Skip to main content

մխիթարություն


Անցորդ ես, անծանոթ աշխարհից: Երեկ պատահաբար տեսա, որ ծովի ալիքներին այլ կերպ էիր նայում. մի տեսակ ծովից հայացքդ անմիջապես երկինք էր սահում: Տեղացիները երբեք այդքան համեստ հայացքով չէին դիտի հորիզոնը: Իսկ երկնքին ընդհանրապես չէին նայի, միայն, որ կողքի կանգնածին եղանակի մասին հուշեն: Իսկ դու, անցորդ, մտածում էիր, թե ջուրը քեզ չի հասկանում: Ձեռքդ անգամ դողում էր ծովին դիպչելիս:

Ասում ես` ինձ այստեղ չեն հասկանում, այստեղ ծով կա ու մի աշխարհ երկինք` գլխավերևումդ: Այստեղ, ասում ես, ալիքների լեզուն հասկանում են, ու բողոքում ես, որ մի քանի ժամ շարունակ սոված ու ծարավ թափառել ես ափով մեկ, բայց ջուրն այդպես էլ չի հասկացել, որ ցավի տեր ես, որովհետև ջուրը չի հասկացել քո լեզուն: Գիտես չէ, նրանք, ովքեր հասկանում են իրար, զրկվում են միմյանց տարբերությունը զգալու հաճույքից, դիմացինի յուրահատկությունը դադարում է ընկալվել, իսկ ծովը հասկանում էր, որ դու օտար ես և ուրիշ: Նա քեզ դիտում էր:

Եթե քո փոխարեն, ասենք, Պարոն Հ.ն լիներ, ծովի հետ կսկսեր մի գլուխ բլբլալ ու ոչինչ չէր ստացվի: Երբ երկուսն, ովքեր իրար հասկանում են, սկսում են զրուցել, դադարում են միմյանց տեսնել, իսկ ծովն ուղիղ քեզ էր նայում: Հեչ կպատկերացնե՞իր..

Լսել եմ տղայիդ ես կորցրել, բայց դա հաստատ չէ: Ասում են, կորել է, հա, ու լսել եմ, որ անտառում: Մի շաբաթից ավել է բնությունը հետ չի վերադարձնում որդուդ, ուրեմն հավանել է նրան, ուրեմն կխնամի:

Հիմա մի բան կասեմ, որ գուցե ծիծաղես, բայց՝ պահիր ցավդ հետոյի համար, երբ ձերոնց հետ կլինես: Հույսդ ծովի վրա չդնես, շարունակելու է ալիքները պարզած քեզ դիտել, երկինքը աչքերիդ հետ է խաղ անելու, բայց դրանից ավելին քեզ չի տալու, իսկ տեղացիները նայելու են քեզ ու օտարության հոտն առնեն: Քիթը փակած են շրջելու, դու էլ նեղվես ու ցավդ ծանրանա:

Գիտես, անցորդ, որ օտար տարածքում ցավ զգալը, նույնն է, թե ներսիդ ողջ եղած-չեղածը սկսի անդադար ճղճղալ ու դու չհասկանաս քո ներսի լեզուն: Ցավ զգալուց պիտի կողքիններիդ հետ լինես ու պիտի ձերոնք մյուս սենյակում լինեն:


Գնալուց երկնքին կնայես հավասարը հավասարի պես: Արդեն որդուդ վերջնական կորստից հետո, գիշերային ինչ-որ ժամի, կարող ես մի թեթև ներողություն խնդրել իրենից:

Comments

Popular posts from this blog

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն ...