Skip to main content

մխիթարություն


Անցորդ ես, անծանոթ աշխարհից: Երեկ պատահաբար տեսա, որ ծովի ալիքներին այլ կերպ էիր նայում. մի տեսակ ծովից հայացքդ անմիջապես երկինք էր սահում: Տեղացիները երբեք այդքան համեստ հայացքով չէին դիտի հորիզոնը: Իսկ երկնքին ընդհանրապես չէին նայի, միայն, որ կողքի կանգնածին եղանակի մասին հուշեն: Իսկ դու, անցորդ, մտածում էիր, թե ջուրը քեզ չի հասկանում: Ձեռքդ անգամ դողում էր ծովին դիպչելիս:

Ասում ես` ինձ այստեղ չեն հասկանում, այստեղ ծով կա ու մի աշխարհ երկինք` գլխավերևումդ: Այստեղ, ասում ես, ալիքների լեզուն հասկանում են, ու բողոքում ես, որ մի քանի ժամ շարունակ սոված ու ծարավ թափառել ես ափով մեկ, բայց ջուրն այդպես էլ չի հասկացել, որ ցավի տեր ես, որովհետև ջուրը չի հասկացել քո լեզուն: Գիտես չէ, նրանք, ովքեր հասկանում են իրար, զրկվում են միմյանց տարբերությունը զգալու հաճույքից, դիմացինի յուրահատկությունը դադարում է ընկալվել, իսկ ծովը հասկանում էր, որ դու օտար ես և ուրիշ: Նա քեզ դիտում էր:

Եթե քո փոխարեն, ասենք, Պարոն Հ.ն լիներ, ծովի հետ կսկսեր մի գլուխ բլբլալ ու ոչինչ չէր ստացվի: Երբ երկուսն, ովքեր իրար հասկանում են, սկսում են զրուցել, դադարում են միմյանց տեսնել, իսկ ծովն ուղիղ քեզ էր նայում: Հեչ կպատկերացնե՞իր..

Լսել եմ տղայիդ ես կորցրել, բայց դա հաստատ չէ: Ասում են, կորել է, հա, ու լսել եմ, որ անտառում: Մի շաբաթից ավել է բնությունը հետ չի վերադարձնում որդուդ, ուրեմն հավանել է նրան, ուրեմն կխնամի:

Հիմա մի բան կասեմ, որ գուցե ծիծաղես, բայց՝ պահիր ցավդ հետոյի համար, երբ ձերոնց հետ կլինես: Հույսդ ծովի վրա չդնես, շարունակելու է ալիքները պարզած քեզ դիտել, երկինքը աչքերիդ հետ է խաղ անելու, բայց դրանից ավելին քեզ չի տալու, իսկ տեղացիները նայելու են քեզ ու օտարության հոտն առնեն: Քիթը փակած են շրջելու, դու էլ նեղվես ու ցավդ ծանրանա:

Գիտես, անցորդ, որ օտար տարածքում ցավ զգալը, նույնն է, թե ներսիդ ողջ եղած-չեղածը սկսի անդադար ճղճղալ ու դու չհասկանաս քո ներսի լեզուն: Ցավ զգալուց պիտի կողքիններիդ հետ լինես ու պիտի ձերոնք մյուս սենյակում լինեն:


Գնալուց երկնքին կնայես հավասարը հավասարի պես: Արդեն որդուդ վերջնական կորստից հետո, գիշերային ինչ-որ ժամի, կարող ես մի թեթև ներողություն խնդրել իրենից:

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը