Skip to main content

Մարմիններ


Մեզ հարկավոր չեն կիսամութ սենյակ, սպիտակ փոշոտ ծածկոց ու անկողին, մոմեր, փոքրիկ սեղան...այսօր մեզ խոտերն էլ կբավարարեն:

Այսօր ինձ հոգիներ հարկավոր չեն, այսօր ես մարմին եմ ուզում՝ իսկական, տաք, փոքրիկ ու սպիտակ մարմին:

 Ու ես քեզ եմ ընտրում:

 Կգրկեմ քեզ, կնետեմ խոտերի մեջ, հետո կվերանամ: Դու ինձ թույլ կտաս, չէ՞:

    Այս անգամ ես հոգի՛ս կթողնեմ սառը հատակին ընկած, չէ՞ որ այսօր մարմինների օրն է:    

Այսօր մեզ հոգիներ հարկավոր չեն:

Կհամբուրեմ սպիտակ պարանոցդ: Ես դա այնքան վաղուց էի ցանկանում: Մատներով կշոյեմ մարմինդ, հետո եղունգներով կճանկռեմ: Ես սովոր չեմ մարմիններ շոյել, սովոր չեմ խաղալ մարմինների հետ: Եղունգներով միշտ հոգիներ եմ ճանկռել, դրա համար էլ այսօր կոպիտ եմ մարմնիդ հետ: Կհամբուրեմ սպիտակ փոքրիկ մարմինդ: Դրան էլ սովոր չեմ: Ես միշտ հոգիներ եմ համբուրել: Դրա համար էլ մարմինդ համբուրելուց կդողամ:

Ու այսօր դու ընդամենը մարմին ես: Աչքերդ էլ ինձ հարկավոր չեն: Դրանք հոգուդ հետ միասին կպահես, որ չտեսնեմ:

Կպառկես խոտերի մեջ, լուռ, այնպես, որ չլսեմ շնչառությունդ: Կսկսեմ պարանոցից:

Եթե ցավեցնեմ քեզ, ձայն չհանես: Եթե անգամ արյուն գա...լուռ կդիմանաս:

Այսօր ես չեմ խոստանում նուրբ լինել: Ախր գիտես, որ մարմինների հետ խաղալ չգիտեմ: Ես միշտ հոգիների հետ եմ խաղում: Խաղում եմ ու ցավեցնում բոլորին: Դրա համար էլ նրանք ինձ չեն սիրում, վախենում են ինձնից: Իսկ դու ինձնից չես վախենում, չէ՞...ախր մարմին ես՝ իսկական, տաք, սպիտակ:

Մատներս կանցնեն մարմնիդ վրայով, ես ոչ մի կետ բաց չեմ թողնի:

Այսօր ես մարմին եմ, դու էլ ես մարմին: Իսկ մարմինները լի են մեղավոր մտքերով, դրա համար էլ նրանց չեն սիրում հոգիները:

Իսկ հոգիս հատակին ընկած է, գուցե մեռած է... չգիտեմ:

Բայց ինձ դուր է գալիս մարմին լինելը, մատներով այլ մարմին շոյելը, մի փոքրիկ սպիտակ պարանոց համբուրելը:

Դա ինձ այնքա՜ն է դուր գալիս:

Մեզ հոգիներ հարկավոր չեն, այսօր մենք մարմիններն ենք:



Comments

  1. Մարի ջան, դու իսկապես տաղանդավոր ես: Դա ասում եմ ոչ թե որպես հայր, որն իր դստեր ամեն գրվածք լավն է համարում, այլ որպես սովորական ընթերցող, ով քիչ թե շատ ստանդարտից դուրս ստեղծագործություններն ընկալելու բնածին հնարավորություն ունի: Դու հիանալի ես գրում: Էլի եմ քեզ ասում. կուլ չգնաս գորշ զանգվածի ճաշակին և կարծիքին: Անհատականություն ես, ուրույն մտածելակերպով և հոգեբանությամբ: Ես հպարտանում եմ քեզանով: Ու մի բան էլ: Դու էնքան կաս, որ քո շնորհիվ երջանիկ լինեմ կամ քո պատճառով՝ դժբախտ: Դու ինձ հասկացար: Կարծում եմ, որ միշտ կլինի առաջինը: Ապրես, աղջիկս:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...