Skip to main content

Posts

աղետներ

Պատմեք ինձ ձեր աղետների մասին, մարդիկ: Ես ոչինչ այլևս չեմ պահանջի ձեզնից: Ես կթաքնվեմ ծառի հետևում, արմատների մեջ, այնպես, որ չերևամ, ես կծածկեմ դեմքս դեղնավուն կտորով: Ինձ հետ կիսեք ձեր աղետները: Դրանք ինձնից ու սենյակիս պատերից բացի ոչ ոք չի տեսնի: Ես դրանք մեխերով ու ասեղներով լցված զարդատուփում կպահեմ, որ ոչ ոք կարիք չունենա բացելու ու տեսնելու, թե ներսում ինչ կա: Դուք ինձ ասեք ձեր աղետների տեղը: Ես կգնամ ու կգտնեմ իրենց, առանց աղերսանքները հաշվի առնելու մազերից քարշ կտամ իմ տարածք ու կկողպեմ: Ես նրանց սովամահ կանեմ: Ես կխեղդեմ նրանց բարձով: Ես ձեր աղետների հարցերը  կլուծեմ, միայն թե ասեք ինձ նրանց տեղը, մարդիկ: Դեն նետեք անհանգստությունը, հոգնությունն ու ցրտահարված լինելու զգացումը: Դատարկ ձեռքերով, բաց ուսերով նստեք իմ սենյակում:  Ես ձեր աչքին չեմ երևա: Պատի անկյունից լուռ կլսեմ ձեր պատմությունը: Հետո կիջնեմ  ներքև, եթե կարիք լինի: Կամ ընդհանրապես կչքվեմ սենյակից: Ինձ ձեր աղետներն են հարկավոր, ձեր պատմություններն այդ աղետների մասին: Ես խոցելի ու թույլ պատմությ...

Վերջինը

Ես տզրուկների ու խաբեության աշխարհից եմ: Ես տզրուկների ու խաբեության մասին երգողին երբեք չեմ տեսել: Ես նրան էլ չեմ հավատում: Ես էլ չեմ վախենում, որ թունավոր սունկ տեսնելու դեպքում չեմ կարողանա ուտելու ցանկությունս զսպել: Պատուհանից եկող լույսն էլ ինձ չի սպառնում: Իմ քաղաքին հաղթեցին խոտերն ու ծառերը, շրջափակեցին այն ու սկսեցին առանց դադարի վեր սլանալ: Որորի ծիծաղն եմ մոռացել Դեղին, կնճիթավոր խավարասերները գլխիս մեջ բողոքեցին եղանակային պայմաններից: Չկարողացա ոչինչ ձեռնարկել: Ես արժեք չունեմ, որովհետև ինքս ինձ ասեղնագործել եմ քաղաքիս ուսերին` շատ անհարմար դիրքով, որ նույնիսկ ջուր չեմ կարողանում խմել: Սիրածս ռեժիսորները, գրողներն ու հերոսները սպանեցին ինձ, որ էլ իրենցից ավել բան չպահանջեմ: Արյուն խմելու համար էլ պիտանի չեմ, մարդկանցից ջերմություն խլելու համար շատ ծեր եմ: Իմ գլխում լսվող ձայնը մերժեց իմ գոյությունը, ուրվականս ինձ չհավատաց, երևակայական ընկերներս դադարեցին տեսնել ինձ: Մտածել եմ ու հասկացել, որ մահվան մեջ միստիկա չկա: Մահվան մեջ նույնիսկ մահն ինքը չկա: Իմ հիվանդությունն անու...

Փոխարինելի

Մահը մի ոտքի վրա կանգնելուց հոգնեց, ձեռքի մանգաղն էլ չկարողացավ հետը քարշ տալ, շորերը պատռվեցին երկար քայլելուց, ծարավեց ու որոշեց մարդկանցից ջուր խնդրել: Հանեց սև թիկնոցը, սև վերնաշապիկն ու տաբատը, մերկ վազեց մայրուղով, որ խղճահարություն առաջացնի: Մահվանը գտան սառած ու կուչ եկած մի աննկատ պանդոկի դիմաց, ներս տարան, պանդոկում աշխատող չաղլիկ տիկինը մահվանը կարմիր պուտիկներով զգեստ հագցրեց, մազերը սանրեց, իր կիսատ օծանելիքից մի փոքր ցանեց վրան ու մահն ուշքի եկավ: Մահվանը դուր եկավ պանդոկն ու իր տեսքը, մահը ձևացրեց, թե չի հիշում իր ով լինելը, մահը ձևացրեց, թե վախենում է մենակ մնալուց, մահը ուրացավ ինքն իրեն, ասաց, որ մահվանից վախենում է: Մահը տեղավորվեց մարդկանց աշխարհում ու իրեն լավ զգաց այնտեղ: Մի անգամ էլ մահն իմ ձեռքն ընկավ, ես նրան տուն տարա, իմ անկողինն իր հետ կիսեցի, միասին ճաշեցինք,  պուտիկավոր զգեստը լվացի, իրեն էլ լողացրի ու հեքիաթ պատմեցի, որ քնի: Մահվանը դուր եկավ հեքիաթն ու վերջնականապես որոշեց մնալ ինձ մոտ: Բայց երկար չէր կարող թաքնվել, առանց մահվան մարդիկ չէին կարող,...

