Skip to main content

Երեք թե չորս ցնդաբանություն՝ գրված աշխարհագրության ժամին


ռադիո լսել

փորձել բռնել ալիքը

մի կերպ կուլ տալ ծամծմված բառերը

ետ դառնալ

համոզել բոլորին մի բան՝

որում ինքդ էլ համոզված չես

մի քայլ առաջ գնալ

մի երկու անգամ ցատկել

երբեք էլ չիմանալ ճանապարհիդ ուղղությունը

հավատալ, որ երկիրը պտտվում է

փորձել ինքնուրույն պտտվել երկրին հակառակ

պտտվել բոլորին հակառակ

բոլորին դեմ լինել

ոտքերի տակ պահել չորսական կոշտուկ՝

վեցամսյա պատմությամբ

սրտում ունենալ ոչ մեծ չափսերի

մի ագռավ

օրը երկու անգամ կերակրել իրեն

կծել հարևանի փոքրիկ շանը

խայթել ծաղիկների վրա բզզացող մեղուներին

ժամը վեցից հետո թքել ուղտերի վրա

թքել բոլորի ու ամեն ինչի վրա

կոկորդում կուտակված փոշին հետ տալ ամեն մի պատահածի երեսին

հետո՝ չորս օր անց հետ պահանջել սեփական փոշին

ավելի ուշ նաև՝ սեփական կոկորդը

իսկ վերջում արդեն պահանջել ինքդ քեզ՝

փողոցային անցորդից,

մուրացկանից,

սուրճ վաճառող տատիկից

ու դասից փախած

զվռնող լակոտներից

հետ վերադարձրեք ինձ՜ գոչելով

ու երբեք էլ պատասխան չստանալով

երբեմն նաև հանդուրժելով ուրիշների թքածը՝

ձեզ վրա

ու երբեք էլ չիմանալով

որ այդ օրվա

ժամը վեցից հետոյի ուղտը ինքներդ էիք

ու հետո էլի գոռալով

կաղալով

ներելով

կամ չներելով:

Պտտվելով:


 ***

Ամեն ինչ պտտվում է քո շուրջը

աշխարհագրության գրքի վեցերորդ էջը

հայերենի շարահյուսությունը

դիմացիդ հայելին

ներքևի առաստաղը

վերևի հատակը

գրչիդ վերջացած թանաքը

կորած ռետինը

կրծոտած մատիտի ծայրը

սեղանի այն յոթերորդ ոտքը

աթոռի սփռոցը

բաղնիքի դռան վրայի գրությունը

մոխրագույն թղթերը

գորգին վազվզող

աջ-ձախ գնացող

սպիտակ մկնիկը

ներքևի հարևանի աղմուկը՝

քո առաստաղին

վերևի հարկում ապրող

չաղլիկ տիկնոջ ու իր շան հաչոցը՝

քո ոտքերի տակ

կտուրից կաթացող ձյունը

կայծակի լույսը՝ աչքիդ առաջ

ու փոթորիկը՝ ուղիղ թիկունքումդ

կիթառի լարերից մեկի ծլնգոցը

դաշնամուրի ոտնակների ինքնակամ շարժումը

դեպի  ներս բացվող պատուհանի փեղկը

ու պատուհանից դուրս՝

քո սենյակի արացոլանքը

ամեն ինչ պտտվում է քո շուրջը.

բայց իրականում

այստեղի միակ պտտվողը

ինքդ ես:


***

երբ փորձում եք հետ պահել

դեպի անդունդը վազողին,

երբեք չեք մտածում,

որ կանգնեցնելու ուժգին թափքից

դուք էլ կարող եք հայտնվել այնտեղ

երբ փորձում եք կանգնեցնել անդունդը նետվող պատանուն

ու փրկել հանկարծակի պոռթկումից

երբեք չեք իմանա, թե ում պիտի փրկել իրականում

ո՞վ է իրական վտանգի տակ եղածը

տղա՞ն, որը գիտի թե ուր և ինչի համար է գնում,

թե՞ անդունդը, որը երբեք չի իմանա

տղայի մտքինը

ու թե ինչ կդառնա ինքը՝

տղային իր մեջ ընդունելուց հետո:


***

Պապիկս ինձ պատմում էր

որ ամեն օր ութն անց կեսին որսի է ելնում

պատմում էր, թե ոնց է կրակում առյուծների վրա

ոնց է վախեցնում թռչուններին

ոնց է պահպանում գիշերային անտառը

մութ ու չար գազաններից

թե ինչպես են իրեն տեսնելուց հետո բոլորը փախչում

մնում միայն բարի ու լուսավոր կենդանիները

կամ ասենք նապաստակները

նկարագրում էր, թե ոնց է բոլորին շոյում

հերթով, առանց խախտելու կանոնը

առանց որևէ մեկին նեղացնելու

սիրում բոլորին հավասար.

ու երբ պապիկս մահացավ

ես տխրեցի

չէ՞ որ շատ բան էի սովորել իրենից՝

սիրել հավասար բոլորին

չխախտել կանոնները

միշտ հերթ կանգնել

հեռու մնալ մութ ու չար գազաններից

շոյել բարի ու լուսավոր կենդանիներին

ասենք նապաստակներին

շատ բան սովորեցի իրենից

բայց իր մահից հետո

միշտ վախեցա

ութն անց կեսից հետո

մենակ

անտառում լինել: 




***

Առանց աղավաղումների

սև մատիտով

նկարում եմ մի դեմք

վրան ավելացնում եմ այն ամենն


ինչ հարկավոր է

թռչել ու խռմփացնել կարողացող

նորմալ մարդուն...


ականջները դիտմամբ

երկար եմ անում՝

աչքերի շուրջը...


***

Երկրագնդի վրա

կան փոքրիկ գործեր

որոնք միշտ արվելու են

նախքան մայրամուտը

դրանք երբեք չեն վերադառնալու

այնտեղ, որտեղից որ սկսվել էին

ու միշտ կրկնվելու են

գիշերվա լռության մեջ

երբեք չեն դիպչելու

առավոտվա սառը ու վանող օդին

երբեք չեն լվացվելու

ծաղիկների ցողով

ոչ մի անգամ չեն կիսելու իրենց հացը

արևի ու իր բծերի հետ

միշտ ուշանալու են երեկոյան

թռչնային ընթրիքից

ու հասնելու են այն պահին

երբ ընթրիքի զոհն է դառնում

իր երամից առաջինը դուրս մնացածը


դրանք կանհետանան

նախաճաշի վերջին կերակրի հետ միասին

ու միշտ կուշանան:

քանզի այդ փոքրիկ գործերը

կապտավուն ու լուսավոր ամբոխի աչքերի պես

խոստանում են

ու կատարում են իրենց խոստումը

միայն այն ժամանակ

երբ բազմությունն ընտրում է իր ամենավերջին զոհին՝

հենց իր միջից

ու միայն այն դեպքում

երբ որսի ժամանակ

վերջացել է սնունդը:

Այդպիսին են երկրագնդում թափառող

ու միշտ վերջինը տեղ հասնող

փոքրիկ ու մանր գործերը

որոնց արձագանքը միայն լսվում է

գիշերային լռության մեջ

ու ամբոխի աչքերի պես

խաբում է:

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Փոխարինելի

Մահը մի ոտքի վրա կանգնելուց հոգնեց, ձեռքի մանգաղն էլ չկարողացավ հետը քարշ տալ, շորերը պատռվեցին երկար քայլելուց, ծարավեց ու որոշեց մարդկանցից ջուր խնդրել: Հանեց սև թիկնոցը, սև վերնաշապիկն ու տաբատը, մերկ վազեց մայրուղով, որ խղճահարություն առաջացնի: Մահվանը գտան սառած ու կուչ եկած մի աննկատ պանդոկի դիմաց, ներս տարան, պանդոկում աշխատող չաղլիկ տիկինը մահվանը կարմիր պուտիկներով զգեստ հագցրեց, մազերը սանրեց, իր կիսատ օծանելիքից մի փոքր ցանեց վրան ու մահն ուշքի եկավ: Մահվանը դուր եկավ պանդոկն ու իր տեսքը, մահը ձևացրեց, թե չի հիշում իր ով լինելը, մահը ձևացրեց, թե վախենում է մենակ մնալուց, մահը ուրացավ ինքն իրեն, ասաց, որ մահվանից վախենում է: Մահը տեղավորվեց մարդկանց աշխարհում ու իրեն լավ զգաց այնտեղ: Մի անգամ էլ մահն իմ ձեռքն ընկավ, ես նրան տուն տարա, իմ անկողինն իր հետ կիսեցի, միասին ճաշեցինք,  պուտիկավոր զգեստը լվացի, իրեն էլ լողացրի ու հեքիաթ պատմեցի, որ քնի: Մահվանը դուր եկավ հեքիաթն ու վերջնականապես որոշեց մնալ ինձ մոտ: Բայց երկար չէր կարող թաքնվել, առանց մահվան մարդիկ չէին կարող,մարդ