեցնեն տեղի բնակիչներին:

Դուք` փակ զոնա` փշալարերով

Ես` փակվող զոնա` առանց փշալարերի


Ինչպե՞ս կարող է ընկերություն լինել փակի ու  դեռ նոր փակվել սկսողի միջև:

Հնարավոր չէ:

Դուք մեզ պատմում եք օդի խոնավության մասին, գոլորշանալու ու հալվելու մասին, իսկ գիտե՞ք, թե ինչ է ներքին խոնավությունը: Երբևէ գիշերվա կեսին վեր թռե՞լ եք անհաջող մղձավանջից ու ցրտից դողացրե՞լ եք գիշերվա կեսին` զգալով սառնություն, բայց ախր դրսում տաք է, իսկ որտեղի՞ց է գալիս այդ տենդը. այ հենց սա է իսկական խոնավությունը: Սա կոչվում է ներքին խոնավություն: Իսկ փորձե՞լ եք ձեր ներսի խոնավության հետ հաշվի նստել: Համոզված եղեք` բարդ գործ է: Իսկ երբևէ գոլորշացե՞լ եք: Այ հենց էդպես, վերցնում եք ու գոլորշանում, հետո երկինք եք հասնում ու այնտեղ վերածվում եք ջրի կաթիլների: Այդ պահին ձեզ թվում է, որ դուք միակն եք ջրի կաթիլների մեջ, հետո նայում եք ձեր շուրջն ու հասկանում, որ ընդամենը կես փոքրիկ ու անօգնական կաթիլ եք` ամբողջ հազարավոր կաթիլների մեջ: Այ հենց սկսում եք հասկանալ դա, այդ ժամանակ է, որ գալիս է հալվելու պահը` վերջնական, անվերադարձ..

Դուք` հալվող ու գոլորշացող փաթիլների մասնագետ

Ես` հալվող ու գոլորշացող փաթիլ


Տարբերությունը՝ ծովի մակարդակից հազարավոր կիլոմետրեր բարձր

Ես էլ ունեմ իմ սեփական գեոսինկլինալային համակարգը: Ու, ի տարբերություն ձերինի, ես այն կառավարել չեմ կարողանում, ես չեմ որոշում սեփական մագմայիս ժայթքելու ժամանակը: Դա պատահաբար է ստացվում: Աչքս թարթում եմ ու արդեն հանգած հրաբուխ եմ: Զզվելի զգացողություն է:

Դուք` խոնավ ու մշտադալար հասարակածային անտառների պահապան

  Ես` խոնավ ու մշտադալար ծառի արմատ


Տարբերությունը` մոտավորապես երեք երկրաբանական ժամանակաշրջան

Ոնց էլ կարողանում եք այդքան հեշտությամբ խոսել լուսնի ու իր լույսի մասին, այդքան թեթևությամբ պատմում բլուրների ու սարերի տարբերությունը: Դուք գիտե՞ք, որ ինձ համար մառախուղը սովորական երկրամերձ շերտերում առաջացող ամպերի կույտ չէ, իսկ լուսինն արբանյակ չէ, ու ոչ էլ իմ տեսակի բլուրների բարձրությունն է մինչև երկու հարյուր մետր: Այդպես համոզված մի եղեք ամեն ինչում: Դրանցից ամեն մեկն ինձ համար յուրահատուկ սիմվոլ է, կենսակերպ, շնչելու համար նախատեսված  նյութ: Դրանք էլ իմ օդի բաղադրության մեջ են մտնում: Դուք այդպես բացահայտ մի որոշեք ամբողջ մարդկության մթնոլորտի ու ջրոլորտի կազմությունը, դուք ամեն ինչում այդպես համոզված մի եղեք:

Դե իհարկե.

Դուք` մթնոլորտը, քարոլորտն ու այլ ոլորտներն ուսումնասիրած անձ

Ես` սովորական երկրամերձ շերտ


Միևնույն է: Հարավն ու հյուսիսն ինչ-որ մի ժամանակ ու ինչ-որ կետում հանդիպում են իրար: Հենց էդպես, ամեն մեկն իր հերթին մոտենալու քայլ է անում: Երբեմն նրանցից մեկը կամ առաջ չի շարժվում, կամ էլ հետ է քաշվում, այդ ժամանակ հանդիպումը երկարում է ևս մի երկրաբանական ժամանակաշրջանով:

Դուք` հյուսիս, հարավ ու մնացած թիթիզությունները

Ես` կետ, առաջ քայլող կետ, մոտեցող գիծ


Տարբերությունը` արեգակի հինգ պտույտ ամբողջ գալակտիկայի շուրջը

Ընկերություն չի կարող լինել մածնի ու կաթնաշոռի միջև, որովհետև մրցակիցներ են, ընկերություն չի կարող լինել արևմտյան ու արևելյան քամիների միջև, որովհետև իրենք միշտ իրար դեմ են լինում, ընկերություն չեն կարող անել վագրն ու առյուծը, որովհետև երբեք չեն հանդիպել միմյանց, չեն կարող ընկերներ լինել գետն ու լիճը, որովհետև դրանցից մեկի նպատակը շարժումն է, մյուսինը` քարացումը: 