Ագռավապատում

Պոյի դուռը թակում են, մինչ ինքը զբաղված էր գլխում կատարվածն ուսումնասիրելով: Իրեն թվում է, թե թակողը իր հարևանի վաղուց մոռացված տղան է կամ իր աննրբանկատ բարեկամներից մեկը: Պոն ջղայնացած փորձում է հիշել, թե ում ինչ է պարտք ու ինչ են ուզում իրենից գիշերվա կեսին: Հետո Պոն հիշում է, որ ինքը հարևաններ ու բարեկամներ չունի ու սկսում է մի քիչ վախենալ: Թակոցից չէ, այլ այն փաստից, որ ինքը մենակ է տարածքում: Հետո Պոն թակոցը գցում է քամու, պատուհանի ու էլի շատուշատ անշունչ առարկաների վրա, իր գլխին է նույնիսկ կասկածում: Բայց իրականում ինքը ցրում է իր մտքերը ու ինքն իրեն մխիթարում է, որովհետև հենց սկզբից էլ հասկացել էր, որ իրեն շատ ծանոթ, հին ու սովորության համաձայն մեկ բառ արտասանող ընկեր-ագռավն է թակոցի հեղինակը: Պոն երևի մոռացել էր, որ իր սևուկ ընկերը աներես է ու եթե ինքը դուռը չբացի, թակոցը մինչև վաղը չէ մյուս օրվա առավոտը չի դադարի: Մեկ էլ Պոն մտածում է, թե էլ ինչ հնարի այս անգամ, որ իրեն կարդացողը չհասկանա, որ ագռավն ու ինքը շատ վաղուցվանից են ճանաչում իրար, ու որոշում է իր մոռացած սերերից մե...
Թռչունները մոռացան չվել տաք երկրներ Կորցրին օրացույցն ու քարտեզը Ոմանք` կողմնացույցը Առանց հետ նայելու` գլուխներն առաջ պարզած Հերթից դուրս ընկան Որ նոր հերթեր գոյացնեն   Ծաղիկները կորցրին իրենց անունները Մոռացան գույների ու հոտերի իմաստը Որ այդքան ժամանակ փորձում էին մտապահել Մոռացան ջրի կարևորության մասին Ու ամբողջ մարմնով հողի մեջ մտան Ոչ նորից ծաղկելու պայմանով Մարդիկ սպասելու փոխարեն Իրար վրա բարձրացան,  որ դիտեն լուսաբացը Ոչ ոք չուզեց ներքևում մնալ Բացի մեզնից Որովհետև չհասցրինք ժամանակին վազել Երկիրը հակառակ ուղղությամբ պտտվեց Դատարկ հատակը թողնելով մեզ Հիմա դրա ժամանակը չէ Եթե մեռնենք Մեզ ոչ ոք չի տեսնի

Հեթերաքսիդը

Կարմիր գլխարկավորը, մի բաժակ ռոմը ձեռքին, մոտեցավ սեղանի անկյունում մտքերի ծանրության տակ կուչ եկած Գայլատամին, ձեռքը մտերմիկ դրեց նրա ուսին, ուղղություն վերցրեց դեպի նրա փողկապն ու խռպոտ ձայնով արտաբերեց. – Քեզ ծանո՞թ է հեթերաքսիդը Գայլատամը, առանց տեղից շարժվելու, մռթմռթաց. – Զենքի նոր տեսա՞կ է – Ցավոք չէ, հիվանդություն է Գայլատամի աչքերը կայծկլտացին։ – Փայլուն է, և ի՞նչ հիվանդություն է – Երբ մի բան ես ուզում ասել, բայց լրիվ հակառակն ես ասում – Գիտակցաբար՞ – Չէ, առանց քո կամքի, հիվանդությունը հենց դրանում է կայանում – Ու խելքիդ ի՞նչ փչեց ինձ պատմել դրա մասին – Դե այն օրը,- փնչացրեց Կարմիր գլխարկավորը,- երբ քեզ ասացի, որ սիրում եմ – Ըհն, չասացիր է, զառանցեցիր – Հենց էդ է որ կա: Հեթերաքսիդը Գայլատամը շարունակեց կուչ գալ, գլխարկավորը մի կում արեց ռոմից ու նորից մտերմիկ ձեռքը դրեց Գայլատամի ուսին. – Հանկարծ չնեղվես։

