Skip to main content

վտանգը


Ես երբեք միստիկ կերպարների պակաս չեմ ունեցել, ոմանք գոյություն են ունեցել երևակայությանս շնորհիվ,  մի մասը` իրականում, որոնց ես եմ այլ կերպ ընկալել: Ամենատպավորիչը մանկությանս ամենամեծ վախերից մեկն էր. դա երկարավուն, եռանկյունու տեսք ունեցող, գորշ գույնի կոճակ էր, որը պոկվել էր մամայիս վերարկուից ու դրված էր ոչ պակաս միստիկ դարակում: Այնտեղ պահում էինք սուր գործիքներ, ավելորդ իրեր, լիքը ուրիշ կոճակներ, մեխեր և այլն: Քանի դեռ կոճակը չէր պոկվել մամայիս վերարկուից, ինձ համար ոչինչ չէր ներկայացնում: Պոկվելուց հետո կոճակի անունը Վտանգ դրեցի ու մամայիս խնդրում էի, որ Վտանգին չթողնի դուրս գա դարակից: Մաման սկզբից չէր հասկանում ինչի մասին եմ խոսում, հետո, երբ ցույց տվեցի կոճակը, ծիծաղեց: Վտանգին ես գրեթե ամեն օր տեսնում էի երազումս, թե ինչպես է դարակից դուրս գալիս, կոպիտ բարձրակրունկներ հագած քայլում դեպի իմ սենյակը ու ողջ ճանապարհին խոսում: Վտանգի աչքերը մեծ էին ու կոճակի երկու կողմերի վրա տեղադրված` իրարից բավականին հեռու: Հիշում եմ նաև երկար թարթիչները: Վտանգն ուներ մանր ու արագաշարժ ոտքեր, ուրիշ ոչինչ չուներ:

Վտանգի մեջ ամենաշատը տպավորվել է իր գորշ ու տհաճ գույնը, մեկ էլ ձայնը` բարձր,  համարյա գոռոցին հասնող: Վտանգը բերան չուներ, ես չեմ հիշում, թե արդյոք երբևէ ինքս ինձ հարցրե՞լ եմ` այդ դեպքում ինչպես է նա խոսում:

Ամեն գիշեր, Վտանգը դարակից դուրս էր գալիս, իր կոշիկները ուժեղ զարկելով հատակին` քայլում էր դեպի իմ ննջարան ու անընդհատ խոսում էր, ոչ մի անգամ նա լուռ չէր մնում: Երբ դուռը բացում էր, քայլերը դանդաղեցնում էր ու դա ինձ ավելի էր սարսափեցնում: Վեր թռնելուց հետո դեռ մի քանի վայրկյան ես տեսնում էի Վտանգին` մեծ ու գորշ կոճակի տեսքով, հետո այն փոքրանում էր ու աստիճանաբար անհետանում:

Առավոտյան ես ռիսկ չէի անում բացելու դարակն ու տեսնելու` արդյոք Վտանգն այնտեղ է, թե ոչ,  որովհետև ես վախենում էի իրենից, նույնիսկ արթուն ժամանակ,  նույնիսկ առավոտյան, երբ բոլորը տանն էին:

Վտանգն իմ մանկության ամենամեծ վախերից մեկն էր, մինչև հիմա ինքը ու իր պես մի քանի կոճակ պառկած են այդ դարակում, Վտանգն էլ ինձ չի սպառնում, ես նույնիսկ մոռացել եմ իր ձայնը, այնքան վաղուց չի երևացել:

Ժամանակի ընթացքում  կոճակից վախն անցավ, բայց վտանգից վախը` մնաց:

Հիմա ափսոսում եմ, որ վախենում էի Վտանգից: Ես կուզեի, որ Վտանգը մի անգամ էլ ինձ այցելեր ու մենք մարդավարի խոսեինք: Ես սիրով ընկերություն կանեի իմ մանկության բոլոր վախերի հետ:

Comments

Popular posts from this blog

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

Թալիսմանը

Իրեն արգելված է եղել ումպ անել դեղին բաժակից՝ դրված սեղանի ուղիղ կենտրոնում, մեջն էլ սպիտակ փոշի, որ վայրկյաններ առաջ ունեցել է իր հստակ կլորավուն ձևը: Իրականում բաժակն այնքան դեղին չի եղել, որքան դեղնած։ Ժամեր առաջ սպիտակ ու ոսկեգույն համադրությամբ ատամներ ունեցող բժշկուհին ասել է իրեն, որ արգելում է հենց այդ բաժակից օգտվելը. - Քոնը չէ, Էլիզա, հազար անգամ ասացի, այն մյուս հիվանդին է պատկանում: «Հենց առաջին պահից, երբ տեսա այդ անհասկանալի գույն ունեցող սեղանը, միանգամից ներսս մթնեց»,- այսպես է պատմել Էլիզան, երբ բժշկուհին հարցրել է, թե ինչու է ապշած նայում այդ կենցաղային հասարակ առարկային: Էլիզան, երբ տեսել է հիվանդանոցում իրեն հատկացված տեղը, միանգամից բացականչել է, որ իրեն դուր է գալիս ու պալատի փոխարեն անընդհատ դղյակ բառն է օգտագործել, երևի սխալմամբ, իսկ հետո Էլիզայի պալատի անունը հենց դղյակ էլ մնացել է` նույնիսկ բժիշկների շշուկներում: Երբ բժշկուհին այդ օրն իրեն զգուշացրել է ոչ մի դեպքում չօգտվել սեղանին դրված բաժակից, Էլիզան խելոք գլխով է արել բժշկուհուն ու այդ պահին աչքը պատահաբար...