Ու վերջապես երբեք կողք կողքի չեն կարող քայլել գոտկատեղից վերևն ու գոտկատեղից ներքևը, որովհետև նրանք տարբեր ուղղությամբ են շարժվում ու յուրաքանչյուրի նպատակն ուրիշ է: Բայց ամբողջ տիեզերական անսահմանության մեջ գոյություն է ունենում մի փոքրիկ ու աննշան կետ, որտեղ նրանք հանդիպում են, իրար ականջի փսփսում են և ուզածի չափ ընկերություն են անում, որովհետև հոգնել են միևնույն պաշտոնը կատարելուց, որովհետև գետը ցանկանում է ժամանակ առ ժամանակ կանգ առնել ու շունչ քաշել, իսկ բորենին գոնե հազարից մեկ ցանկություն է ունենում իր սննդի հետ զրուցել, գրկել իրեն ու փսփսալ ականջին` նախքան կուլ տալը: Արևն էլ հոգնել է վառվելուց, իսկ լուսինը, երևի արդեն զզվել է իր վրա ոռնացող գայլերի ոհմակից:

Դուք` վառվող ու երբեք չհոգնող արև

Ես` վառվելուց հոգնած ու սառնությանը սիրահարված դեղնավուն աստղ


Տարբերությունը՝ ձեր դասախոսությունները Յուպիտերում գրի առնող այլմոլորակայինները կիմանան

Իսկ ես հոգնել եմ արդեն: Զզվել եմ ամեն մի անցնող-դարձողին ինձ մոտ հրավիրելուց, զզվել եմ դարպասներիս շղթաների նրբությունից ու շուտ բացվելու հատկությունիցս: Ինձ էլ դուր չի գալիս այս խաղը: Ու ոչ էլ խաղի կանոնները: Ամեն անգամ, երբ  մի այդպիսի բացարձակ բարձրությանն, ինչպիսին դուք եք, վստահում եմ բանալիներս, դրանք վերջում աղավաղված ձևով հայտնվում են գրկիս մեջ, դրանք վերջում հետ են շպրտվում դեմքիս:

Բացեք ձեր պատուհանը: Թող փչեն պասսատներն ու մուսոնները: Հետո ինչ, որ անհնար է դա: Հո ձեր ներսի քամիներին վերահսկել կարող եք:

Ու մի արհամարհեք ձեզ առաջարկվող բանալիները: Դրանք սղոցային ժպիտով հետ մի շպրտեք դիմացինի դեմքին: Որովհետև դիմացինը ձեզնից պակաս վայրենի չէ:

Գոյություն ունի մի բան, որի շնորհիվ կարողանում եմ ապրել այս մոլորակում, որի շնորհիվ ամբողջությամբ չեմ գոլորշանում, որի միջոցով դեռևս պահպանում եմ երկնամերձ ու երկրամերձ շերտերս: Սերն է: Որովհետև, գրողը տանի, ինչքան էլ փորձեմ անտեսել մարդուն, մեկ է, ես մինչև ականջներիս ծայրը, ու գուցե ավելի վերև, սիրահարված եմ նրան` բնական, վայրի մարդուն:

Դուք` սուր ու ծակծկված թմրաբեր ծաղիկների անտառ

Ես` սուր ու ծակծկան թմրաբեր ծաղիկ


Տարբերությունը` կանաչ ու  անանցանելի լիաների վրա բնակվող թափանցիկ հոգիների տեսանելիությունը` նայող, բայց երբեք չտեսնող մարդու կոպերի տակ:

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Փոխարինելի

Մահը մի ոտքի վրա կանգնելուց հոգնեց, ձեռքի մանգաղն էլ չկարողացավ հետը քարշ տալ, շորերը պատռվեցին երկար քայլելուց, ծարավեց ու որոշեց մարդկանցից ջուր խնդրել: Հանեց սև թիկնոցը, սև վերնաշապիկն ու տաբատը, մերկ վազեց մայրուղով, որ խղճահարություն առաջացնի: Մահվանը գտան սառած ու կուչ եկած մի աննկատ պանդոկի դիմաց, ներս տարան, պանդոկում աշխատող չաղլիկ տիկինը մահվանը կարմիր պուտիկներով զգեստ հագցրեց, մազերը սանրեց, իր կիսատ օծանելիքից մի փոքր ցանեց վրան ու մահն ուշքի եկավ: Մահվանը դուր եկավ պանդոկն ու իր տեսքը, մահը ձևացրեց, թե չի հիշում իր ով լինելը, մահը ձևացրեց, թե վախենում է մենակ մնալուց, մահը ուրացավ ինքն իրեն, ասաց, որ մահվանից վախենում է: Մահը տեղավորվեց մարդկանց աշխարհում ու իրեն լավ զգաց այնտեղ: Մի անգամ էլ մահն իմ ձեռքն ընկավ, ես նրան տուն տարա, իմ անկողինն իր հետ կիսեցի, միասին ճաշեցինք,  պուտիկավոր զգեստը լվացի, իրեն էլ լողացրի ու հեքիաթ պատմեցի, որ քնի: Մահվանը դուր եկավ հեքիաթն ու վերջնականապես որոշեց մնալ ինձ մոտ: Բայց երկար չէր կարող թաքնվել, առանց մահվան մարդիկ չէին կարող,մարդ