Դատարկ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ներսում ենք

Ստվերները` Պատի անկյունում Դատարկ սենյակի Դատարկ նույնիսկ այն ժամանակ Երբ մենք ներսում ենք Փողոցը մեզ ներս շպրտեց Ու մենք աննկատ լինելու Բարդույթ ունեցանք Պետք չի տխրել Դա մարդկանց է բնորոշ Մարդկանց` ստվերներից զուրկ Տեսանելի ու բաց Քեզ չի՞ թվում, որ մենք թաղանթով ենք պատված Նույնիսկ ոչ թափանցիկ թաղանթով Սարդոստայնի թելերի պես Առանց ելքի հնարավորության` Դեպի մարդկանց աշխարհ Մենք անկողնու տակ ապրող հրեշն էինք Նույնիսկ այն ժամանակ, երբ ինքներս փոքր էինք Ու մամային խնդրում էինք մեզ պաշտպանել Մենք ստվեր ենք Չհիշվող, անդեմք Մեզ լքել են բոլոր նրանք Ովքեր մի ժամանակ Նույն պատի անկյունում Մեզ պես ստվերներ էին [this is a sad day in the shadowsphere]

Սենյակը

Երևի պետք չէր սենյակ մտնել: Սեղանի ծայրին դրված բաժակին երբեք չեմ ների: Ինչ կարիք կար հենց այդ ժամին ու հենց այդ դիրքով, առանց որևէ մեկի միջամտությամբ, իրեն նետեր փայտե հատակն ու կտորների բաժանվեր: Եղբայրս քնած էր պատշգամբում: Չէ, գիշեր չէր, կարիք չկա երևակայությունն աշխատեցնելու: Սարսափ պատմությունն իրականում գիշերվա կարիք չունի, ոչ էլ մի խումբ ուրվականների: Ընդամենը սենյակ, բաժակի կտորտանքներ ու քուն մտած եղբայր: Պատշգամբից դեպի սենյակ բացվող պատուհան, որտեղից ցուրտ էր փչում: Ապակու կտորները այսուայնկողմ թռան ու տեսադաշտիցս կորան: Փոքր տարիքում մեզ կարգադրված էր` ցանկացած տեղում կոտրվող իր անմիջապես հավաքել ու դեն նետել: Իսկ ես պահը կորցրի, ուշացա: Կտորներին մոռացած մոտեցա, որ փակեմ պատուհանը, իրականում` ցրտի մուտքը: Բայց պատշգամբի բոլոր պատուհանները փակ էին` իրենց հնարավորության սահմաններում: Ուրեմն ցուրտը՞: Չէ, էլի ուրվականի կամ մի այլ ոգու վրա չգցեք: Սա այդ դեպքը չէ: Ցուրտը փաստորեն…եղբորիցս էր փչում: Չէ, եղբայրս մեռած չէր: Հետաքրքիր է` ինչի՞ց այդպես եզրակացրի, եթե նույնիսկ ...
“Take thy beak from out my heart, and take thy form from off my door” Ճյուղը, որ մտավ աչքդ ու իրեն նկատել տվեց Դարձավ ներքև նայելուդ պատճառը, Վայրէջքը խոստումնալից էր, վայրը` բարենպաստ Ընտրածդ գիրկը` խոցելի ու կաշկանդված բնություն Քեզ կերակրելու, շոյելու, տաքացնելուն ընդունակ Երբեք չբողոքելով սպառվելուց: Ռեզինի պես օրը ձգվեց ու կոճղի մեջ մտավ, Մեջքդ դեմ արած աղվամազերիս ձևացրիր, թե մեռնում ես Քեզ հավատացի ու տեղավորեցի իմ մեջ Որ ներսից կերակրեմ` իմ հաշվին Ո՞վ խելքիդ փչեց, որ ցած իջնես Բացի ճյուղից, բացի ճյուղին պատկանող ծառից Բացի աչքերիցդ, որ չհավանեցին ճյուղին Ու իրեն պատկանող ծառին քարացած Տերևների ողնաշարին փորձեցիր հենվել Խեղդեցին իրենց փշերով ու գոռոզությամբ, Քիթդ վեր պահած քո տեսակի կողքով անցար Թևերի առատությունից շնչահեղձ եղար, Ինձ վրա չկար ոչինչ ամրացված, որ պաշտպանեի ինձ Քո` իմ ողնաշարին հենվելուց Էլ ոչինչ չի դրդի ինձ,  որ քեզ ասեմ` վեր կաց վրայիցս Հոգնել եմ, քեզ չեմ կարող կերակրել Կտուցիդ ուղղությունը փոխիր դեպի նախկին ճյուղը Կամ դեպի մի ուրիշը` ինձ պես Հիմա ձևացնելդ քե...

Հանսը

-Ընդամենը տասը օր,- ասաց բժիշկը, - տասը օր: Հասցրեք լիարժեք ապրել: Հանսը չգունատվեց, չդողած, աչքերը դուրս չպրծան, կոկորդից անհասկանալի հնչյուններ չարտաբերեց, չհարձակվեց բժշկի վրա` նրան ճանկռտելու: Պարզապես փորձեց հասկանալ տասը օրվա տևողությունը, մտքում հաշվարկներ արեց, բժշկի ձեռքը սեղմեց այնպես, կարծես թե ինքը չէր մեռնողը, այլ բժիշկը: Առաջին օրը նրա մտքում ոչինչ չկար. ոչ մի պատկեր, հիշողություն, ցանկություն: Այդ օրը գլխի մեջ ինչ-որ մեկը կրկնում էր միայն երկու բառ` տասը օր: Տասը օր` արձագանքում էին պատերը, տասը օր` երգում էր ժամացույցը, տասը օր` երկիրը պտտվում էր իր առանցքի շուրջը: Երկրորդ օրը գլխի մեջ աղմկող մարդուկի ձայնը կտրվեց: Հանսը մի փոքր վստահություն ձեռք բերեց, դուրս եկավ անկողնուց, քայլեց սենյակով մեկ, երեկոյան կայծակը դիտեց պատշգամբից, փորձեց ժպտալ, որն իհարկե չստացվեց: Երրորդ օրվանից սկսած նա կորցրեց ժամանակի զգացողությունը ու դադարեց հաշվարկները: Ամբողջ փողոցը տակնուվրա արեց, անցորդներին դիտավորյալ արհամարհեց: Դրանով նա փորձեց ցույց տալ, թե որքան մեկ է նրա համար իր մեռնելը...

Գաղտնի տունը

Մեր ծիրանանոցը մեզ համար տիեզերք էր` անսահման մեծ ու խիտ: Այնտեղ բոլոր սեզոններին անելիք ունեինք: Ցոգոլի սեզոնին խուլիգանների պես հարձակվում էինք ծառերի վրա, դրա համար ծիրանի սեզոնին պարապ ու սոված էինք մնում: Ցրտերն ընկնելուն պես ավելի քիչ էինք գնում այնտեղ, իսկ եթե թե գնում էլ էինք` միայն բրդյա վերմակով ու  վերարկուով: Պահմտոցի խաղալիս ծառերը մեր ամենահարմար թաքստոցն էին:  Ես այդ ժամանակ Ժ-ին էի սիրում: Ժ-ն երբեմն չէր մասնակցում մեր խաղերին, փոքր եք` ասում էր ու մեծերի հետ տաղավարում ծխելու գնում: Մենք բոլորս կարոտում էինք Ժ-ին, նա մեր բոլորի ասպետն էր: Նրա տան պատերին գյուղի բոլոր աղջիկների անունները փորագրված էին ու սրտիկներով զարդարված: Նա իսկական հերոս էր, քանի որ մի օրում կարողանում էր երկու անգամ սիրահարվել:  Ժ-ն քրոջս էլ էր սիրահարվել, իրենց այգու բոլոր ծաղիկները պոկել էր ու նվիրել նրան: Դրա համար Ժ-ն ծեծ կերավ ու տանը փակվեց մի քանի օրով: Ես համոզված էի, որ մի օր նա ինձ էլ կսիրահարվի, դրա համար ինձ պատեպատ չէի տալիս ու մի կերպ դիմանում էի: Մի օր առավոտյան որոշե...