Skip to main content

Գաղտնի տունը


Մեր ծիրանանոցը մեզ համար տիեզերք էր` անսահման մեծ ու խիտ: Այնտեղ բոլոր սեզոններին անելիք ունեինք: Ցոգոլի սեզոնին խուլիգանների պես հարձակվում էինք ծառերի վրա, դրա համար ծիրանի սեզոնին պարապ ու սոված էինք մնում: Ցրտերն ընկնելուն պես ավելի քիչ էինք գնում այնտեղ, իսկ եթե թե գնում էլ էինք` միայն բրդյա վերմակով ու  վերարկուով: Պահմտոցի խաղալիս ծառերը մեր ամենահարմար թաքստոցն էին: 

Ես այդ ժամանակ Ժ-ին էի սիրում: Ժ-ն երբեմն չէր մասնակցում մեր խաղերին, փոքր եք` ասում էր ու մեծերի հետ տաղավարում ծխելու գնում: Մենք բոլորս կարոտում էինք Ժ-ին, նա մեր բոլորի ասպետն էր: Նրա տան պատերին գյուղի բոլոր աղջիկների անունները փորագրված էին ու սրտիկներով զարդարված: Նա իսկական հերոս էր, քանի որ մի օրում կարողանում էր երկու անգամ սիրահարվել: 

Ժ-ն քրոջս էլ էր սիրահարվել, իրենց այգու բոլոր ծաղիկները պոկել էր ու նվիրել նրան: Դրա համար Ժ-ն ծեծ կերավ ու տանը փակվեց մի քանի օրով: Ես համոզված էի, որ մի օր նա ինձ էլ կսիրահարվի, դրա համար ինձ պատեպատ չէի տալիս ու մի կերպ դիմանում էի:

Մի օր առավոտյան որոշեցինք ես, Ժ-ն ու քույրս զբոսնել ծիրանանոցով մեկ: Հասանք շատ հեռու, այնքան հեռու, որ նույնիսկ տարածքը մեզ անծանոթ դարձավ: Ժ-ն թռչնի բույն գտավ ծառերից մեկի վրա, բնի մեջ էլ` երեք ձու: Վերցրեց դրանք, երկուսը տվեց ինձ ու քրոջս, իսկ մյուսը իր մոտ պահեց: Երբ շարունակեցինք քայլելը, ձեռքիս մեջ ձուն ջարդվեց ու դուրս ծորաց: Ժ-ն ասաց, որ պետք չէր այդքան պինդ սեղմել ափի մեջ: Ծիրանանոցը աչքիս առաջ մի վայրկյանում փոխակերպվեց, դարձավ դատարկ տարածություն, որտեղ ոչ ոք չկար` քույրս, Ժ-ն, մյուները, խակ ցոգոլներն ու Ժ-ի հարյուրհազարավոր սիրելիները: Այդ տարածությունից կոտրված ձվի հոտ էր գալիս:

Մի անգամ էլ քրոջս հետ ինքնագլուխ որոշեցինք քայլել ծիրանանոցի ուղիղ գծով ու գնալ այնքան,  մինչև որ մի հետաքրքիր բան կպատահի: Ժամեր անցան, երբ հանդիպեցինք հին, մաշված ու դեղին ավտոբուսի, որը կարծես թե կիսով չափ գետնի տակ էր: Մենք նստեցինք երկաթե սուր եզրին ու լիմոնադ խմեցինք: Քրոջս հետ պայմանավորվեցինք, որ սա մեր գաղտնի տունը կլինի: Այստեղ կգանք միայն երկուսով ու մեկ ժամ կապրենք` եզրին նստած: Հետո հոգնեցինք դեղին ավտոբուսից ու որոշեցինք շարունակել ճանապարհը: Որոշեցինք, որ ևս երկու գաղտնի տուն պետք է գտնենք մեզ համար, միայն այդ դեպքում կարող ենք վերադառնալ: Ամեն ինչ սպասվածից ավելի շուտ գտնվեց. ուղիղ մի քանի քայլ այն կողմ ծառի վրա տուն նկատեցինք, որը աստիճան ուներ: Բարձրացանք ու այնտեղ քնած մարդ հայտնաբերեցինք` հավանաբար հովիվն էր: Իսկ երրորդը մեզ սպասում էր մի փոքր ավելի հեռու վայրում: Ծառի տնից քայլեցինք դեպի մեծ աղբանոցը, որի կողքին ծղոտներով ամրացված անկողին կար` ծղոտե տանիքով, սակայն ծածկված մի կողմից միայն: Մի քանի րոպե մեր երրորդ գաղտնի տանը մնալուց հետո տուն եկանք` խոստանալով, որ չենք մոռանա այդ երեքին ու որ անպայման էլի կգնանք:

Ամռան վերջին Ժ-ն մեկ օրով ինձ սիրահարվեց ու այդ մասին խաղերից մեկի ժամանակ ականջիս փսփսաց: Ես գոհ մնացի: Դա էլ քիչ չէր:

Ծիրանանոցը մեզ համար տիեզերք էր, ինձ ու քրոջս համար` գաղտնարան, առեղծվածային մի վայր, որտեղ իրար կողք կողքի երեք գաղտնի տուն ունեինք ու որտեղ այլևս երբեք երկրորդ անգամ չգնացինք:

Comments

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...