Skip to main content

Փոփոխություն


Հերթապահությունից անմիջապես հետո լույսերը հանգցրի, բանալիները դիտավորյալ չվերցրի, որ վրաս խոսակցություն գա, դուռը կիսաբաց թողեցի, որ մյուս օրը շեֆս գոռգոռա վրաս ու ես հաճույքից վիզս կողքի թեքեմ, ու նա էլ ավելի բարձրաձնի իր ձայնը: Արձակելով բլուզիս առաջին երկու կոճակը` դուրս թռա տարածքից ու վազեցի մոտակա փողոցը, որտեղ պետք է նրան հանդիպեի: Նա իմ կյանք ներխուժեց շատ պատահական: Առաջին անգամ երբ տեսանք իրար, մեր աչքերում նշանի պես մի բան հայտնվեց. լավ չեմ հիշում պարզապես դո՞ղ, թե ավելի բարձրարժեք մի բան, համենայն դեպս ես առաջին անգամ էի այդպիսի զգացում ունենում: Իմ ու նրա միջև ծնվեց թշնամանք` առաջին հայացքից: Հաջորդ օրը երկուսս էլ թշնամական խոստովանություն արեցինք իրար, ես նրան պոկոտած, թոշնած ու ցեխոտ ծաղիկներ նվիրեցի, իսկ նա փոխարենը` հարվածեց փորիս: Այդ օրվանից մենք սկսեցինք ընկերություն անել` որպես թշնամիներ: Մենք ամբողջ սրտով ատում էինք իրար ու ատելության համբույրներ տալիս միմյանց: Հանդիպում էինք գրեթե ամեն օր, նա պատմում էր իր հոգսերի ու դառնությունների մասին, ես դրանք շատ մանրամասն մտապահում էի, որպիսի ուրախության ժամերին երեսով տայի: Խոսում էինք այն մասին, թե ինչն ենք ատում ամենաշատը, ինչն է մեզ վիրավորում կամ հուսահատեցնում, պատմում էինք մեր թույլ կողմերի մասին, որպեսզի մեզ համար ավելի հեշտ լինի իրար ցավեցնելը: Երբ մի անգամ նրան ասացի, որ ատում եմ շեֆիս ու կուզեի պատուհանից դուրս շպրտել, զգացի, թե ինչպես նրա աչքերը կարմրեցին ու կատաղությամբ ինձ նայեց: Իսկույն հասկացա, որ խանդեց: Բնականաբար չփորձեցի արդարանալ կամ նման մի բան, սառնությամբ նայեցի նրան ու ասացի, որ չտխրի, որովհետև աշխարհում ամենաշատը իրեն եմ ատում ու այդ ատելությունը երբեք չի վերջանալու, ոչ ոք չի կարող այդ զգացումը ինձնից պոկել, ոչ ոք չի կարող նրան ինձնից բաժանել: Նա կարծես թե հանգստացավ ու թքեց գետնին, որը փոխադարձության նշան էր:

Այդ օրը փողոց վազելուց հետո երկար չսպասեցի նրան, միանգամից եկավ: Սովորականի պես ապտակեց, հետո նայեց ինձ ու ես զգացի, թե ինչպես է նրա հանդեպ ունեցած սառնությունը ջերմությամբ փոխարինվում, թե ինչպես է սրտումս ինչ-որ բան կոտրվում` անվերադարձ: Ձեռքս տարա, որպեսզի խեղդեմ նրան ( այդպես անում էինք, երբ կասկածում էինք միմյանց հավատարմության մեջ). նույնիսկ չկարողացա դիպչել նրան: Հայացքս փախցրի: Անմիջապես զգաց, որ մի բան այն չէ: Հարցրեց` ամեն ինչ կարգի՞ն է: Չպատասխանեցի: Նայեցի ձեռքերին ու սարսափով հասկացա, որ ուզում եմ շոյել: Հետո մազերին նայեցի, վզին, աչքերին ու շուրթերին: Սիրտս ամբողջությամբ փշրված էր: Ես չէի կարող նրան բացատրել, որ մեր մեջ ամեն ինչ վերջացած է, որ ես նրան այլևս չեմ ատում, որ էլ չենք կարող հանդիպել ու ցավեցնել իրար: Բայց նույնիսկ դա չկարողացա ասել: Շատ լավ հասկանում էի, որ երբեք ինձ չեմ ների, եթե խաբեմ նրան ու ասեմ, որ առաջվա պես ատում եմ: Մի կերպ ինձ ստիպելով բռնեցի ձեռքը ու շոյեցի` որպես մեր բաժանման նշան: Նա սկզբում չհասկացավ, թե ինչ է կատարվում,  բայց երբ մատներով հասա մազերին ու մեղմ շոյեցի, հանկարծ վեր թռավ. նրա համար ամեն ինչ պարզ դարձավ: Սկսեց լացել ու գոռալ, ասաց, որ դեռ ատում է ինձ ու չի թողնի, որ հեռանամ: Գլուխս առա ու վազեցի փողոցին հակառակ: Նույնիսկ չհասցրի ներողություն խնդրել` մեր երկուսիս խոստումնալից ապագան կործանելու համար:

Comments

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...