Skip to main content

Էլեգիա


Ծաղկամանի հատակում ինձ լավագույն տեղը կտաք,

մոխիր ձևացող փոշիս կլցնեք գրքերիս վրա, որ թվա, թե իմ չափ հին են ու կեղտոտ

վարագույրի վրա կամրացնեք կոշիկներս

թարս զույգերով

կարող են և ծափահարություններ լինել

անգամ երաժշտության կեսից՝ առանց գործիքների,

ոչ երկնքից

ոչ ժամատնից

ու ոչ էլ անգամ համակարգչից հնչող երաժշտության

սիրածս ֆիլմերի բոլոր տիտրերն իրար կմիացնեք

եթե պետք է պարզել կյանքիս տևողությունը 

ծաղկամանը չկոտրեք խրախճանքի ժամանակ

հանկարծակի մոռանալով ինձ ներսում

իմ մասին խոսելիս կարող եք շեղվել դեպի

քաղաքականություն

կամ նոր գիտական հայտնագործություններ

գուցե պարզվի, որ մեռնել բայը հանել են բառապաշարից

ու նույնիսկ բառարաններից

հետո հասկանաք հավաքի անիմաստությունը

ու ցրվեք տներով՝ մոխիրս քամուն տալու արագությամբ


սև ապակին ես էի

սև շրջանակը մինչև մեռնելս պարանոցիս կախված էր

համապատասխան նկար էլ չունեմ

ոչ դարակներումս

ու ոչ էլ ֆեյսբուքյան արխիվներում

միակ պատկերը, որ կարող եք կախել պատից

դատարկ անցքն է՝ առանց շրջանակի


ֆիլմերում մեռնողները միշտ սիրուն դիրքերով են պառկած

արյունը աբստրակտ նկարների պես գեղարվեստորեն

լցված է մարմինների վրա

ձեռքերը նուրբ դրված են հատակին

շրթներկը համաչափ է մաքրված

ու էնքան նկատվող են

ես, որ անգամ ծաղկամանի մեջ չերևացի

ոչ մի դիրք ինձ բաժին չհասավ. բոլորը զբաղված էին

արյուն չեկավ, որ զարդարեր մարմնիս կտավը

հետո միլլիոներով վաճառվեր որպես գլուխգործոց


ինձ մնաց ձեզ հետ միասին երկրաբանական տերմիններից խոսել

որոնք գոյություն չունեին ապրելուս ժամանակ

հասցրեցի միայն փնտրել ու գտնել

որ էլեգիան սպիտակ արձակով չի գրվում


բայց իմ աբստրակտ մահվան հեչ պետքն էլ չէր


ես, որ ծաղկամանս շուռ տվեցի:

Comments

Popular posts from this blog

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

Թալիսմանը

Իրեն արգելված է եղել ումպ անել դեղին բաժակից՝ դրված սեղանի ուղիղ կենտրոնում, մեջն էլ սպիտակ փոշի, որ վայրկյաններ առաջ ունեցել է իր հստակ կլորավուն ձևը: Իրականում բաժակն այնքան դեղին չի եղել, որքան դեղնած։ Ժամեր առաջ սպիտակ ու ոսկեգույն համադրությամբ ատամներ ունեցող բժշկուհին ասել է իրեն, որ արգելում է հենց այդ բաժակից օգտվելը. - Քոնը չէ, Էլիզա, հազար անգամ ասացի, այն մյուս հիվանդին է պատկանում: «Հենց առաջին պահից, երբ տեսա այդ անհասկանալի գույն ունեցող սեղանը, միանգամից ներսս մթնեց»,- այսպես է պատմել Էլիզան, երբ բժշկուհին հարցրել է, թե ինչու է ապշած նայում այդ կենցաղային հասարակ առարկային: Էլիզան, երբ տեսել է հիվանդանոցում իրեն հատկացված տեղը, միանգամից բացականչել է, որ իրեն դուր է գալիս ու պալատի փոխարեն անընդհատ դղյակ բառն է օգտագործել, երևի սխալմամբ, իսկ հետո Էլիզայի պալատի անունը հենց դղյակ էլ մնացել է` նույնիսկ բժիշկների շշուկներում: Երբ բժշկուհին այդ օրն իրեն զգուշացրել է ոչ մի դեպքում չօգտվել սեղանին դրված բաժակից, Էլիզան խելոք գլխով է արել բժշկուհուն ու այդ պահին աչքը պատահաբար...