Skip to main content

Սենյակը


Երևի պետք չէր սենյակ մտնել: Սեղանի ծայրին դրված բաժակին երբեք չեմ ների: Ինչ կարիք կար հենց այդ ժամին ու հենց այդ դիրքով, առանց որևէ մեկի միջամտությամբ, իրեն նետեր փայտե հատակն ու կտորների բաժանվեր:

Եղբայրս քնած էր պատշգամբում: Չէ, գիշեր չէր, կարիք չկա երևակայությունն աշխատեցնելու: Սարսափ պատմությունն իրականում գիշերվա կարիք չունի, ոչ էլ մի խումբ ուրվականների: Ընդամենը սենյակ, բաժակի կտորտանքներ ու քուն մտած եղբայր: Պատշգամբից դեպի սենյակ բացվող պատուհան, որտեղից ցուրտ էր փչում: Ապակու կտորները այսուայնկողմ թռան ու տեսադաշտիցս կորան: Փոքր տարիքում մեզ կարգադրված էր` ցանկացած տեղում կոտրվող իր անմիջապես հավաքել ու դեն նետել: Իսկ ես պահը կորցրի, ուշացա: Կտորներին մոռացած մոտեցա, որ փակեմ պատուհանը, իրականում` ցրտի մուտքը: Բայց պատշգամբի բոլոր պատուհանները փակ էին` իրենց հնարավորության սահմաններում: Ուրեմն ցուրտը՞:

Չէ, էլի ուրվականի կամ մի այլ ոգու վրա չգցեք: Սա այդ դեպքը չէ: Ցուրտը փաստորեն…եղբորիցս էր փչում: Չէ, եղբայրս մեռած չէր: Հետաքրքիր է` ինչի՞ց այդպես եզրակացրի, եթե նույնիսկ նրա շնչառությանն ուշադրություն չեմ դարձրել: Բայց անհետացած կտորները նորից անհանգստացրին ինձ: Նայեցի սենյակի չորսկողմը: Ինչ խոսք, դատարկ սենյակ էր` առանց որևէ առարկայի: Ինձ մի պահ հիմար զգացի: Սենյակում չտեսա ոչ սեղան և ոչ էլ մի ուրիշ հարմարանք, բայց բաժակը կոտրվել էր ու ընկել հատակին: Ու հիմա նույնիսկ նրա հետքը չկար: Սարսափելի մենակ զգացի: Դեռ մի քանի րոպե առաջ սենյակը հարգանքի արժանի իրերով լցված վայր էր:

Թեքվեցի եղբորս կողմը: Նրան չգտա արյունոտված ու դանակահարված: Ինձ ճիշտ հասկացեք, նրան ընդհանրապես չգտա իր տեղում: Փոխարենը անկողնու վրա կարճ, կոշտ ու սև մազեր կային: Հաստատ նրանն էին: Երբ երկար ժամանակ նույն դիրքում է պահում գլուխը, այսպես ասած մազ է թողնում: Հա, էդ դեպքում որտե՞ղ էր նրա գլուխը, կամ գոնե ինքն ամբողջությամբ:

Հետո ես հասկացա խաղի իմաստը: Դատարկվելն էր: Ինձ վախեցրեց այն, որ եղբորս անհետանալուց հետո փակ պատշգամբից դեռ ցուրտ էր փչում սենյակ: Անկողինը,  հա՞: Երևի անկողինն է ցրտի հեղինակը:

Այդ պահին նկատեցի, որ սենյակը դուռ չուներ: Ես փակված էի: Ձեռքս պատուհանից ներս մտցրի, այնուհետև դեպի անկողինը տարա: Ավելի երկարացրի, որ կպչեմ սավանին ու վերջապես պարզեմ ցրտի պատճառը: Ձեռքս չէր հասնում: Ավելի երկարացրի: Ինչքան տեղ ունեի ձգվեցի ներքև: Մեկ էլ փայտանման հատվածի կպա: Մարդասպանի չոր գանգ չէր, այլ մեր հասարակ, երբեք իրեն չերևակայող փայտե  հատակը: Վիճակս բարդացավ: Ինձ թվաց եղբայրս թիկունքումս է: Պտտվեցի: Էլի նույն զգացողությունը: Անընդհատ պտույտներ արեցի, որ վերջապես հասկանամ` թիկունքս որ մասում է: Չեղավ: Եթե ցուրտն էլ վերանա, վերջնական կհիասթափվեմ այս սենյակից: Հատակն էլ իր հերթին միացավ խաղին. փայտի վրա անզգուշորեն արված խազերը լցվեցին, դարձան միագույն: Փաստորեն շուտով ոտքիս տակ ոչինչ չեմ զգալու: Հետաքրքիր է` ինչքան կկարողանամ այդ դիրքում կանգնած մնալ:

Քանի դեռ դա տեղի չէր ունեցել, սկսեցի զբոսնել փակ տարածքում ու ոտքերս ինչքան հնարավոր է ամուր դրեցի գետնին: Արյունոտվեց: Սարսափ պատմություններին բնորոշ միակ ու վերջին դետալը հայտնվեց անսպասելի: Կրունկիցս մինչև թաթը դեպի աջ թեքված ծուռմռտիկ գծով պատռվածք երևաց ոտքիս: Մի անգամ էլ սեղմեցի գետնին, արյունը ավելի կարմրեց ու շատացավ: Ոտքիս դրած մասում ոչինչ չկար, բացի հարթ ու արդեն որևէ կոնկրետ գույն չունեցող հատակից: Միանգամից կասկածեցի բաժակի կտորներին: Թեկուզև անհետացած, ինչ է եղել որ: Շատ հնարավոր է, որ անհետացած առարկան իր վնասելու հատկությունը դեռևս որոշ ժամանակ պահպանում է: Այդ սենյակում, որ հաստատ:

Չէ, հարցը այն չէ, որ ինձ չվախեցրեց ոտքիս արյունը: Այս պատմության միակ սարսափելի կողմը ոչ թե սեղանի, ապակու կտորների, պատուհանների ու եղբորս անհետացումն էր, այլ այն զգացողությունը,  որ ոչինչ իրականում չէր անհետացել, պարզապես չէր երևում:

Ցուրտը միակն էր, որ մնաց հետս մինչև վերջ: Ինձ թվում է՝ ինչ-որ մեկի հետ գրազ էր եկել: Եղբորս հարցերը մի օր կլուծեմ, դա հեչ: Ապակու կտորներին էլ գուցե ներեմ, եթե բարեհաճեն աչքիս երևալ:

Բայց ինձ դժվար ներեմ: Հենց սկզբից էլ պետք չէր սենյակ մտնել:

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը