Skip to main content

Բնոյի մասին


Բնոն անհուսորեն այսուայնկողմ է շրջվում, աչքերն անկախ իրենից տարածության մեջ գլորվելով մեկին են փնտրում ու դեմքիս չեն նայում՝ ամաչկոտ միտումնավորությամբ։ Բնոյի ձեռքին տոպրակ կա, մեջը՝ տորթ, ասել է Բնոն, բայց ես վստահ չեմ տորթի հարցում։ Տոպրակի մեջ շատ հանգիստ կարող է ինչ-որ մեկի փշրված գանգը լինել կամ մի քանի չօգտագործված հագուստ՝ հին ու մաշված։ Երեկ Բնոյի ծնունդն էր, բայց այսօր Բնոն ավելի հասուն չէ, քան երեկ, որովհետև դեռ ամաչում է խոսելիս աչքերիս մեջ նայել. եկել կանգնել է դիմացս ու Էլենի մասին է խոսում։ Աչքերի մեջ կայծեր կան, իհարկե չեմ տեսնում, բայց կայծերից մի քանիսն իմ կողմն են ուղղված, ներկայությունը զգում եմ։  

- Հավանու՞մ ես Էլենին,- հարցնում եմ

- Չէ,- դեմքիս չնայելով ասում է, հետո ոգևորությամբ ցույց տալիս հեռախոսի մեջ պահած սքրինշոթը՝ Էլենի խիստ մտերմիկ շնորհավորանքով։ Բնոն խառնված է իրար Էլենի զգացմունքների մասին լիարժեք տեղեկություն չունենալուց, ու այդ անիմացությունից ամաչում է հետս խոսի.

- Էլենն ընկեր ունի,-  ասում է:

Բնոյի իրական անունը հանկարծակի ասելը նրան հունից հանում է, անընդհատ շարժվում է ու աչքերը փախցնում.

- Ինձ Կարեն մի ասեք էլի

Հետո խնդրում է, որ Էլենին զանգեմ։ Անկախ ինձնից սկսում եմ Բնոյի հետ Արսենից խոսել, ասում է, որ իրենք մտերիմ են, ես էլ պահը չեմ կորցնում ու Արսենին հաճոյախոսում եմ Բնոյի մոտ՝ հույս ունենալով, որ հաճոյախոսությունս ինձ համար անծանոթ ճանապարհներով, ամեն դեպքում, կհասնի հասցեատիրոջը։

- Կզանգե՞ք Էլենին

Հետո Բնոյին ասում եմ, որ ինքն ագրեսիվ է դարձել, Բնոն չի ժխտում, անհասկանալի բացատրություն է տալիս,  իսկ ես նայում եմ աչքերի մեջ ու չեմ կարողանում կապ հաստատել այնտեղ ինձ նայող արտացոլանքիս, ուրեմն նաև՝ Բնոյի հետ:

- Բնոները մեջս շատացել են,- ասում է

- Ինչ որ բանի պակաս ունես,- հիմար արտահայտություն եմ անում:

Հետո Բնոն էլի խնդրում է, որ զանգեմ Էլենին։ Տեսնում եմ, թե ոնց է կամաց-կամաց Բնոն հեռանում իմ մտերմության դաշտից:

Թեքվում եմ մի կողմ, Բնոն քթի տակ ցածրաձայն զրուցում է Էլենի հետ, հետո դուրս է գալիս՝ առանց ինձ նայելու:

Երևի Բնոն մյուս տարի ավելի հասուն կլինի՝ անցնում է մտքովս: Բնոն մյուս տարի հաստատ ավելի հասուն կլինի՝ վերջնական հաստատում եմ ու գնում  փայտե աստիճաններ, որ պատրաստվեմ ելույթիս:

Comments

Popular posts from this blog

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն ...